«Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանման, դեպի Հայաստանի թուրքացում կամ վիլայեթացում»,- «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում այսօր կայացած մամուլի ասուլիսում կարծիք հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
ԱԺ նախկին փոխխոսնակի գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանը ձախողել է իր 4 տարվա կրեդոն՝ «խաղաղության պայմանագիրը». 2021 թվականից հետո իշխող խումբը ժողովրդին կերակրում է այդ պայմանագրի ստորագրման խոստումով, սակայն Նիկոլ Փաշինյանն անգամ բացահայտ դիմել է Ալիևին, բայց վերջինս կտրականապես մերժել է պայմանագրի ստորագրումից. «Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց Անկախության հռչակագրից, այն անվանեց սպառնալիք Հայաստանի և հայ ժողովրդի գոյությանը, Տավուշում գնաց միակողմանի զիջումների, ստիպված եղավ հատվածային դեմարկացիա, դելիմիտացիա բլեֆի ներքո այդ 4 գյուղերը տալ Ադրբեջանին, Սահմանադրական դատարանից ստանալ ադրբեջանական նարատիվներ պարունակող փաստաթուղթ, իր ամբողջ խմբակցությունը սարքեց «Ենի Ազարբայջան» և էրդողանական «Արդարություն և զարգացում» կուսակցության փաստացի շահառու, բայց դա էլ չօգնեց»:
Էդուարդ Շարմազանովի պնդմամբ, այս իշխանությունները պատրաստ էին գնալ Բաքու COP29-ի շրջանակում, միայն թե ստանային խոստում, որ Նիկոլ Փաշինյանը կունենա իր ձեռքին թուղթ՝ բովանդակությունն էական չէ, կարևորը՝ լինի գրված «խաղաղություն» բառը, ինչը չստացան:
Այսքան ձախողումներից հետո, ըստ Էդուարդ Շարմազանովի, Նիկոլ Փաշինյանը ստիպված էր գնալ տեսարանների՝ սափրվել, իր թիմակիցներին պաշտոններից հեռացնել, ինչի մասին խոսում է ողջ հասարակությունն այն իրավիճակում, երբ աշխարհում և տարածաշրջանում վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում. «Սկսեց ներքաղաքական «ջղայն Նիկոլ» օպերացիան, այսինքն՝ հեղափոխությունը տարավ նոր փուլով: Որպեսզի կարողանա հնարավորինս քիչ վնասներ կրել՝ իր իմիջը, իր իշխանությունը, ինչպես ֆուտբոլում են ասում՝ «лучшая защита-это нападение», և Փաշինյանը, միգուցե իր քաղաքական գործընկերների աջակցությամբ կամ հուշումով, նախաձեռնեց այդ 5-6 պաշտոնյաների հեռացման օպերացիան: Այս ներքաղաքական պաշտոնազրկումներն ունեցել են հստակ, քարոզչական նպատակ, որպեսզի քողարկի իր ֆիասկոն՝ «խաղաղության պայմանագրի» կնքման հետ կապված: 2018 թվականի տեղի ունեցածի նպատակը եղել է Հայաստանի ազգային նկարագրի վերացումը, նրա աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությունը։
Կարդացեք նաև
Այսօր էլ Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ են անատամ Հայաստան, որը չունենա ոչ բանակ, ո՛չ ազգային ինստիտուտներ, ոչ հեղինակություններ և լինի պանթուրքիզմի ֆուռերի համար «պռախոդնոյ դվոռ»։Դրա լավագույն օրինակը ԱԺ նախկին փոխխոսնակը համարում է ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Անկախության հռչակագրի բովանդակությունը Հայաստանի հանրապետության չգոյության մասին է . «ՀՀ հիմքն այդ Անկախության հռչակագիրն է, էն դրույթներն են, որոնք դրված են դրա մեջ: Դա արյունով և քրտինքով ստեղծված հռչակագիր է: Պետությունն այդ հռչակագրի կոնսենսուսով ընդունված կետերի մասին է: Բա ռուսները չե՞ն գա մեր երեսին թքեն, եթե դու այդ Անկախության հռչակագրից հրաժարվում ես, որտեղ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Ռուսաստանն այն երկրներից է, որը 1995-ին Հայոց ցեղասպանության դատապարտման բանաձևում, որը Պետդուման ընդունել է, նշված է՝ «Արևմտյան Հայաստան» եզրույթը»:
Լրագրողների հարցերին ի պատասխան խոսելով Բաքվում անցկացված COP29-ից հետո հնարավոր զարգացումների մասին էլ, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Պատերազմ չի կարող լինել, բայց հարձակում կարող է լինել: Ինչո՞ւ եմ ասում, որ պատերազմ չի կարող լինել, որովհետև պատերազմը ենթադրում է հակընդդեմ քայլեր՝ քեզ վրա կրակում են, դու էլ պիտի կրակես: Բայց եթե ԳՇ պետը, վարչապետը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներն ասում են՝ մեր ծրագրում չկա նման բան, եթե այս մարդիկ կուրորեն հավատում են Թուրքիային և Ադրբեջանին…
Կրկնում եմ, ինչո՞ւ եմ ասում՝ պատերազմ կլինի, թե չի լինի, որովհետև Նիկոլ Փաշինյանը տալիս է, էլի: Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցիների համար ունի «Իսկանդերի» նշանակություն, գալիս է մեր երկիրը ներսից պայթեցնում է, ժողովրդին վախեցնում է՝ եթե հողերը չտանք, պատերազմ է լինելու, մեռնելու եք, վախացնում է ժողովրդին ու գնում: Ու խելոք, հանգիստ էդ տարածքները տալիս են: Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ադրբեջանցիների համար թուրքական «Բայրաքթարի» դերակատարում ունի»:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին թիրախավորմանը, Էդուարդ Շարմազանովը նկատեց. «Էդ թիրախավորողներից մի մասն էլ Նիկոլի «բայրաքթարն» են, նրանք էլ հանձնարարական ունեն պայթեցնել ընդդիմադիր ազգային դաշտը, թիրախավորել ազգային պետական գործիչներին, ովքեր 30 տարի պահել են հայկական Արցախը, ՀՀ ազգային նկարագիրը, և նրանց թվում է ՀՀԿ-ն և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: Դրանք հստակ գործառույթով գործուղված կադրեր են՝ Նիկոլի կաբինետից դեպի ընդդիմադիր դաշտ: Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի գործունեությունը հանգիստ չեն տալիս մեկ Ալիևին և նրա սազանդարներին, մեկ Նիկոլին ու նրա հաճախորդներին»:
Ընդդիմադիր գործիչն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ իշխանական թիրախավորումներից զերծ չեն մնում նաեւ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