Բաքվում երեկ ավարտվեց ՄԱԿ-ի՝ կլիմայական փոփոխությունների համաժողովը՝ COP-29-ը: Թե ինչու էր ադրբեջանական հանցավոր իշխանությունը, Իլհամ Ալիևի գլխավորությամբ, այդքան փափագում հասնել համաշխարհային նշանակության հերթական համաժողովը հենց Բաքվում անցկացնելուն, մեկ անգամ չէ, որ արդեն նշել ենք: Ինքնին հասկանալի է, որ Իլհամ Ալիևն այդպիսով ցանկանում էր նախ ընդգծել իր ղեկավարած պետության՝ Ադրբեջանի կարևորությունը, բարձրացնել իր երկրի միջազգային հեղինակությունը:
Զուգահեռաբար, նման միջազգային ու ներկայացուցչական համաժողով հյուրընկալելով՝ Ալիևը ձգտում էր «ջրել» կամ օրինականացնել մարդկության դեմ գործած հանցագործությունները, մասնավորապես՝ Արցախի բնիկ հայության դեմ ռազմական ագրեսիայի զուգորդմամբ ու ֆիզիկական բնաջնջման սպառնալիքով ուղեկցված էթնիկ զտումը, Արցախի քաղաքական ու պետական գործիչների պատանդառումն ու ապօրինի կալանավորումը, Արցախի հայության պատմամշակութային ժառանգության հուշարձանների ոչնչացումը կամ ձևախեղումը: Սա, եթե չխոսվի Ադրբեջանի նման դինաստիական բռնապետությունում առկա խայտառակ վիճակը՝ մարդու իրավունքների ու ժողովրդավարության տեսանկյունից:
Այդուամենայնիվ, նկատենք, որ այդ համաժողովով Ալիևը լիարժեքորեն չհասավ այն ամենին, ինչին ձգտում էր. համաժողովը այնքան էլ ներկայացուցչական չստացվեց, քանի որ բազմաթիվ երկրների ղեկավարներ զանազան պատրվակներով հրաժարվեցին Բաքու մեկնել: Ի լրումն, հայության հանդեպ Ալիևի ու նրա ռեժիմի գործած հանցանքների, նաև՝ հենց Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների մասին բազմաթիվ հայտարարություններ ու անդրադարձեր եղան: Բայց, ավելի շատ՝ «հասարակական սեկտորից»: Մասնավորապես, կարելի է հիշատակել միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերի հայտարարությունը. «Մենք, որպես աշխարհի քաղաքացիներ, պարտավոր ենք ուշադրություն դարձնել մարդու իրավունքների կոպիտ խախտումների վրա, որոնք իրականացվում են Ադրբեջանի կողմից ոչ միայն Արցախի ժողովրդի դեմ՝ էթնիկ զտումների տեսքով, այլև հայկական ու ադրբեջանական քաղբանտարկյալների շարունակվող ազատազրկման եղանակով: Անկասկած, Իլհամ Ալիևը բռնապետ է: ՄԱԿ-ի կողմից դա ցավալի որոշում էր՝ Բաքվին ու Ալիևին թույլատրելը, որ անցկացնեն COP-29 համաժողովը…
Մենք պետք է հասկանանք, թե ինչպիսին են հասանելի քաղաքական տարբերակները՝ Ալիևի վրա տարաբնույթ ճնշումներ իրականացնելու համար: Բռնապետները քաղբանտարկյալներին երբեք իրենց հոժար կամքով ազատ չեն արձակում: Նրանք դա անում են միայն այն ժամանակ, երբ ստիպված են լինում անել, երբ գիտակցում են, որ բացասական հետևանքների կբախվեն, եթե դա չանեն: Այդ իսկ պատճառով, մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն է, ինչպիսին էլ որ չլինի մեր դերը, անել ամենը, ինչ կարող ենք՝ Ալիևի վրա ճնշում գործադրելու համար, ինչը նրան կստիպի փոխել ուղղությունը»:
Կարդացեք նաև
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում