Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում են գրել ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
Սեփական դիմումի համաձայն պաշտոնից հեռացել է նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։
2018 թվականի մայիսից վարչապետի պաշտոնը ստանձնած Փաշինյանի կառավարությանն օրինաչափ են իրավապահ համակարգի կառույցների ղեկավարների պաշտոնանկությունները կամ պաշտոնաթողությունները։ «Փաստերի ստուգման հարթակը» ի մի է բերել Փաշինյանի կառավարման տարիների՝ վերոհիշյալ կառույցների պաշտոնանկությունները։
Ոստիկանություն
Կարդացեք նաև
Վալերի Օսիպյանը Փաշինյանի հետհեղափոխական կառավարության առաջին ոստիկանապետն էր, որը պաշտոնավարել է 2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի սեպտեմբեր, այսինքն՝ մոտ 15 ամիս։
Նույն թվականի սեպտեմբերին Արման Սարգսյանը նշանակվել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ամիսներ անց՝ ոստիկանապետ․ Սարգսյանը ուժային կառույցի ղեկավարի պաշտոնից հեռացել է 2020 թվականի հունիսին՝ չպաշտոնավարելով նույնիսկ մեկ տարի։
Ուժային կառույցը ամենից շատ ղեկավարել է Վահե Ղազարյանը՝ պաշտոնավարելով 2020-ի հունիսից մինչև 2024 թվականի նոյեմբեր՝ սկզբում որպես ոստիկանապետ, ապա՝ ոստիկանության բարեփոխումների շրջանակում կառույցի ձևավորման արդյունքում 2023-ի հունվարին նշանակվել է որպես ներքին գործերի նախարար։
Ի դեպ, նույն բարեփոխումների արդյունքում ՆԳՆ կազմում գործող ոստիկանությունն այժմ ղեկավարում է Արամ Հովհաննիսյանը, որը նաև ՆԳՆ տեղակալն է։
Այսպիսով, այս կառույցում Փաշինյանը կառավարման վեց տարում 3 ղեկավար է փոխել, որից մեկը նաև գրեթե մեկ տարի ՆԳ նախարար էր։
Պետական եկամուտների կոմիտե
Կառույցը 2018 թվականի մայիսից ղեկավարել է Դավիթ Անանյանը․ նա հրաժարական է տվել 2020 թվականի հունիսին։ Ապա կառույցի ղեկավար է նշանակվել Էդուարդ Հովհաննիսյանը, որն այդ պաշտոնից հեռացել է 2021 օգոստոսին։
ՊԵԿ ղեկավարի պաշտոնը Փաշինյանի կառավարությունում ամենից երկարը զբաղեցրել է Ռուստամ Բադասյանը՝ 2021 թվականի օգոստոսից մինչև 2024 թվականի դեկտեմբեր։
Փաստացի, ՊԵԿ-ում ևս Փաշինյանը կառավարման վեց տարում 3 ղեկավար է փոխել։
Քննչական կոմիտե
Փաշինյանի կառավարման օրոք կոմիտեն ունեցել է երկու ղեկավար․ առաջինը ՔԿ ղեկավար է նշանակվել է Հայկ Գրիգորյանը՝ 2018 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի դեկտեմբեր, ապա Արգիշտի Քյարամյանը։
Նանե ՄԱՆԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակսւմ»