«Կա՞ ավելի հաճելի վիճակ, երբ Հայաստանի իշխանությունները բոլոր կարեւոր հարցերում անում են քո ուզածը, բայց բոլոր ձախողումների դեպքում դու պատասխանատու չես «արեւմտամետ իշխանությունների» սայթաքումների համար»,- «Առավոտի» զրուցակիցն է հասարակական, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը:
– Նիկոլ Փաշինյանի սափրվելով եւ կառավարությունում կիրակնօրյա sms-ային պաշտոնանկություններով, Հայաստանի ներքաղաքական կյանքը մտնում է նոր փուլ։ Համենայնդեպս, իշխանությունն իր քայլերն է անում. Ձեր գնահատմամբ, ինչի՞ մասին են այդ քայլերը, ինչի՞ մասին են խոսում հեռացված պաշտոնյաների փոխարեն նշանակումները, ինչի՞ է պատրաստվում ՔՊ-ական իշխանությունը։
– Ամեն իշխանություն ունի իր կյանքի փուլերը: 6,5 տարեկան իշխանությունը դեպի ծերություն գնացող իշխանություն է: Նման իշխանությունները փորձում են հասարակությանը «նոր սկզբի» հույս ներշնչել, ակնարկել, որ «այ հիմա ամեն ինչ կսկսի ճիշտ գնալ»: Բայց դա բացարձակ դատարկ պրոպագանդա է: Եվ երբ դրա դատարկությունը բացահայտ լինի բոլորի համար ու իշխանությունը վերջնականապես մտնի ծերության փուլ՝ նրան այցելելու է մառազմն ու անտրամաբանական բռնությունը: Սակայն մինչ այդ, նրանք աշխատելու են երկու ուղղությամբ՝ հաղթել հաջորդ ընտրություններում ու տոտալ վերահսկողության եւ բռնությունների մեխանիզմներ ստեղծել:
Այս հրաժարականների շքերթում ամենաուշագրավն այն է, որ արդեն առանց սեթեւեթանքի նրանք ցուցադրում են դատական իշխանության նկատմամբ Փաշինյանի տոտալ վերահսկողությունը:
Կարդացեք նաև
– Ընդդիմությունը դիտորդի, լավագույն դեպքում՝ իրավիճակի գնահատողի կարգավիճակում է։ Ընդդիմադիր դաշտն անելիք չունի՞. խոսքը թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ընդդիմությանն է վերաբերում։
– Ընդդիմադիր դաշտը շատ անելիք ունի, բայց դրա համար կազմակերպչական ու փիլիսոփայական ահագին աշխատանք կա անելու: Այս պահին դաշտում չկան նիկոլական նարատիվներին հակակշիռ լուրջ նարատիվներ, չկան նիկոլական կազմակերպություններին հակակշռող էֆեկտիվ կազմակերպություններ… կան ամբիցիաներ, կռիվներ, բամբասանքներ, բայց քաղաքականություն չկա:
Թեեւ որոշ լավ զարգացումներ կան, սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի:
– Ի դեպ, եթե առաջինները սպասում են, այսպես ասած՝ «արտաքին աջակցության», ինչի հույսն արթնացրել է ԱՄՆ-ում նոր եկող վարչակազմը՝ սպասվելիք փոփոխություններով, ինչի՞ են սպասում խորհրդարանից դուրս գտնվող ուժերը։
– Նրանք, ում հետ ես եմ շփվում՝ կամ հեղափոխական ենթակառուցվածքներ սարքելով են զբաղված, կամ ընտրությունների են պատրաստվում: Ինձ հոգեհարազատ են հեղափոխական պատրաստություն տեսնողները, սակայն ուշադիր հետեւում եմ նաեւ ընտրությունների պատրաստվողներին:
Ինձ զարմացնում է մարդկանց զարմանքը այս վիճակի առնչությամբ: Իսկ ինչո՞ւ պիտի այլ կերպ լիներ: Ինչո՞ւ պիտի այս ճահիճի փոխարեն դաշտը եռար, եթե ո՛չ քննարկման ու գաղափարներ ծնելու մթնոլորտ կա, ո՛չ էլ պահանջարկ:
– ԱՄՆ նոր նախագահի՝ Թրամփի խոստումներից մեկն էլ ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցումն էր, ինչի հետ, այսպես ասենք, աշխարհը հույսեր էր կապում, միաժամանակ, մինչ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը Բայդենն ավելի է սրում իրավիճակը, գործընթացներն ավելի արագ փուլ են մտնում. այս առումով ի՞նչ գնահատականներ ունեք։
– Եթե այս հարցի վերաբերյալ փոքրիշատե հուսալի կանխատեսում կարողանայի անել՝ հունվարին դոլարային միլիոնատեր կլինեի: Ես նիկոլական պրոպագանդիստ-փորձագետների պես չեմ կարող անպատասխանատու հայտարարություններ անել՝ հույսով, որ կամ մարդիկ կմոռանան, կամ հետո բեղ կպահեմ (նոր մոդայով՝ կսափրեմ) ու ամեն ինչ կանցնի-կգնա:
– Հետընտրական Վրաստանում ներքաղաքական գործընթացները նորից ակտիվ փուլ են մտնում, Աբխազիայում լուրջ ճգնաժամ կա, Մոլդովայի ընտրություններն էլ կարծես հակադրվում են տրամաբանական գործընթացներին. ի՞նչ զարգացումներ են հնարավոր կովկասյան տարածաշրջանում, ի՞նչ սպառնալիքներ ու սպասելիքներ կան Հայաստանի մասով՝ Նիկոլ Փաշինյանի ազդարարած օրակարգի ֆոնին, երբ ԱԺ ամբիոնից ասաց, որ ՀՀ Անկախության հռչակագիրը ՀՀ-ի չգոյության մասին է։
– Ես մի ցավալի օրինաչափություն եմ տեսել, որ մեզ հայտնի պատմական ողջ շրջափուլում վրացիները միշտ ավելի կենսունակ որոշումներ են կայացնում, քան մենք: Ու դա պարզվում է միայն այն ժամանակ, երբ մենք մի պետություն ենք կորցրած լինում ու առնվազն մի քանի հարյուր հազար հայ: Կյանքը ցույց կտա՝ ո՞վ էր ավելի լավ տեսնում վրացիների համար լավագույն ուղին՝ շատ վիճելի անցյալ, ներկա ու ապագա ունեցող Բիձինա Իվանիշվիլի՞ն, թե ծայրահեղ լիբերալ հավատքի ներկայացուցիչները: Ես տեսնում եմ, որ այժմ ամենաշատը շահում են նրանք, ովքեր մասնագիտացել են աշխարհաքաղաքական փահլեւանության մեջ՝ Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, Հնդկաստան… եւ եթե ես ճիշտ եմ տեսնում՝ ապա վրացիները ճիշտ որոշում են կայացրել:
– Մոսկվան Հայաստանում իշխանություն կփոխի՞. շատերն այդ սպասելիքով են։
– Չեմ կարծում, թե Մոսկվան կարիք ունի Հայաստանում իշխանություն փոխելու: Կա՞ ավելի հաճելի վիճակ, երբ Հայաստանի իշխանությունները բոլոր կարեւոր հարցերում անում են քո ուզածը, բայց բոլոր ձախողումների դեպքում դու պատասխանատու չես «արեւմտամետ իշխանությունների» սայթաքումների համար:
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
22.11.2024