Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Դանիելյան. «Հայաստանի ՆԳ նախարարությունը որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում»

Նոյեմբեր 22,2024 23:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սպարապետ» կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված ԱՄՆ եւ Վրաստանի ընտրությունների, ռուս-ուկրաինական եւ մերձավորարեւելյան հակամարտությունների ազդեցությունը Հայաստանի անվտանգային համակարգի վրա» թեմայով աշխատաժողովում բովանդակային լուրջ քննարկում ծավալվեց արհեստավարժ զեկուցողների եւ թեմայով շահագրգիռ մասնագետների մասնակցությամբ:

Քաղաքագետ, «Ասպետ» կենտրոնի համահիմնադիր Ստեփան Դանիելյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Միացյալ Նահանգների, նույնիսկ Վրաստանի ընտրությունները, բնականաբար, փոխկապակցված են եւ ազդեցություն ունեն Հայաստանի վրա, որովհետեւ ամբողջ աշխարհը հիմա դեստաբիլիզացված է եւ ցանկացած տեղ կարող է ինչ-որ պատերազմ բռնկվել, որը, հավանական է, որ դառնա նաեւ համաշխարհային պատերազմ: Դրա համար աշխարհում ցանկացած տեղ ինչ-որ կատարվում է, ցանկացած ընտրության արդյունք մեր վրա ազդում է: Մենք գիտենք, թե Հայաստանը ինչ վտանգավոր քաղաքական տարածքում է գտնվում, եւ այդ ամենը իրար հետ փոխկապակցված է»:

Հարցին, թե Հայաստանում վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի իրականացրած քաղաքական ու կադրային տեղաշարժերը ինչ-որ ձեւով կապո՞ւմ է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հետ, պարոն Դանիելյանը պատասխանեց. «Այն տպավորությունն ունեմ, որ գոնե ՆԳ նախարարության առումով Հայաստանն արդեն ուղղակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում: Սա, բնականաբար, կապված է նաեւ աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ: Այսինքն, Հայաստանի ղեկավարությունը ինչ-որ աշխարհաքաղաքական ընտրություն է կատարում այս նշանակումների միջոցով: Համենայն դեպս, ես այդպիսի տպավորություն ունեմ»:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե  կարո՞ղ է պարոն Դանիելյանը հիմնավորել, թե ինչպես է ՆԳՆ-ն արտաքին ազդեցության տակ հայտնվում: «ՆԳ նախարարությունում վաղուցվանից ռեֆորմներ են տեղի ունենում, նոր ոստիկանություն է ստեղծվում: Եվ այդ նոր գործընթացը Միացյալ Նահանգների աջակցությամբ է կատարվում: Պարեկային ծառայությունը եւ այլ փոփոխությունները, կրկնում եմ, Միացյալ Նահանգների ծրագրով է:

Այս կնոջ նշանակումն էլ նախարարի պաշտոնում, որ տեղի ունեցավ արտաքին հարաբերություններով պայմանավորված, ուղղակիորեն կապված է նման ծրագրերի հետ: Նորից եմ կրկնում, Հայաստանի ՆԳ նախարարությունը որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում: Նման պրակտիկա կար եւ Ուկրաինայում, եւ Վրաստանում եւ այլ երկրներում: Նման տեխնոլոգիա կա եւ նույն բանը արդեն իմ տեսակետից, մեզ մոտ է կատարվում»,-պատասխանեց Ստեփան Դանիելյանը եւ հավելեց, որ Հայաստանը գնում է նույն այն ճանապարհով, որը կործանեց վերը նշված երկրները:

«Փոխանակ սեփական շահով շարժվի, հասկանա, թե ինչ վտանգավոր իրավիճակ է, ինքը տարածաշրջանից դուրս գտնվող երկրներ է բերում Հայաստան, ինչը մեր տարածաշրջանի մյուս երկրները դիտարկում են որպես թշնամական քայլ եւ այդ մասին ամենաբարձր մակարդակներով ուղղակի հայտարարում են: Ես չգիտեմ՝ դա գիտակցված է արվում, թե չգիտակցված, որովհետեւ ես այդ գլխի մեջ չեմ կարող մտնել»:

Հստակեցնող հարցին, թե ստացվում է, որ Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը ըստ էության այսուհետեւ պիտի ղեկավարի Հայաստանում ԱՄՆ դեսպա՞նը, Ստեփան Դանիելյանը պատասխանեց. «Կարելի է նույնիսկ այդպես ասել: Հիշում եք, որ կային տեղեկություններ, որ արդեն ՊՆ-ում ներկայացուցիչներ կան»,-պատասխանեց մեր զրուցակիցը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930