Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ կենտրոնները պետք է իրար հետ գործակցեն՝ գրավիչ դարձնելով հայագիտությունը». Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը

Նոյեմբեր 22,2024 17:47

Իսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 21-22-ը Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը:

Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը, օտարերկրյա համալսարանների հայագիտական ամբիոնների և կենտրոնների ղեկավարներ: Համաժողովին ներկա են եղել նաև Մատենադարանի, Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչներ: Համաժողովը վարել է Վենետիկի Կա’Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը:

2022 թվականից Կոմպլյուտենս համալսարանում ՀՀ պետական ֆինանսավորմամբ գործում է Իսպանիայում առաջին հայագիտական ամբիոնը՝ Աշխարհագրության և պատմության ֆակուլտետի կառուցվածքում, որը ղեկավարում է պրոֆեսոր Ֆրանցիսկո Զորյանը:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Արթուր Մարտիրոսյանը խորհրդանշական է համարել, որ առաջին անգամ կազմակերպվող հայագիտական համաժողովն անցկացվում է հենց Կոմպլյուտենս համալսարանում, որը բոլորովին վերջերս է համալրել պետական բյուջեի ֆինանսավորմամբ ստեղծված հայագիտական կենտրոնների ցանկը: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել բուհի ղեկավարությանը և Իսպանիայում ՀՀ դեսպանատանը՝ համաժողովի անցկացման հնարավորության համար: «Գաղտնիք չէ, որ կրթությունը, գիտությունը և մշակույթը եղել և մնում են այն հիմնասյուները, որոնց վրա կառուցվում է հայ ժողովրդի ապագան, և ակնհայտ է, որ պետությունն աստիճանաբար էլ ավելի մեծ ֆինանսական ռեսուրսներ է տրամադրում հայագիտության զարգացմանը: Արտերկրում գործող հայագիտական կենտրոնները մեծ դեր ունեն հայագիտության զարգացման մեջ, քանի որ դրանց գլխավոր առաքելությունն է ապահովել հայագիտության կայուն զարգացումը բոլոր ուղղություններով՝ համընթաց քայլելով համաշխարհային գիտության ձեռքբերումների և նոր մարտահրավերների հետ: Հայագիտական կենտրոնների ընդլայնման քաղաքականությունն իրականացվում է 2012 թվականից, և ըստ տվյալ տարվա պետբյուջեի հնարավորությունների՝ տարեկան 1 կամ 2 կենտրոնով այդ թիվն ավելանում է: Այս պահին նման կենտրոններ ունենք 13 երկրի 15 համալսարանում, ընդ որում՝ դրանց մեծ մասը եվրոպական տարածաշրջանում է: ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի պետական ծրագրով ամրագրված է, որ այդ թվականին արդեն կունենանք 23 հայագիտական կենտրոն, տարեկան 12 ֆինանսավորվող հետազոտական աշխատանքներ և 8 հայագիտական միջազգային գիտաժողովներ ու կրթամշակութային միջոցառումներ: Այդ ցանկի մեջ առաջին միջոցառումը հենց այս համաժողովն է, որի թեման է՝ «Հայագիտության զարգացման տեսլականը, մարտահրավերները և հեռանկարները»:  Ինչո՞ւ է այդպես կոչվել, քանի որ մեզ համար կարևոր է ոչ միայն կենտրոնների քանակական, այլ նաև որակական աճը: Այդ կենտրոնները պետք է իրար հետ գործակցեն, համատեղ հետազոտություններ անեն և տեսանելի արդյունք ցուցաբերեն նաև ցանցային համագործակցության առումով՝ գրավիչ դարձնելով հայագիտությունը»,-նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ այդ համատեքստում տեղեկացնելով, որ հաստատվել է Ցանցային հայագիտական համալսարանի զարգացման հայեցակարգը:

Նա նաև տեղեկացրել է, որ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն մշակելու է հայագիտության զարգացման ռազմավարությունը, և վերջին տարիներին գիտության ոլորտին տրամադրվող պետական բյուջեի շոշափելի միջոցների թվում պետք է դիտարկել նաև հայագիտական կենտրոններին տրամադրվող գումարները: Փոխնախարարի խոսքով՝ բացի պետբյուջեի հատկացումներից՝ հայագիտության զարգացման գործում նոր հնարավորություններ կարող են ի հայտ գալ տարբեր ծրագրերի, օրինակ՝ Էրազմուս+, «Հորիզոն Եվրոպա», ֆրանկոֆոնիայի կամ միջհամալսարանական համագործակցության շրջանակում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել հայագիտական ամբիոնների ղեկավարներին և ներկայացուցիչներին՝ իրենց ներդրած ջանքերի, եռանդի ու կատարած աշխատանքի համար:

Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը ողջունել է նմանօրինակ ձևաչափով անցկացվող առաջին համաժողովի մասնակիցներին՝ հաջողություն և արդյունավետ աշխատանք մաղթելով նրանց:

Համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանի Աշխարհագրության և պատմության ֆակուլտետի դեկանը՝ ընդգծելով համալսարանում հայագիտական ամբիոնի գործունեության կարևորությունը և պատրաստակամություն հայտնելով աջակցելու ամբիոնի հետագա զարգացմանը: Դեկանը նաև շնորհակալություն է հայտնել պրոֆեսոր Զորյանին ներդրած ջանքերի ու աշխատանքի համար:

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանն իր ելույթում շեշտել է Կոմպլյուտենս համալսարանի հետ գործընկերության կարևորությունը՝ ընդգծելով, որ ակադեմիական քաղաքի իրականացման գործում դիտարկվում է նաև Մադրիդի համալսարանի հետ համագործակցությունը: Համաժողովի ընթացքում առցանց զեկույցով հանդես է եկել նաև Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանույշ Դվոյանը:

Համաժողովին ներկա Վենետիկի, Հռոմի, Զալցբուրգի, Լայպցիգի, Սինալոայի, Թրակիայի Դեմոկրիտի, Քենեդիի, Ռոսարիոյի, Հալլե-Վիթենբերգի Մ. Լյութերի անվան  և մի շարք այլ օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների ղեկավարները ներկայացրել են սահիկաշարեր՝ նվիրված իրենց ամբիոնների, կենտրոնների գործունեությանը և իրականացված ծրագրերին:

Համաժողովի ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, զարգացման ուղիները և համագործակցության հեռանկարները ինչպես ՀՀ կառույցների, այնպես էլ օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների միջև:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930