Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիվանագիտությունը ծառայություն է, որը պահանջում է խիստ կարգապահություն»

Նոյեմբեր 23,2024 12:30

«Գիտական Արցախ» պարբերականի 2024 թվականի 3-րդ (22-րդ) համարում տպագրվել է անչափ ուշագրավ մի հոդված. ԵՊԲՀ օտար լեզուների ամբիոնի դասախոս, ԵՊՀ եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի հայցորդ Վարդուհի Ղուկասյանի «Դիվանագիտական դիսկուրսի լեզվահաղորդակցական առանձնահատկությունները» վերտառությամբ գիտական հոդվածը (հայերեն):

Հեղինակն անդրադառնում է միջազգային փաստաթղթերին, վերլուծում դրանք, բացահայտում դիվանագիտական փաստաթղթերին բնորոշ լեզվական եւ լեզվահաղորդակցական առանձնահատկությունները, դիվանագիտական հաղորդակցության լեզվական միջոցները. «Դիվանագիտական փաստաթղթերը կարելի է բաժանել երկու մեծ խմբի՝ ներքին եւ արտաքին (Демьянков 2002)։ Պետությունների դիվանագիտական փաստաթղթերի զգալի մասը ներգերատեսչական բնույթ ունեն։ Մեկ այլ կատեգորիա են ներկայացնում այն փաստաթղթերը, որոնց միջոցով պետությունների միջեւ գրավոր պաշտոնական հաղորդակցություն է իրականացվում եւ արտահայտվում պետության դիրքորոշումն այս կամ այն հարցի վերաբերյալ: Նշյալ փաստաթղթերը գրվում են դիվանագիտական լեզվով: Ինչպես հետեւում է անվանումից, դա այն լեզուն է, որով իրականացնում են պաշտոնական դիվանագիտական հարաբերությունները եւ վարում են բանակցությունները: Այն ներառում է արտահայտություններ, կաղապարներ եւ հատուկ տերմիններ, որոնց ամբողջությունն էլ հենց համընդունելի դիվանագիտական բառապաշարն է: Դիվանագիտական ոճը պետք է առաջին հերթին առանձնանա պարզությամբ եւ հստակությամբ»:

Ըստ հեղինակի. «Այստեղ անընդունելի է որպես անհատ հանդես գալ, քանի որ դիվանագետը կառույցի ներկայացուցիչ է եւ ունի հասարակական դիրք: Այս գործընթացում դիվանագետի կարծիքն ու անձնային որակները հետին պլան են մղվում (Wheeler 2018): Այսպիսով, դիվանագիտությունը ծառայություն է, որը պահանջում է խիստ կարգապահություն, եւ ցանկացած դիվանագիտական փաստաթուղթ պետք է արտահայտի պետության շահերը եւ տեսակետը»:

Նշվում է, որ դիվանագիտական փաստաթղթերը կարող են նախատեսված լինել սեփական կառավարության կամ մեկ այլ պետության ներկայացուցիչներին փոխանցելու համար։

Հեղինակն անդրադառնալով միջազգային փաստաթղթերին, նկատում է, որ գործնականում երկրի «շահերի պաշտպանություն» հասկացությունը հաճախ վերափոխվում է իրենց գործընկերների նկատմամբ վերահսկողություն հաստատելու խնդրի. «Հետեւաբար, դիվանագիտական դիսկուրսին բնորոշ է մտաշահարկման տարրը՝ հասցեատիրոջ գիտակցության վրա ներգործությունը, իսկ դիվանագիտական հաղորդակցությունը մտաշահարկային երկխոսություն է, որը ենթադրում է զրուցակցի քողարկված կառավարումը, հասցեատիրոջ գործունեության կարգավորումը, նրան անհրաժեշտ գործողությունների դրդելը՝ ներշնչելով այդ գործողությունների անհրաժեշտությունը կամ դրանց տեղին լինելը հատուկ նշույթների միջոցով, այսինքն՝ բացահայտորեն, ինչպես նաեւ անուղղակիորեն՝ տերմինների հարանշանակության, դիսկուրսի տոնայնության, գնահատողական բառապաշարի ընտրության միջոցով (Терентий 2010)»:

