Լրահոս
Օրվա լրահոսը

Այս պայմաններում նույնիսկ ՀՆԱ-ի կրկնապատկման մասին խոսելն է անիմաստ․ «Փաստ»

Նոյեմբեր 23,2024 09:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նիկոլ Փաշինյանը իշխանափոխությունից հետո խոստանում էր, որ Հայաստանում շատ շուտով «տնտեսական հեղափոխություն» է տեղի ունենալու։ Իսկ 2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում խոստանում էր ստեղծել մինչև 1 մլն 500 հազար աշխատատեղ, լուծել 2 մլն 500 հազար մարդու զբաղվածության հարց, վերացնել աղքատությունն ու Հայաստանը ոչ միայն դարձնել արդյունաբերական երկիր, այլև 15-ապատկել Հայաստանի ՀՆԱ-ն։ Հասկանալի է՝ սրանք մեկ-երկու տարվա մասին չեն, բայց իրականում 5-6 տարին բավական ժամանակ էր գոնե որոշակի դրական դինամիկա արձանագրելու համար։ Բայց ամեն ինչ գնում է հակառակ ուղղությամբ: Ճիշտ է՝ երկու տարի, արտաքին գործոնների ազդեցությամբ պայմանավորված, բարձր տնտեսական աճ ունեցանք, բայց ներկայում տնտեսությունը վերադառնում է իր նախկին վիճակին։

Պատահական չէ, որ 2024 թ. երկրորդ եռամսյակից սկսած տնտեսական աճի ցուցանիշը նվազել է շուրջ 2 անգամ։ Իսկ հաջորդ տարվա համար խոստացված առնվազն 7 տոկոս աճի փոխարեն բյուջեի նախագծի հիմքում դրված է ընդամենը 5,6 տոկոս աճ, այն էլ մեծ հաջողություն կհամարվի, եթե գոնե այդ խոստումն իսկապես իրագործվի։ Հայաստանի տնտեսությունն այնպիսի մեծ կախվածության մեջ է դրվել արտաքին գործոններից, որ դրանց փոփոխությունը կարող է նաև շատ մեծ բացասական ֆոն ստեղծել Հայաստանի տնտեսության համար։ Ուստի այս պայմաններում նույնիսկ ՀՆԱ-ի կրկնապատկման մասին խոսելն է անիմաստ։ Ինչ վերաբերում է աշխատատեղերի ստեղծման խնդրին, ապա դրա համար անհրաժեշտ էր բարենպաստ պայմաններ ստեղծել բիզնեսի գործունեության համար։ Չէ՞ որ ամենաշատ աշխատատեղերն ապահովում է հենց բիզնեսը։

Բայց իշխանություններն իրենց քայլերով ու օրենսդրական նախաձեռնություններով մի կողմից՝ բիզնեսի ներկայացուցիչների համար անընդհատ վարչարարական դժվարություններ են ստեղծում, հարկային տեռորի են ենթարկում, մյուս կողմից՝ անընդհատ իրավապահ «մահակն» են պահում նրանց գլխավերևում. քրեական վարույթների, կալանքների պակաս չկա։ Ամեն տարի իշխանությունները մտածում են, թե ինչ նոր հարկատեսակներ ու տուգանքների տեսակներ կարող են գործի դնել ինչպես տնտեսվարողների, այնպես էլ քաղաքացիների վրա՝ նրանց դարձնելով «տուգանքի մատերիալ»։ Տնտեսական և հարկային ոլորտը համակարգողներն այդպիսով փորձում են ցույց տալ, թե կոշտ միջոցներով պայքարում են ստվերի ու հարկերից խուսափելու դեպքերի դեմ, բայց այս պարագայում բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց հետ փոխկապակցված անձանց կարողություններն աստղաբաշխական կերպով աճում են։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930