Լրահոս
Օրվա լրահոսը

Վասիլիս Մարագոս. Պատրաստ ենք նախաձեռնել քննարկումներ՝ պարզելու, թե որ ոլորտներին ուղղել և ինչ գործիքակազմ ներդնել ԵՄ օժանդակությունը լավարկելու համար

Նոյեմբեր 22,2024 16:42

Կլիմայի փոփոխության և աղետների ռիսկի նվազեցման օրակարգերի միջև փոխկապակցվածության զարգացում. դասեր և հնարավորություններ

Երեվան, նոյեմբերի 22, 2024թ․ – Այսօր տեղի է ունեցել «ԿԱՆԱՉ Հայաստան» (Աճ և վերականգնում հանուն Հայաստանի հզորացման, վերազինման և զարգացման) հարթակի քաղաքականությունների շուրջ հինգերորդ երկխոսությունը։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։ Ներկա են գտնվել նաև ճյուղային նախարարությունների և զարգացման ոլորտի այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հանդիպման առաջնային նպատակն էր անդրադառնալ 2024 թվականի մայիսին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետևանքներին և ներկայացնել Հետաղետային կարիքների գնահատման (ՀԱԿԳ) արդյունքները:

ՀԱԿԳ-ն իրականացվել է տուժած մարզերի ինը խոշորացված համայնքներում: ՀՀ կառավարության անունից գործընթացը ղեկավարել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ), իսկ ընդհանուր իրականացման գործընթացը համակարգել է ՄԱԶԾ-ն՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հայաստանյան գրասենյակի թիմի անունից: Այս աշխատանքներն իրականացվել են ԵՄ պատվիրակության և զարգացման ոլորտի այլ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:

ՀԱԿԳ-ը գնահատել է ֆիզիկական ակտիվներին հասցված վնասը, տնտեսական գործունեության վրա անուղղակի ազդեցությունը, ջրհեղեղի հետևանքով առաջացած լրացուցիչ ծախսերը և քանակական ցուցանիշներով ներկայացրել տուժած տարածքներում վերակառուցման և վերականգնման կարիքների առաջնահերթությունները՝ հաշվի առնելով տուժած համայնքների սոցիալ-տնտեսական կարիքները:

Պետության դիմակայուն զարգացումն ապահովելու տեսանկյունից փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն առաջնային է համարել աղետների ռիսկի արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը` ինչպես վտանգի գնահատման և կանխարգելման, այնպես էլ կլիմայական փոփոխությունների նկատմամբ առկա խոցելիությունների նվազեցման և համապատասխան կարողությունների զարգացման տեսանկյունից։ «Նոր և բազմաթիվ անհայտներով մարտահրավերները պահանջում են նոր և համակողմանի մոտեցումներ` նորարարական տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ, պետական կառավարման համակարգի մարմինների միջև և միջազգային գործընկերների հետ սերտ փոխգործակցության ապահովմամբ, հանրության շարունակական ուսուցմանը և իրազեկմանն ուղղված գործողությունների համադրմամբ։ Այս տեսանկյունից Կառավարությունը մեծապես կարևորում է նման ներառական քննարկումները` միջազգային լավագույն փորձը դուրս բերելու, մեր քաղաքականություններում և մոտեցումներում առկա բացերը վերհանելու, ինչպես նաև նորարական լուծումների ներդրման հնարավորությունները գնահատելու տեսանկյունից»,- նշել է փոխվարչապետը։

ՀԱԿԳ-ն միջազգայնորեն ճանաչված մեթոդաբանություն է, որն ընդունված է ՄԱԿ-ի, ԵՄ-ի և ՀԲ-ի կողմից և իրականացվում է որպես համատեղ համակարգված ոլորտային աշխատանք՝ հատկորոշելով աղետից տուժած համապատասխան աշխարհագրական տարածքի վնասները, կորուստները և կարիքները: Ըստ ՀԱԿԳ գնահատականների, Հայաստանի հյուսիսային մարզերում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղից տուժել է մոտ 40,000 մարդ։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 49․5 մլն ԱՄՆ դոլարի վնաս, ընդհանուր կորուստը կազմել է 33 մլն ԱՄՆ դոլար, իսկ վերականգնման ընդհանուր կարիքները գնահատվել են 117 մլն ԱՄՆ դոլար բոլոր ոլորտներում։ Խոշոր բացասական հետևանքներ են գրանցվել համայնքային կյանքի շատ բնագավառներում, այդ թվում՝ բնակարանաշինության և համայնքային ենթակառուցվածքների ոլորտներում, մինչդեռ ամենամեծ հետևանքները գրանցվել են գյուղատնտեսության, բիզնեսի և տրանսպորտի ոլորտներում, ընդ որում՝ շրջակա միջավայրը, որպես փոխկապակցված ոլորտ, նպաստել է կորուստների ավելացմանը:

