Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջափակման օրերին արցախցի Վովան միջազգային երաժշտական մրցույթում հաղթել է՝ առցանց կատարումով

Նոյեմբեր 23,2024 13:00

Մարինան եւ Իգորը երեք երեխաների հետ ապրում էին Արցախում մինչեւ տեղահանումը։ Երբ սկսեց շրջափակումը, Մարինայի մեծ որդին` 13-ամյա Վովան Երեւանում էր։ Անհանգստությունն ու տագնապը սկսեցին անցակետը փակելու հենց առաջին օրը. ինչպե՞ս է երեխան միանալու ծնողներին։

Արցախ, Մ․ Գալստյանի ընտանեկան արխիվից

Ոչ ոք չէր պատկերացնում, որ ամեն բան այդքան կլրջանա։ Մտածում էին, թե խուճապ առաջացնող հերթական փորձերից մեկն է։ Հետո մարդիկ սկսեցին մեծ քանակությամբ ապրանքներ գնել եւ լարվածությունը մեծացավ: Հացը սկսեցին տրամադրել ըստ շնչի, ըստ ընտանիքի անդամների թվի։

Արցախ 20232թ., Արցախցիներին տրամադրվող կես հացը

«Երբ հերթի մեջ կանգնած էինք, մի պահ նայում էի երկնքին ու մտածում էի` հիմա բոլորի երեխաները քնած են, իսկ մեր երեխաները գիշերվա 3-ին կանգնած են հացի հերթի մեջ, որ գոնե կես կտոր հաց վերցնեն եւ ուտելու մի բան ունենան»,-հուզված պատմում է արցախցի կինը։

Արցախ, 2023թ․, հացի հերթեր

Շրջափակման ժամանակ արցախցիների ֆեյսբուքյան խմբում մարդիկ փոխանակում էին ապրանքներ, կտրոններ՝ ում ինչ պետք է։ Վարունգի, լոլիկի, խնձորի կիլոգրամը 2000-2500 դրամ էր:

Արցախ 2023թ., շուկայի գնաճը

Չնայած Արցախից հասնող տագնապալի լուրերին եւ հրապարակումներին, 13-ամյա Վովան ցանկանում էր միանալ ընտանիքին։ Անցակետը փակվելուց երկու ամիս անց միայն նա կարողացավ Կարմիր խաչի միջոցով տեղափոխվել Արցախ։ Դրանից հետո ստացավ երաժշտական մրցույթին մասնակցելու հրավեր։ Պետք է մեկներ Ֆրանսիա, բայց այլեւս անհնար էր անցնել ադրբեջանական հենակետը։

«Դիմեցինք Կարմիր խաչին, որ տեղափոխեն Երեւան, ուղարկեն Ֆրանսիա, նորից հետ բերեն, բայց Վովային մերժեցին: Խնդրեցինք, տնօրենը խոսեց Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ ու մեր պայմաններից ելնելով ընդառաջեցին, թույլ տալով մրցութային համարը ներկայացնել առցանց»,-պատմում է Մարինան։

Արցախ 2023թ., Վովան իր դաշնամուրի ուսուցչուհու հետ

Չնայած վատ ինտերնետին եւ ընդհատումներին, Վովան զբաղեցրեց առաջին տեղը եւ ստացավ մրցույթի Գրան պրին։ Դա միակ մխիթարանքն էր շրջափակման ժամանակ։ Հետո սկսեցին տեղահանությունն ու դժբախտությունները։ Մարինայի ամուսինը զոհվում է 2023թ. սեպտեմբերին, ադրբեջանական լայնածավալ հարձակման ժամանակ։ Նա 27 տարվա զինծառայող էր, ՊԲ սպա։

Սպա Իգոր Գալստյանը, Մ. Գալստյանի արխիվից

«Երբ զանգում էի ամուսնուս ու չէր պատասխանում, ասում էի՝ տուն արի, պատասխանում էր՝ էդտեղ, որ 3 երեխա ունեմ, բա էստեղ քանի՞ երեխա ունեմ: Զինվորների մասին էր մտածում»,-ասում է 3 երեխաների մայրը:

Այժմ Մարինան երեք անչափահաս երեխաների հետ ապրում է Երեւանում։ Վովան սովորում է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։

Գլխավոր լուսանկարում՝ Վովան իր դաշնամուրի դասերին

Հեղինակներ՝

ԻԳՈՐ ՆԻԳՈՅԱՆ,

ԷԴԻՏԱ ՔԱՄԱԼՅԱՆ,

ՍԱՐԳԻՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ։

Բրյուսովի պետական համալսարանի Լրագրության բաժնի երրորդ կուրս։

«Առավոտ» օրաթերթ
22.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930