Լրահոս
Օրվա լրահոսը

«Անորոշության մեջ ենք, քանի որ չեն կողմնորոշվում՝ ո՞րն է Գյումրիում իշխանազավթման ամենակարճ ճանապարհը»․ Նարեկ Միրզոյան

Նոյեմբեր 22,2024 21:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շուրջ մեկ ամիս է՝ Գյումրին քաղաքային իշխանություն չունի,  ավելին անորոշ  է, թե երբ  կանցկացվեն արտահերթ ընտրությունները։  Չնայած օրենքը թույլ  չի տալիս այս քաղաքում ունենալ քաղաքապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել էր օրենսդրական փոփոխություններ կատարելու ու ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հարցը։

Քաղաքն այս պահին անորոշ ու սպասողական վիճակում է, նույնիսկ նրանք, ովքեր ոգևորված  հայտարարում էին արտահերթ ընտրություններում  իրենց թեկնածությունն առաջադրելու մասին, կարծես անակնկալի են եկել՝ հասկանալով, որ ընտրությունները սարերի հետևում են։

Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը տիրող անհասկանալի ու անորոշ վիճակը մեկնաբանում է այսպես․ «Իրադարձություններն ու զարգացումները հաշվի առնելով՝ պիտի ասենք, որ ՔՊ-ն, որը հանրապետության մի քանի համայնքներում իշխանազավթում իրականացրեց,  չի կողմնորոշվում, թե ո՞րն է Գյումրիում իշխանազավթման ամենակարճ ճանապարհը։

Նրանք ուզում են օրենսդրական փոփոխություններ մտցնելով՝ պաշտոնակատար նշանակել, իրենց նպատակին հասնել»։

Մեր հարցին՝ ըստ ձեզ՝  ի՞նչն է խանգարում այդպիսի փոփոխություն կատարել,  մեխանիզմը չե՞ն գտնում, թե՞ թեկնածուի հարցում  չեն կողմնորոշվում, երկմտում են, Նարեկ Միրզոյանը պատասխանեց․ «Իրավական խնդիր, անխոս, կա․ ՏԻՄ օրենքով պաշտոնակատար նշանակելն անհնար է, մեխանիզմ, կանոնակարգ չկա այս պահին։

Թեկնածուի մասին էլ  մամուլում  վերջին շրջանում տարբեր տեղեկություններ շրջանառվեցին, ես չեմ ուզում թեկնածուի մասը մեկնաբանել, դա իրենց խնդիրն է , բայց կարծում եմ թեկնածուի հարցն էլ կա։ Որպես կարծիք եմ ասում, թեկնածուն իրենց խնդիրն է, ուղղակի իմ խոսքն այն մասին է, որ հապաղելը նաև դրա հետ է կապված»։

Նարեկ Միրզոյանը նշում է՝  խնդիր է առաջացել նաև ՔՊ-ի կողմից նոյեմբերի 8-ին հրավիրված նիստի պահով։

«Նիստին պարտադիր 17 հոգի պիտի ներկա լինեին, որ գումարվեր։ Այստեղ ևս խախտում արձանագրեցինք, նիստը հրավիրվել է, բայց չի գումարվել, օրենքի տրամաբանությունը հետևյալն է՝ պետք է 17 անդամը ներկա լինեին, նիստ գումարվեր, համայնքի ղեկավար չառաջադրվեր, չընտրվեր, այդ ժամանակ երկշաբաթյա ժամկետը կմտներ ուժի մեջ և տվյալ պարագայում կստացվեր, որ երկշաբաթյա ժամկետում ավագանին լուծարվելու էր։

Մենք հիմա ունենք որոշակի անորոշություն, իրավական կարգավորումների խնդիր կա, ՔՊ-ն չի գտնում այն կարճ ճանապարհը, որով Գյումրիում կհասնի իշխանափոխության»,-ասում է Նարեկ Միրզոյանը։

Նշենք, որ քիչ առաջ ֆեյսբուքյան գրառում էր կատարել Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը՝ տեղեկացնելով, որ դիմել է ՀՀ կառավարությանը Գյումրու ավագանու լիազորությունները դադարեցնելու ու արտահերթ ընտրություններ նշանակելու խնդրանքով։

«Հարգելի գյումրեցիներ,

Դիմել եմ կառավարությանը՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները դադարեցնելու և արտահերթ ընտրություններ նշանակելու խնդրանքով՝ հաշվի առնելով, որ օրենքի համաձայն արդեն երկու շաբաթ է համայնքի ղեկավար չի ընտրվում:

Հուսով եմ, իշխանությունները գիտակցում են, որ օր առաջ ընտրությունների անցկացումն այլընտրանք չունի, հակառակ պարագայում Գյումրիում շարունակվող կառավարման ճգնաժամի և գյումրեցիների խնդիրների շարունակական չլուծման միակ պատասխանատուն լինելու է գործող իշխանությունը»,- գրել է  Կարեն Մալխասյանը։

Այսօր գյումրեցիներին դիմել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Կարեն Սարուխանյանը, պարզաբանումներ տալով ինձ անձի շուրջ վերջին օրերին մամուլում տեղ գտած հրապարակումների շուրջ ու հրապարակելով երկու օր առաջ՝  նոյեմբերի 20-ին հանձնած մեզի թունաքիմիական հետազոտության արդյունքները։

Նա իրեն վարկաբեկելու մեջ մեղադրել է  այն անձանց, ովքեր, ունենալով որոշակի հովանավորչություն, բարեկամական և անձնական կապեր որոշ մարդկանց հետ, իրենց երևակայելով ՔՊ թեկնածու, շարունակել են արշավը իր դեմ և փորձել եմ ամեն բան անել, որպեսզի սևացնեն իր անունը ու այնպիսի իրավիճակ ստեղծեն, որ թեկնածուն փոփոխման ենթակա լինի։ Ըստ նրա, այս ամենն արել են անբարոյական սցենարով։

«Այդ ամենը արվում էր շատ հստակ, համակարգված, պատվեր կատարող որոշ բլոգերների թեթև ձեռքով գրված հատուկ հոդվածներով, ֆեյք էջերով քոմենտ գրողների ձեռամբ, իբր Սարուխանյան Կարենը թմրամոլ է», -գրել է Կարեն Սարուխանյանը՝ նշելով, որ Գյումրիում է ծնվել, որտեղ  հարգված ընտանիք, մեծ ազգություն, լավ ընկերություն ունի և նման արատավոր երևույթները դատապարտողներից մեկը միշտ ինքն է եղել և շարունակում է դատապարտել։

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, նոյեմբերի 12-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում  Նիկոլ Փաշինյանը նրան թմրանյութի թեստ հանձնելու էր ուղարկել ու պատասխանը, ըստ նույն հրապարակումների,  այն  եղել  էր դրական։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930