Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հեռանալ իշխանությունից. Ավետիք Իշխանյան

Նոյեմբեր 22,2024 22:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Aravot.am-ի զրուցակիցն է «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը

Նիկոլ Փաշինյանը՝ Մանկավարժական համալսարան կատարած իր վերջին այցի ժամանակ կրկին խոսեց, այսպես կոչված, ակադեմիական քաղաքի մասին՝ ասելով․ «Մենք ի՞նչ ենք ուզում, ըստ էության, անել: Մենք ուզում ենք պրոֆեսորադասախոսական կազմի, գիտակրթական ոլորտի, ուսանողների համար այս մեր ընդհանուր «տանը» ստեղծել մի կրթական սենյակ, որտեղ իրենք կարող են կենտրոնանալ իրենց նյութի վրա, և տնտեսական, քաղաքական, սոցիալական աղմուկներն իրենց ուղղակի չխանգարեն»։ Ի՞նչ եք հասկանում այս բնութագրումներից։

-Նախ, եթե հաշվի առնենք, որ  այսպես կոչված, ակադեմիական  քաղաքի  կառուցման ավարտը նախատեսվում է 2028 թվականին, ապա պարզ է դառնում, որ վարչապետ կոչեցյալը բացարձակապես չի պատրաստվում հեռանալ իշխանությունից։ Չէ՞ որ 2026 թվականին ԱԺ հերթական ընտրություններն են և  քպ-ն կարող է կորցնել իշխանությունը։ Սա տեսականորեն, քանի որ վարչապետ կոչեցյալի համար իր և իր ընտանիքի իշխանությունը հավերժ է և նա պատրաստ է ամեն ինչի գնալ, ընդհուպ  քաղաքական սպանություններ, իշխանությունը պահելու համար։ Ինչ վերաբերում է ելույթին, ապա չնայած, վարչապետ կոչեցյալը, իր սովորության համաձայն անվերջ ստում է և նրա երեկվա ասածները հակասում են նրա այսօրվա  խոսքերին, այնուամենայնիվ, ձեր կողմից մեջբերված խոսքն  առանցքային նշանակություն ունի։ Փաստորեն, այսպես կոչված, ակադեմիական քաղաք կառուցելու նպատակը եղել է, ոչ միայն բուհ-երի և գիտական հիմնարկների շենքերի վաճառքից շահույթ ստանալը, այլև, գուցե՝առաջին հերթին,  Հայաստանի ողջ ուսանողությանն ու պրոֆեսորադասախոսական կազմին չեզոքացնելը  հասարակական-քաղաքական գործընթացներից, այն է՝  հպատակեցնելը։

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, քաղաքական-հասարակական տարբեր շարժումների առաջամարտիկը ուսանողությունն է եղել։ Ուսանողությունն էր  ինչպես 1965 թվականի ազգային զարթոնքի, 1988 թվականի արցախյան շարժման, այնպես էլ, 2018 թվականի ստի և կեղծիքի հեղափոխության հիմնական շարժիչ ուժը։ Այդ ակադեմիական կոչվող քաղաքը լինելու է հատուկ ծառայությունների աչալուրջ հսկողության տակ։ Հետևելու են բոլոր դասախոսություններին, ուսանողների անցուդարձին։

-Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի այդ այցից հետո լրատվամիջոցներում տեղեկություններ եղան, որ այդ այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է՝ մինչեւ 2025 թվականի գարուն՝ ազատել համալսարանի շենքը, բայց «Ակադեմիական քաղաքն» էլ դեռ չկա։ Հետեւաբա՞ր․․

-Ամենայն հավանականությամբ շենքն արդեն վաճառվել է, կամ գնորդին խոստացել են վաճառել մինչև 2025 թվականի գարուն։

-«Ակադեմիական քաղաք» նախագծի համատեքստում Նիկոլ Փաշինյանը նաեւ խոսել է կրթական գործընթացի տեսանելիության, այսինքն՝ միջազգային կրթական միջավայրի հետ հաղորդակցության, Հայաստանում կրթության որակի և միջազգայնորեն մրցունակ լինելու կարևորության մասին: Այս ամե՞նն ինչ տպավորություն է թողնում։

-Արդեն ասացի, թե ինչ  նպատակ է իրականում  քողարկված  «Ակադեմիական քաղաք» բարձրագոչ անվան տակ՝ տոտալ  վերահսկողություն ուսանողության  և պրոֆեսորադասախոսական կազմի վրա, ինչպես նաև  բուհ-երի և գիտական հիմնարկների շենքերի վաճառքից՝ անձնական շահույթ ստանալ։ Մնացածը «կրթական պրոցեսի տեսանելիություն, միջազգային կրթական միջավայր, մրցունակություն»  խոսքերն ինձ հիշեցնում է Օստապ Բենդերի Նյու-Վասյուկին։

Չունենալով բարձրագույն կրթություն, կիլոմետրերով հեռու լինելով գիտությունից, վարչապետ կոչեցյալը, հանուն իր իշխանության պահպանման, հետևողականորեն քարուքանդ  է անում Հայաստանի կրթական և գիտական համակարգերը։ Կրթությունն  ու գիտությունը  նաև ավանդույթների կրող են,  իրենց շենքերով։ Օրինակ, հնարավո՞ր է, որ Ֆրանսիայի կամ Ռուսաստանի նախագահներից որևէ մեկի մտքով անցնել, որ հանուն շահույթի, կարելի է վաճառել Սորբոնի կամ  Մոսկվայի Պետական Համալսարանի շենքերը։ Բացառվում է։

Ամենացավալին այն է, որ այս ամենի դեմ ձևավորված չէ, ոչ մի դիմադրություն։ Լռում  են բոլորը, ինչպես  գիտնականները, դասախոսները, այնպես էլ ուսանողները։ Այն օրը, երբ վարչապետ կոչեցյալն առաջին անգամ խոսեց «Ակադեմիական քաղաքի» մասին, Հայաստանի բոլոր բուհ-երն ու գիտական հիմնարկները պետք է միավորվեին և համատեղ հուժկու բողոքի ալիք բարձրացնեին։ Ի դեպ, այս հարցում, կարծես լուռ է նաև ընդդիմությունը։ Այստեղ են ասել․ «Լավ է ուշ, քան՝ երբեք»։ Միայն բոլորի ընդվզման դեպքում, ակադեմիական կոչված քաղաքը կհիշվի որպես բենդերական Նյու-Վասյուկի։

 

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930