Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստանի գլխավոր իշխանավորը պետք է հրավիրեր բոլոր դիվանագետներին, ներկայացներ Վիլսոնի իրավարար վճիռը եւ ոտնձգությունների բոլոր հավակնությունները դրանով վերացներ»․ Հայրիկյան

Նոյեմբեր 22,2024 19:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի օրը Ազատության հրապարակում հանդիպում էր կազմակերպել։

«Ի՞նչ պետք է աներ Հայաստանի իշխանությունը ներկա պայմաններում, երբ Վիլսոնի իրավարար վճռի մասին ընդհանրապես չի խոսվում։ Առաջին հերթին Հայաստանի գլխավոր իշխանավորը պետք է հրավիրեր բոլոր դիվանագետներին, ներկայացներ պատմական այդ իրողությունը, ոտնձգությունների բոլոր հավակնությունները դրանով վերացներ, որ եղել է միջազգային հանրություն, որը միաձայն, թուրքական պետության համաձայնությամբ որոշում է ընդունել, որ սա է լինելու Հայաստանը»,- ասաց Հայրիկյանը։

Նրա խոսքով՝ այդ վճիռը կարեւոր է նաեւ ցեղասպանության մասին բացասաբար խոսող, դրան հակառակվող բարբաջողներին լռեցնելու համար, որովհետեւ սա ուղղակի գործողություն էր՝ ցեղասպանության հետեւանքները վերացնելու համար։ «Այսօր հայկական դիվանագիտությունը ոչ թե խարխափում է, այլ գոյություն չունի։ Շատ քիչ պետություններ ունեն համաշխարհային հանրության միջոցով ընդունված, հետո Ամերիկայի պես պետության ղեկավարի կողմից հաստատված այդպիսի իրավարար ակտ»,- ասաց նա։

Հայրիկյանի խոսքով՝ Վիլսոնի իրավարար վճռի օրը նշելն այսօրվա պայմաններում կրում է շատ կարեւոր քաղաքական նշանակություն։ Ցավոք սրտի, Հայաստանի քաղաքական ուժերից քչերն են ուշադրություն դարձնում դրան։ «Իսկ Հայաստանը բռնազավթելու կողմնակիցների լակեյները, պնակալեզներն ասում են՝ դա ի՞նչ բան է, արդեն անցած բան է։ Եթե անցյալ դարի 1920 թվականին այս իրավիճակում հայտնվել էիք ռուս-թուրական դաշինքի պատճառով, հիմա նույն բանը կրկնվեց, 100 տարի հետո նույնը կրկնվեց։ Սա ինչո՞վ է կարեւոր՝ պատմությունից դասեր քաղողներն են, որ կարողանում են պատմության հետագա ընթացքին ճիշտ դիրքերից նայել»,- հավելեց նա։

Ըստ Հայրիկյանի՝  «Նիկոլ Փաշինյանի դատարկաբանություններն ապազգային են եւ դավաճանական»։ Նիկոլ Փաշինյանը չի խոսում անկախության հռչակագիրը վերացնելու մասին, նա ուզում է անկախության հռչակագրի կարգավիճակը փոխել։

«Մարդկանց բարձր արժեքներից զրկում են՝ նրանց տրամադրությունների, մտադրությունների վրա ազդելով։ Դա հիմնական միջոցներից մեկն է։ Բայց այսօր ես նկատում եմ, որ մեր ժողովրդի գիտակցության, բանականության վրա, նրա առողջ մտածելակերպի վրա ազդելու համար, թշնամիներին ծառայելով՝ նրան հայրենիքից հեռանալուն տրամադրելու համար օգտագործում են նաեւ տնտեսականը, սոցիալականը։ Սա ահավոր մի բան է, ես դա կոչել եմ տնտեսական, սոցիալական տեռոր հայ մարդկանց նկատմամբ, որպեսզի թշնամիների համար ճանապարհ բացվի, եւ Հայաստանի տերը դառնան նրանք»,- ասաց նա։

Ելքի մասին խոսելով՝ Հայրիկյանը նշեց. «Քաղաքական ուժերի մեծ մասը գտնում են, որ ելքը իշխանափոխությունն է։ Այս մասով իրենք ճիշտ են, բայց եթե այդ իշխանափոխության ձգտումը հանգում է նրան, որ մենք իշխանությունը պետք է վերցնենք անազնիվ, անարդար Սահմանադրության միջոցով իշխանությունն իրենց ձեռքում պահող մարդկանցից ու տանք մեկ այլ մարդկանց, որ նույն անազնիվ Սահմանադրության միջոցով ուզեն-չուզեն անելու են նույն բաները, ապա մենք ոչինչ չենք անելու։ Իշխանությունը, այո, պետք է փոխել, բայց իշխանությունը պետք է վերադարձնել իրական տիրոջը։ Սա է մեր գլխավոր խնդիրը»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930