Լրահոս
Օրվա լրահոսը

Արմագեդոնից ոչ ոք չի շահի

Նոյեմբեր 23,2024 10:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մեր սերունդն այժմ ականատես է համաշխարհային մասշտաբով երկրորդ տեկտոնիկ փոփոխություններին: Առաջինը, բնականաբար, Խորհրդային Միության եւ ամբողջ «սոցիալիստական ճամբարի» փլուզումն էր: Հայաստանում «Ղարաբաղ» կոմիտեն, իսկ այնուհետեւ Երրորդ Հանրապետության իշխանությունն այդ՝ քաոտիկ թվացող գործընթացներում կարողացավ ճիշտ կողմնորոշվել, առաջին հերթին հասնելով նրան, որ Թուրքիան համեմատաբար «չեզոք» մնա,  եւ պայմանավորվելով Ռուսաստանի հետ: Արդյունքում մենք, բազմաթիվ սխալներով, զոհերով ու զրկանքներով հանդերձ, այդ հորձանուտից դուրս եկանք եթե ոչ հաղթած, ապա գոնե՝ ողջ:

Բայց «ստատուս քվոյի» ժամանակահատվածն այս անգամ երկար չտեւեց, եւ 2010-ական թվականներից «տեկտոնիկ շերտերը» դարձյալ սկսեցին շարժվել: Այս անգամ Ադրբեջանը կարողացավ ճիշտ կողմնորոշվել՝ դարձնել Թուրքիան իր ռազմավարական, նաեւ ռազմական դաշնակիցն ու հովանավորը եւ պայմանավորվել Ռուսաստանի հետ: Այս անգամ նրանք հաղթող դուրս եկան:

Կյանքը, ինչպես հայտնի է, շարունակվում է: Կարեւոր է անցած տասնամյակների զարգացումներից ճիշտ հետեւություններ անել: Ոչ միայն մեր, այլեւ ուրիշների փորձից: Օրինակ, հիմա Ուկրաինայի ղեկավարությանը, կարծես թե, թվում է, որ ռուս-ամերիկյան էսկալացիայի, հնարավոր Արմագեդոնի «արանքում» իրենց երկիրը կարող է շահել: Դա, իմ կարծիքով, սխալ հաշվարկ է՝ տերությունների միջեւ պատերազմի մարտադաշտ դառնալը դժվար թե օգուտներ բերի: Պարզ է, որ Ուկրաինայից շատ բան կախված չէ՝ դա ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի «բազարն» է: Բայց ինչպես մեզ սովորեցնում են ստոյիկները, գոնե մենք՝ տվյալ դեպքում խոշոր տերություն չհանդիսացող երկրներս, պետք է վստահ լինենք, որ արեցինք մեզնից կախվածը:

Փաշինյանի հաշվարկը նույնպես, իմ կարծիքով, սխալ է: Նա ակնկալում է, որ Ռուսաստանը ջախջախվելու է, կործանվելու է, մասնատվելու եւ վերանալու է: Վարչապետի «արեւմտամետ» խոսնակները հենց դա՛ են ամեն օր ասում տարբեր եթերներով: Բայց նման բան տեղի չի ունենա՝ նաեւ այն պատճառով, որ այդպիսի նպատակ չի դրել այդ երկրի հետ հակամարտող Արեւմուտքը: Նաեւ քիչ հավանական է, որ տեսանելի ապագայում Ռուսաստանում հաստատվի ժողովրդավարական ռեժիմ: Հետեւաբար, դարձյալ այդ երկրի հետ  պայմանավորվելու անհրաժեշտություն է առաջանալու՝ որքան էլ պուտինյան ռեժիմը «ոչ համակրելի» լինի:

Երբ նման բաներ եմ գրում, սովորաբար տակը մեկնաբանություններ եմ կարդում՝ «բայց չէ՞ որ Ռուսաստանը վատն է, իսկ Ամերիկան՝ լավը»: Կամ՝ հակառակը: Դրան պատասխանեմ «Գարնան 17 ակնթարթներից» նախկին նախարար Կրաուզեի խոսքերով՝ «Քաղաքականությունը չի ենթադրում Քրիստոս եւ Նեռ հասկացությունները: Քաղաքականությունն ուժերի փոխհարաբերություն է»: Ավելացնեմ՝ հատկապես արտաքին քաղաքականությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930