Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս տարի ուսումնական տարին հայտարարել ենք մշակութային կրթության տարի». Ժաննա Անդրեասյան

Նոյեմբեր 22,2024 19:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նիստի մեկնարկից առաջ աշակերտական խորհրդի անդամներն այցելել են Հայաստանի պատմության թանգարան՝ ծանոթանալու «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրությանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է աշակերտներին և հետաքրքրվել՝ ինչպիսի տպավորություններ են նրանք ստացել ցուցադրությունից:

«Այս տարի ուսումնական տարին հայտարարել ենք մշակութային կրթության տարի, և այս համատեքստում շատ ենք կարևորում, օրինակ, թանգարանային միջավայրում կրթական յուրակերպ գործընթաց կազմակերպելու, հենց այդ միջավայրից գիտելիք ստանալու հնարավորությունը: Մենք անհրաժեշտություն ունենք փոխելու մեր վերաբերմունքը թանգարանային գործունեության նկատմամբ, որովհետև թանգարանը կենդանի միջավայր է, որտեղ յուրաքանչյուր ցուցադրություն ինչ-որ հետազոտության արդյունք է և այցելուներին փոխանցում է որոշակի հետազոտական գաղափարներ, ցուցանմուշների ներքին կապի մասին գիտելիքներ»,- ասել է նախարարը:

Աշակերտները, պատմելով իրենց տպավորությունների մասին «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրության վերաբերյալ, նշել են, որ այն դրական հույզեր ու հպարտության զգացում է պարգևել՝ կարևորելով հայկական մշակույթը հնարավորինս հանրահռչակելու հանգամանքը: Նրանց հատկապես տպավորել են ցուցադրության ներքին ժամանակագրական կապը, հայ կնոջ կերպարը տարբեր դարերում և, առհասարակ, Պատմության թանգարանում պահվող ցուցանմուշների արժեքայնությունը:

Ժաննա Անդրեասյանը մշակութային կրթության տարվա համատեքստում նշել է, որ այն ենթադրում է նաև դպրոցներում միջոցառումների անցկացման ձևաչափի փոփոխություն, որում առանցքային դեր կունենա աշակերտի ինքնաարտահայտման, սեփական պատկերացումներն ու ցանկությունները դրսևորելու հնարավորությունը:

Մասնավորապես՝ նշվել է «Վերջին զանգ» միջոցառման բովանդակության հարցը՝ աշակերտների տաղանդի բացահայտման, ստեղծագործականության դրսևորման համատեքստում: Աշակերտները հանդես են եկել իրենց առաջարկներով՝ նշելով, որ միջոցառումներում կցանկանային առավելապես ընդգրկել թատերական, ազգային տարրերը, դրանք անցկացնել ավելի ինտերակտիվ բեմադրությունների միջոցով և այլն:

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի գործունեությանը՝ անդամներն առաջարկել են իրենց մասնակցությամբ հաճախակի հանդիպումներ կազմակերպել ՀՀ տարբեր դպրոցներում՝ աշակերտներին հուզող խնդիրները վեր հանելու, նրանց ձայնն ավելի լսելի դարձնելու, տարբեր հարցերում աջակցելու նպատակով:

Նիստի ընթացքում աշակերտները նաև իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարին կրթական ոլորտի տարբեր թեմաների վերաբերյալ և ստացել սպառիչ պատասխաններ:

Նրանց, մասնավորապես, հուզել են գյուղական համայնքների դպրոցները նյութատեխնիկական բազայով համալրելու, թափուր հաստիքների, կրթության հասանելիությունն ապահովելու վերաբերյալ հարցերը:

 

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930