Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչ ունեցվածք են հայտարարագրել ՆԳ նախկին եւ ներկա նախարարները

Նոյեմբեր 23,2024 11:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանը՝ Նիկոլ Փաշինյանի դպրոցական ընկերը, համարվում էր Փաշինյանի մտերիմներից մեկը իշխանական օղակներում: Սակայն Փաշինյանի՝ օրերս մեկնարկած ոչ պաշտոնական քարոզարշավի արդյունքում նա եւս հրաժարական տվեց՝ մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների թվում:

Տեսնենք, թե ի՞նչ ունեցված է հայտարարագրել նախկին ՆԳ նախարարը, որը մինչ այդ ոստիկանության պետն էր:

Համաձայն 2024 թվականին հրապարակված հայտարարագրի, որը վերաբերում է 2023 թվականին, Վահե Ղազարյանը 2013 թվականին նվիրատվություն է ստացել առանձնատուն Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում, որի միանձնյա սեփականատերն է:

Բացի այդ, նա հիպոթեքով բնակարան է ձեռքբերել Երեւանի Կենտրոն համայնքում՝ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ից՝ 35,692 մլն դրամով, որից մնացել է վճարելու 26,5 մլն դրամը: Այս բնակարանի սեփականության վկայականը Ղազարյանը դեռ չունի:

Վահե Ղազարյանն իր անվամբ ունի միայն մեկ տրանսպորտային միջոց՝ 1989 թվականի արտադրության բեռնատար ZIL, որը գնել է 2021 թվականին:

ՆԳ նախկին նախարարի դրամային միջոցները ունեցել են հետեւյալ տեսքը՝ բանկային հաշվին՝ ընդհանուր առմամբ մոտ 500 հազար դրամ, իսկ կանխիկ՝ 12,5 մլն դրամ եւ 8500 ԱՄՆ դոլար:

Թանկարժեք գույք, բանկային ավանդներ նախկին նախարարը չի հայտարարագրել:

Նրա կինը չունի հայտարարագրված ոչ անշարժ գույք՝ որպես սեփականություն, ոչ տրանսպորտային միջոց: Միայն հիպոթեքով վերցրած բնակարան՝ Կենտրոն համայնքում: Այս մի բնակարանը կառուցում է «Արմ Կոնստրակտ 1»-ը, եւ բանկից վերցրած է 22 մլն դրամ: Նախկին նախարարի տիկինն իր դրամային հաշիվներին ունի հայտարարագրված ընդհանուր առմամբ՝ 400 հազար դրամից մի փոքր ավելի գումար, իսկ կանխիկ՝ 2,5 մլն դրամ:

Վահե Ղազարյանի չափահաս դուստրն արդեն չի բնակվում ծնողների հետ եւ չի ներկայացրել հայտարարագիր, բայց 2022-ին ներկայացրել էր հայտարարագիր, համաձայն որի, 2021 թվականին Երեւանի Արաբկիր թաղամասում գնել է բնակարան՝ 31 մլն 850 հազար դրամով, միանձնյա սեփականության իրավունքով: Նույն տարի նա գնել է նաեւ 2016թ. արտադրության Toyota մակնիշի մեքենա՝ 2 մլն դրամով: Որպես հարսանեկան նվեր Վահե Ռոբերտի Ղազարյանի դուստրը ստացել է 34 մլն դրամի եկամուտ, եւս 17 մլն դրամ նվիրել է Ռոբերտ Ղազարյանը, ըստ ամենայնի՝ պապիկը:

Իսկ հիմա անդրադառնանք ՆԳ նորանշանակ նախարարի՝ Արփինե Սարգսյանի ունեցվածքին:

ՆԳ 30-ամյա նախարարը 2024 թվականին հայտարարագրել է 2023-ին վերաբերող իր եկամուտներն ու ծախսերը՝ որպես պաշտոնյա՝ ՆԳ նախարարի տեղակալ:

Ըստ այդմ՝ տիկին նախարարը 2023-ի տարեվերջյան տվյալներով չունի որեւէ անշարժ գույք, անգամ հիփոթեքով ձեռքբերված բնակարան: Սա զարմանալի է, քանի որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց ընտանիքի անդամները համատարած կերպով հիփոթեքային վարկով բնակարաններ են ձեռքբերել վերջին մի քանի տարիների ընթացքում՝ եկամտահարկի վերադարձի օրենքից օգտվելու ցանկությամբ: Փոխարենն ունի 2014 թվականի հունվարի 1-ին գնած 2007 թվականի արտադրության Toyota մակնիշի մեքենա եւ 16 մլն դրամի բանկային ավանդ: Նաեւ՝ 2,6 մլն դրամ եւ 1279 դոլար՝ բանկային հաշվին: Արփինե Սարգսյանի կանխիկ ունեցվածքը 2023-ին կազմել է 34 հազար դոլար, 1,5 մլն դրամ եւ 500 եվրո:

Արփինե Սարգսյանի ամուսինը նույնպես պաշտոնյա է՝ ԲԴԽ Դատական դեպարտամենտի ղեկավարի ֆինանսական հարցերով տեղակալն է: Համաձայն 2024թ. ներկայացրած հայտարարագրի՝ 2023 թ. դրությամբ նա Երեւան քաղաքում՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որպես միանձնյա սեփականատեր տիրապետում է մեկ բնակարանի եւ մեկ ավտոկայանատեղիի, որոնք ձեռք է բերել 2021թ. հունվարի 1-ին՝ որպես նվիրատվություն: Նաեւ ունի 2015թ. արտադրության Lexus մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2018 թվականին: Դրամական միջոցները դիվերսիֆիկացված են՝ եթե բանկային հաշիվների վրա առանձնապես մեծ գումարներ չեն, ապա կրիպտոարժույթով ունի 14 հազար դոլարից քիչ ավելի էլեկտրոնային փող եւ բավականաչափ կանխիկ գումար՝ 5000 եվրո, 28 հազար դոլար եւ 8 մլն դրամ: Ընդ որում՝ հենց այսքան կանխիկ գումար նա հայտարարագրել է նաեւ 2022 թվականին՝ որպես 2021թ. ունեցվածք եւ 2023-ին՝ որպես 2022-ի ունեցվածք: Սովորական մարդիկ այդքան կանխիկ փողի վրայից երկու-երեք տարվա ընթացքում մի քիչ ծախսած կլինեին, բայց պաշտոնյաները, փաստորեն, լավ ուժեղ կամքի տեր են:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930