Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարության դեմ դատերն աճում են

Նոյեմբեր 23,2024 12:00

ՀՀ վարչական դատարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դեմ այս տարվա տասն ամիսներին եղել է 18 հայց:

Նախորդ տարիներից փոխանցվածներին ու մինչեւ տարեվերջ հնարավոր հայցապահանջներին կանդրադառնանք հետագայում: Իսկ եղածի ուսումնասիրությունը պարզեց հետեւյալը. կան մի քանի հայցադիմումներ, որոնցով հայցվորները պահանջում են պարտավորեցնել նախարարությանը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ մշակել եւ շրջանառել (Գրիգորի Հակոբյան, Հայկ Միքայելյան): Այս գործերով հայցվորները միաժամանակ միջնորդում էին կիրառել հայցի ապահովում:

Գ. Հակոբյանը սովորում է քոլեջներից մեկի 4-րդ կուրսում եւ սահմանված կարգով պետք է նրան տրամադրվեր տարկետում պարտադիր զինվորական ծառայությունից, սակայն նրա տվյալներն առկա չեն ՀՀ Կառավարության համապատասխան որոշման մեջ: Ի պատասխան դիմումի՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը հայտնել է. «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման գործընթացը կարգավորվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի 5.1-րդ մասով, ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու եւ տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» N 430-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի եւ որոշման Հավելված 2-ի պահանջները` մինչեւ 2023 թվականի նոյեմբերի 1-ը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն պետք է ներկայացվեր պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ձմեռային զորակոչի ենթակա արական սեռի ՀՀ քաղաքացիների տվյալները` առանձին փաթեթներով` ըստ սահմանված ձեւաչափի: Հաշվի առնելով վերոգրյալը` տեղեկացնում եմ, որ Ձեր տվյալները,… քոլեջի կողմից չեն ներկայացվել սահմանված ժամկետում եւ ձեւաչափին համապատասխան, հետեւաբար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից Ձեր տվյալները չէին կարող ընդգրկվել 2023 թվականի ձմեռային զորակոչի ՀՀ կառավարության որոշման մեջ»: Այսինքն՝ հայցվոր Գ. Հակոբյանը դատարան ներկայացված պահանջով չի դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը եւ 08.02.2024 թվականի թիվ 04/18.2/3881-2024 գրությունը ոչ թե վերաբերում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ մշակելը եւ շրջանառելը մերժելուն, այլ պարունակում է տեղեկատվություն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից հայցվորի տվյալները 2023 թվականի ձմեռային զորակոչի ՀՀ կառավարության որոշման մեջ չներառելու պատճառի մասին: Շտկումներ անելու նպատակով այն վերադարձվել է:

Իսկ ահա Հ. Միքայելյանի հայցադիմումն ընդդեմ նախարարության՝ հայցվորին գիտության, կրթության, մշակույթի, արվեստի եւ սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու հիմքով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու որոշման նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ: ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ ՀՀ կառավարությունը ներգրավվել են սույն վարչական գործով դատավարության մեջ որպես երրորդ անձ, նախնական դատական նիստի օրը հայտնի է. 2025 թվականի հունվարի 21:

Երկու հայցադիմում ունեն կրթության փորձագետները: Սերոբ Խաչատրյանի եւ Արսեն Թավադյանի հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության՝ 01.07.2024 թվականի թիվ 1169-Ա/2 հրամանը՝ «Հասարակագիտություն 8» առարկային վերաբերող մասով, վերացնելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ, գալիք տարվա՝ 2025 թվականի փետրվարի 4-ին նշանակվել է նախնական դատական նիստ:

Նախարարության դեմ հնչեղներից էր թերեւս «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի եւ ուսուցիչ Տիգրան Գրիգորյանի հայցադիմումն ընդդեմ նախարարության, որն ավարտվեց այս տարվա հոկտեմբերին: Խոսքը «Հայոց պատմություն» դասագրքի մասին էր, դասագիրքը գործածության երաշխավորված դասագրքերի ցանկից հանելու մասին:

«Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամը եւ Տիգրան Գրիգորյանը պահանջում էին «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2023 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1342-Ա/2 հրամանում փոփոխություն կատարելու մասին» 06.09.2023 թվականի թիվ 1749-Ա/2 հրամանի ընդունման արդյունքում ծագած իրավահարաբերության բացակայությունը ճանաչել: Դատարանը բավարարել է հայցապահանջը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930