Հոդվածում խոսք է գնում դիվանագետների կողմից բառօգտագործման սահմանների մասին, հեղինակի գնահատմամբ. «լրացուցիչ», «պատահական» բառերի բացակայությունը դիվանագիտության լեզվի պարտադիր պայմանն է, փոխարենը, գրավոր լեզուն լի է գրքային, պաշտոնական բառապաշարով, բայց եւ. «Այնուամենայնիվ, անհնար է լիովին բացառել խոսակցական բառերի ներթափանցումը դիվանագիտական հաղորդակցություն»:

Հեղինակը միջազգային փաստաթղթերից որպես օրինակ մեջ էր բերել Կամերունի նախկին նախագահ Փոլ Բիյանի՝ շնորհավորական ուղերձը Ռիշի Սունակին՝ Միացյալ Թագավորության վարչապետ եւ Պահպանողական կուսակցության առաջնորդ ընտրվելու կապակցությամբ: Հեղինակը գրում է. «Վերեւում՝ փաստաթղթի մեջտեղի հատվածում, տեսնում ենք Կամերունի զինանշանը, ձախ անկյունում գրված՝ Կամերունի Հանրապետություն (The Republic of Cameroon), իսկ աջում նշված է, թե այն երբ է գրվել: Առաջին հանգամանքը, որը հարկ է մատնանշել, տեքստը շարադրված է առաջին դեմքով, որը, ինչպես նշվեց վերեւում, բնորոշ է նման փաստաթղթերի ոճին: Ինչ վերաբերում է նախաբանին եւ վերջաբանին, փաստաթուղթը սկսվում եւ ավարտվում է քաղաքավարական դիմելաձեւերով. …Mr Prime Minister; …To the Right Honօurable Rishi Sunak։ Բուն հատվածի առաջին մասում, տվյալ պաշտոնին նշանակվելու կապակցությամբ շնորհավորելիս, Փոլ Բիյան օգտագործում է sincere and warm ածականները՝ ավելի ջերմ եւ մտերիմ երեւալու համար: Նա նաեւ նշում է Նորին Մեծություն թագավոր Չարլզ III-ի անունը՝ շեշտելու եւս մեկ անգամ Ռիշի Սունակի նշանակված պաշտոնի կարեւորությունը: Երկրորդ մասում Փոլ Բիյան, օգտվելով առիթից, ցանկանում է էլ ավելի ամրապնդել երկու երկրների միջեւ գոյություն ունեցող դիվանագիտական կապը՝ այն անվանելով բարեկամական եւ համագործակցային …

Բառապաշարային տեսանկյունից նկատում ենք պաշտոնական լեզու՝ հարուստ դիմելաձեւերով, ինչպես հարիր է նմանատիպ փաստաթղթերին…

Ուղերձը ավարտվում է անձնական նոտային բնորոշ քաղաքավարական դիմելաձեւով՝ …accept, Mr Prime Minister, the assurances of my highest esteem: Ներքեւի հատվածում արդեն տեսնում ենք ստորագրությունը եւ թե ում է ուղղված ուղերձը»:

Այս օրերին, երբ հայ դիվանագետները միավորումներ են ստեղծում, հանդես են գալիս ակտիվ հասարակական դիրքորոշումներով, հայտարարություններով, խորհուրդ կտայի, ամբողջությամբ ծանոթանալ «Գիտական Արցախ» ամսագրում տպագրված այդ հոդվածին, ուր հեղինակը հանգել էր հետեւյալին. «Դիվանագիտական դիսկուրսում լեզվական տեսանկյունից օգտագործվում են հաղորդակցման տարբեր ռազմավարություններ եւ մարտավարություններ: Քանի որ խոսքի ներգործության լեզվաբանական վերլուծության հիմնական խնդիրն առնչվում է խոսողի ռազմավարությունների եւ նրա տրամադրության տակ եղած լեզվական բոլոր միջոցների ուսումնասիրմանը, որոնցով պայմանավորված է նրա՝ հաղորդակցական նպատակին հասնելը, ապա դիվանագիտական դիսկուրսի ուսումնասիրությունն անհնար է առանց հաղորդակցության վերլուծության»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Նկարը՝ Արցախի Երիտասարդ Գիտնականների միավորման ՖԲ էջից

«Առավոտ» օրաթերթ
22.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930