«Վերջին ջրհեղեղն ընդգծեց ավելի արդյունավետ գործողությունների հրատապ անհրաժեշտությունը՝ կլիմայի փոփոխության անբարենպաստ հետևանքները վերացնելու և բոլոր մակարդակներում բնական վտանգների նկատմամբ պատրաստվածությունը հզորացնելու համար: ՀԱԿԳ-ն նշանավորեց Հայաստանի Հանրապետության կառավարության և զարգացման ոլորտի միջազգային գործընկերների միջև զգալի համատեղ աշխատանքը՝ ուղղված աղետի ազդեցության գնահատմանը, որը ներառում է և՛ վնասները, և՛ կորուստները, և տուժած մարզերի վերականգնման պլանավորումը: ՄԱԶԾ-ն հավատարիմ է մնում աշխատելու ՀՀ կառավարության և այլ գործընկերների հետ՝ այս առաջնահերթ ոլորտներում առաջընթաց ապահովելու համար», – նշել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

«ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով Եվրոպական հանձնաժողովն արագ կերպով մոբիլիզացրեց մարդասիրական օգնություն տեղի ունեցած հեղեղումներից հետո։ Եվրոպացի ինժեներներ ժամանեցին Հայաստան՝ գնահատելու ենթակառուցվածքներին, այդ թվում՝ կամուրջներին և տներին հասցված վնասը։ Արտակարգ իրավիճակների կառավարման Կոպերնիկուս ծառայությամբ տիեզերքից ստացված արբանյակային քարտեզներով կատարվեց աշխարհատարածական ճշգրիտ տեղորոշում՝ օգնելով ուրվագծել տուժած տարածքները։ Միաժամանակ, ԵՄ-ն օժանդակություն է ցուցաբերել հեղեղումների հետևանքով առավել տուժած գյուղերին՝ հատկացնելով 100,000 եվրո մարդասիրական օգնություն։ Այս միջոցներն օժանդակել են Հայկական Կարմիր խաչի ընկերությանն անհրաժեշտ օգնություն, այդ թվում դրամական օգնություն և առաջնային անհրաժեշտության պարագաներ ուղարկելու գործում։

Տպավորված ենք տեղեկանալով այս տարածաշրջանների համար այժմ հայտնի տնտեսական ծախսերի մասին և պետք է երբեք չմոռանանք հեղեղումների հետևանքով մարդկային կորուստները:

ԵՄ-ն հանձնառու է աջակցել Հայաստանին՝ ՀԱԿԳ-ում ներառված վերակառուցման կարիքներին: Մենք պատրաստ ենք նախաձեռնել քննարկումներ՝ պարզելու, թե որ ոլորտներին ուղղել և ինչ գործիքակազմ ներդնել տրամադրվող ԵՄ օժանդակությունը ավելի լավարկելու համար», – ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Հայաստանը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ամենաաղետավտանգ երկրներից է։ Համաշխարհային բանկի գնահատմամբ, վերջին 25 տարիների ընթացքում միայն կլիմայի հետ կապված աղետները պատճառել են ավելի քան 1,5 միլիարդ դոլարի գնահատված վնաս և կորուստ, ինչը համարժեք է ՀՆԱ-ի տարեկան 0,6%-ին: Ի լրումն, Հայաստանի բնակչության ավելի քան 80%-ն ապրում է սեյսմավտանգ տարածքներում, և 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ավերածությունները ցավալիորեն վառ են մնացել մարդկանց հիշողություններում։ Չնայած վերջերս գրանցված առաջընթացին, բնակչությանը և տնտեսությունը ցնցումներից պաշտպանելու համար անհրաժեշտ է ավելի մեծ ներդրումներ ՀՀ Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) համակարգում», – ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։

ՀԱԿԳ զեկույցը ՀՀ կառավարության, նվիրատու կազմակերպությունների և զարգացման ոլորտի գործընկերների համար արժեքավոր ռեսուրս կլինի՝ ապագա ինստիտուցիոնալ, վերականգնման և վերակառուցման գործողությունները ձևավորելու համար: Այն տեղեկություն կապահովի քաղաքականությունների, գործընթացների և ֆինանսական մեխանիզմների մշակման համար, ինչը կնպաստի ռիսկերի մասին տեղեկացված և դիմակայուն զարգացմանը։

«ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակը մեկնարկել է 2022 թվականի հունիսին, որի նպատակն է համատեղել և օպտիմալացնել քաղաքականություններն ու ներդրումային նախաձեռնությունները՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի կանաչ տնտեսություն և ապահովելու ՀՀ կառավարության և զարգացման ոլորտի գործընկերների միջև առավել արդյունավետ համակարգումը։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930