Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սոֆյա Հովսեփյան. Որոշ մարդիկ էլ ինձ նման ուզում էին դուրս գալ այդ թիմից, բայց իրենց սեղանին դրվեցին փաստեր, ու ասացին` չեք կարող դուրս գալ այս թիմից. «Հրապարակ»

Նոյեմբեր 23,2024 10:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հրապարակի» զրուցակիցը ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն է:

– 2020 թվականի 44-օրյա պատերազմի պարտությունից հետո Դուք, Տաթեւիկ Հայրապետյանը, Գոռ Գեւորգյանը, Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը հեռացաք իշխող թիմից` դուրս եկաք ՔՊ խմբակցությունից: Դուք կոնկրետ դարձաք անկախ պատգամավոր եւ սկսեցիք քննադատել Նիկոլ Փաշինյանին ու նրա վարած քաղաքականությունը: Այժմ իշխանության թիրախում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն է: Նրա նկատմամբ քրեական վարույթ են ուզում հարուցել, երեկ քննիչը նրա հեռախոսն է առգրավել, բայց Աղազարյանը դիմադրում է` Նիկոլ Փաշինյանի հրամանով վայր չի դրել իր պատգամավորական մանդատը: Երբ Դուք հեռացաք Փաշինյանի թիմից, ի՞նչ իրավիճակ էր, սպառնալիքներ, հետապնդումներ, քննադատություններ կայի՞ն: Տպավորություն է, որ 20 թվին իշխող ուժն ավելի լավ վիճակում էր, այսքան կարմիր գծեր չէին հատել դեռ:

– Նրանք հենց առաջին օրվանից էին իմ դեմ պայքարում խմբակցության ներսում: Նրանք տարբեր ժամանակներում փորձել են իմ մանդատը վերցնել, բայց հասկացել են, որ վայր չեմ դնելու, քանի որ մանդատն իրենք չեն տվել ինձ, ես եմ ստացել ժողովրդի քվեն: Գիտեին, որ դառնալու եմ անկախ պատգամավոր, տարբեր միջոցներով փորձում էին կանխել ինձ:

Պնդում էին, որ Արցախի հանդեպ ունեն մի դիրքորոշում, որն իմ դիրքորոշումից բացարձակապես չի տարբերվում, եւ իրենք անձնվիրաբար ծառայում են հայրենիքին: Սա այն կարեւոր հարցն էր, որի պատճառով ես խմբակցությունում էի մնում, հակառակ դեպքում ավելի վաղ կդառնայի անկախ: Հետո, երբ հերթով որոշեցինք դուրս գալ Փաշինյանի թիմից, այո, նրանցից որոշների դեմ ոչինչ չարեցին, բայց կոնկրետ իմ դեպքում շատ մեծ ինֆորմացիոն պատերազմ սկսեցին, իմ դեմ կեղծիքներ սկսեցին տարածել, ստեր, թե իբր ես ընդդիմությունից գումար եմ վերցրել, որ Քոչարյանն ինձ համար տներ է գնել, որ ես ծախվել եմ Քոչարյանին, ու այդպես շարունակ: Փորձեցին տեւական ժամանակ, ինչպես ասում են` օդերս փակել, բայց ոչինչ չկարողացան անել: Ինչո՞ւ չկարողացան․ մի պարզ պատճառով, իմ դեմ ոչ մի «կրիմինալ» չգտան: Ոչ մի միջամտություն չէի անում, մարդկանց ծանոթով գործի չէի տեղավորում, հարազատներիս լավ պաշտոնների համար չէի միջնորդում, կաշառք չէի վերցնում:

Այսօր մեղադրում են Հովիկ Աղազարյանին ինչ-ինչ բաների մեջ եւ ունեն իրենց ձեռքին փաստեր։ Իմ ու Աղազարյանի տարբերությունն այն է, որ ես ոչ մի նման հարցի մեջ չեմ եղել ու չկամ: Որոշ մարդիկ էլ ինձ նման ուզում էին դուրս գալ այդ թիմից, բայց իրենց սեղանին դրվեցին փաստեր, ու ասացին` վեր ընկեք տեղներդ, չեք կարող դուրս գալ այս թիմից: Օրինակ` Լուսինե Բադալյանի պարագայում այդպես եղավ: Նրանք էլ, բնականաբար, այս իշխանության հետ գործարքի գնացին: Հովիկ Աղազարյանը որ այսօր խոսում է, նախ հոխորտալուց առաջ պետք է մաքուր կենսագրություն ունենար: Քանի որ նա իրապես չունի մաքուր կենսագրություն, եղավ այսպես: Իմ պարագայում էլ էին ասում, որ ես փող եմ վերցրել, բայց սուտը երկար կյանք չի ունենում, ոչ մի բան չկարողացան ապացուցել, մարդիկ հիմար չեն ու տեսնում են` ով ով է: Հովիկ Աղազարյանը հազար ու մի հարցի մեջ թաթախված է` կեղծիքներ, միջնորդություն, օրենքների խախտում, ինչ ասես…. անգամ կռիվներ: Այսօր նա խոսում է, իշխանությունն ազատ կարող է ճնշել ե՛ւ իրեն, ե՛ւ իր ընտանիքի անդամների վրա անգամ կարող է գործեր հարուցել: Եվ ոչ միայն Աղազարյանի դեպքում, այլեւ էլի շատերի:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930