Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սարգսյան. «Թրամփը, չնայած իր հայտարարություններին, անկանխատեսելի գործիչ է»

Նոյեմբեր 22,2024 23:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր «Սպարապետ» կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված ԱՄՆ եւ Վրաստանի ընտրությունների, ռուս-ուկրաինական եւ մերձավորարեւելյան հակամարտությունների ազդեցությունը Հայաստանի անվտանգային համակարգի վրա» թեմայով աշխատաժողովին մասնակցող քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի մասին ասաց. «Թրամփի ընտրությունը, բնականաբար, լուրջ տեղաշարժեր կարող է իրականացնել ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ աշխարհի ամենատարբեր ուղղություններով: Օրինակ, Չինաստանի հետ կապված բավականին կոշտ գիծ է վարելու: Կարող են լինել առեւտրային, տարիֆային պատերազմներ: Ռուսաստանի մասով, կարծում եմ, ակնհայտ է, որ Թրամփը փորձելու է իրավիճակը մի փոքր մեղմել: Շատ լարված է իրավիճակը, մանավանդ երեկ եւ առաջին օրը լուրջ լարում ֆիքսվեց:

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, այստեղ չափազանց բարդ է կանխատեսելը, որովհետեւ մի կողմից կա Իրանի գործոնը, մյուս կողմից՝ ուկրաինականը եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, որը Թրամփի կողմից առաջ մղվող սցենարներից մեկն է: Համենայն դեպս, այստեղ իրավիճակը բարդանում է: Եթե Իրանի եւ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը մի քիչ ավելի մեղմ լինի այս վարչակազմում, Հայաստանը նույնպես այս կամ այն կողմ մանեւրելու հնարավորություն կունենա»:

Անդրադառնալով միջազգային հարաբերություններում այսօր ամենից շատ տրվող հարցին, թե բոլոր պատերազմները կանգնեցնելու իր հայտարարության ոգով Թրամփը կմիջամտի՞ Ուկրաինա-Ռուսաստան պատերազմին՝ քաղաքագետն ասաց. «Կցանկանա՞ միջամտել, կկարողանա՞ միջամտել եւ որքանո՞վ դա էֆեկտիվ կարող է լինել կոնֆլիկտը կանգնեցնելու տեսանկյունից: Սա իրականում միջազգային իրավիճակ է փոխելու: Ուկրաինական պատերազմի ավարտը լուրջ հետեւանքներ է ունենալու տարածաշրջանի համար, որովհետեւ ըստ էության կունենանք մի իրավիճակ, երբ Ռուսաստանն արդեն լրացուցիչ ռեսուրսներ կունենա, այսպես ասենք, իր պատմական գոտիներով, իր շահերի սպասարկման այն ուղղություններով զբաղվելու, որտեղից վերջին տարիներին օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով դուրս է մնացել: Բայց շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ է անելու Թրամփը Իրանի հետ: Եթե Միացյալ Նահանգներ-Իսրայել եւ այլ ընկերներ կոալիցիայի միջոցով կոշտ գործողություններ լինեն, դա շատ վատ կանդրադառնա նաեւ Հարավային Կովկասի վրա, որովհետեւ գործողությունների մի մասը այստեղ է հասնելու:»

Aravot.am-ի հարցին, եթե ԱՄՆ-ը, այնուամենայնիվ, ցանկանա Իրանի նկատմամբ կոշտ գործողություններ իրականացնել, Ռուսաստանն այդ պարագայում զսպող դեր չի՞ ունենա, քաղաքագետը պատասխանեց. «Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե գործողություններն ինչպե՞ս կլինեն. ուղղակի՞, անուղղակի՞, Իսրայելի օգնությա՞մբ, ամերիկյան ներգրավվածությա՞մբ, թե՞ ուղիղ, ճակատային: Այս պահի դրությամբ դժվար է ամեն ինչ կանխատեսել, մանավանդ, որ Թրամփը, չնայած իր հայտարարություններին, անկանխատեսելի գործիչ է: Դա նույնպես պետք է հաշվի առնել, նաեւ անձնական ու  լրջագույն լոբբիստական ազդեցությունը, որ իր վրա ունի Իսրայելը, ջերմ հարաբերությունները Իսրայելի ղեկավարության հետ: Սա լուրջ միջավայր է ձեւավորում, որտեղ Իսրայելը լուրջ կշիռ ունեցող պետություն, գործոն է դառնալու ԱՄՆ արտաքին քաղաքականության համար»:

Aravot.am-ը հետաքրքրվեց նաեւ, թե նախագահի փոփոխությունը լրջորեն կազդի՞ Անդրկովկասում ԱՄՆ քաղաքականության փոփոխության վրա: «Իհարկե: Գոնե մինչեւ Թրամփը ընդունված էր կարծել, որ համակարգն այնքան իդեալական է աշխատում, որ նախագահը մինչեւ 5-10%-ի ուղղումներ եւ լրացումներ կարող է անել արտաքին քաղաքական օրակարգում, բայց հիմա հասկացանք, որ նախագահը, այն էլ՝ Թրամփի նման համակարգից դուրս նախագահը կարող է լուրջ փոփոխություններ անել արտաքին քաղաքականության մեջ»,-պատասխանեց Սուրեն Սարգսյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930