Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մարտական զոհերի քրեական գործերը տարիներով մնում են քննության փուլում և դրանց չնչին մասն է հասնում դատարան. «Փաստերի ստուգման հարթակ»

Նոյեմբեր 22,2024 16:57

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Փաստերի ստուգման հարթակ». ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահերի վիճակագրությունը  շարունակում է մտահոգիչ մնալ․ խնդիրը պարբերաբար արծարծվում է հանրային գործիչների կողմից։

Օրերս էլ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովի  արտահերթ նիստում, ի պատասխան պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցի, անդրադարձավ Զինված ուժերում մահվան ու, մասնավորապես, ինքնասպանությունների վիճակագրությանը։

«Չենք կարող թվերը բացվածքով չնայել։ ԶՈՒ-ում ոչ մարտական կորուստների թվում են գրանցվում նաև մարդիկ, որոնք, զինվորական ծառայության մեջ գտնվելով, քաղաքացիական կյանքում են՝ տանը, ճանապարհին, կարող են տարբեր միջադեպերի արդյունքում մահանալ․․․ Մեր մարտահրավերն այս շարքում ինքնասպանությունները, ինքնասպանության հասցնելու դեպքերն ու սպանություններն են»,- նշել է նախարարը։

«Փաստերի ստուգման հարթակը» նախկինում անդրադարձել է 2018-2023 թվականներին բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի թվին․ պարզել էինք, որ նշված ժամանակահատվածում ծառայության հետ կապված 109 մահվան դեպքերից 29-ը կամ բոլոր դեպքերի 26%-ը ինքնասպանություններն են:

ՀՀ գլխավոր դատախազությունից հարցումով ստացել ենք 2024 թվականի հունվարից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ բանակում գրանցված՝ ծառայության հետ կապված մահերի թիվը՝ ընդհանուր 26 դեպք, որից 5-ը սպանություն, 6-ը՝ ինքնասպանություն և ինքնասպանության հասցնելու դեպքեր:

Fip.am-ը Դատախազությունից հետաքրքրվել է նաև, թե ի՞նչ ճակատագիր են ունեցել հետպատերազմական շրջանում՝ 2021-2024 թվականներին, ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերով հարուցված քրեական գործերը, քանիսն են հասել դատարան և քանի դեպքով կա դատական վճիռ։

Այսպես, ըստ դատախազությունից ստացված վիճակագրության, 2021 թվականին հարուցվել է 26 քրեական գործ, 1-ով գործի հարուցումը մերժվել է․ այս գործերից միայն 7-ն են գտնվում դատավարության փուլում, որից դեռևս 4-ով է վճիռ կայացվել։

2022 թվականին հարուցվել է 22 քրեական գործ, որից դատավարության փուլում են 4-ը, 3-ով կա մեղադրական դատավճիռ։

2023 թվականին հարուցված 28 քրեական գործերից ընդամենը 5-ն են գտնվում դատավարության փուլում, այդ տարվա գործերով դեռևս չկան մեղադրական վճիռներ։ Իսկ ընթացիկ 2024 թվականի դեպքերով հարուցվել է 19 գործ, որից միայն 2-ն են հասել դատարան, մեղադրական վճիռներ այս տարի ևս չկան։

Նշված ժամանակահատվածում հարուցված քրեական գործերը մեծ մասամբ տարիներ շարունակ գտնվում են նախաքննության փուլում, և չնչին մասն է մտնում դատաքննության փուլ, առավել ևս՝ դատական վճիռ ունենում։

Այսպես, 2021-ի գործերից դատարան է մտել ընդհանուր գործերի 1․8%-ը, մեղադրական վճիռ առկա է գործերից միայն 1%-ի համար, 2022-ին այդ թվերը, համապատասխանաբար, կազմում են 0.88% և 0.6%։  2023-ին՝ 1․4%-են դատարանում, 2024 թվականի հոկտեմբերի 15-ի դրությամբ՝ 0.5%-ը։

Փաստացի, 4 տարիների ընթացքում ընդհանուր առմամբ հարուցված 106 գործերի 19% է հասել դատարան, իսկ դատավճիռ ունի միայն 7%-ը։

Նանե Մանասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930