ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը եւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ս.թ. նոյեմբերի 15-ին հայտարարեցին Երեւանում էներգաարդյունավետության բարելավման համար ԵՄ ավելի քան 10 միլիոն եվրո դրամաշնորհի մասին։
Եվրամիության այս ներդրումային դրամաշնորհը նախատեսված է լրացնելու ԵՆԲ Գլոբալի հետ 2023 թվականի նոյեմբերին ստորագրված 25 միլիոն եվրո վարկային համաձայնագիրը: Երեւանի քաղաքապետարանն այս միջոցները կօգտագործի ավելի քան 100,000 քառ. մետր ընդհանուր մակերեսով հանրային շենքերի վերանորոգման համար՝ կենտրոնանալով էներգիայի սպառման եւ CO₂ արտանետումների կրճատման վրա: Նախատեսվում է էներգաարդյունավետ վերանորոգում իրականացնել թվով 6 պոլիկլինիկաներում եւ 32 մանկապարտեզներում: Հիմնական միջոցառումները ներառում են շենքերի երեսպատման թարմացումը, պատուհանների փոխարինումը, ինչպես նաեւ արդյունավետ կաթսաների, արեւային ջրատաքացուցիչների եւ էներգախնայող լուսավորության տեղադրումը:
«Նախագիծը ոչ միայն կնպաստի Երեւանում էներգիայի սպառման եւ ածխածնի հետքի կրճատմանը, այլեւ մեծապես կբարելավի երեխաների, մանկավարժների, հիվանդների եւ բուժաշխատողների կյանքի որակը», – նշել է ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան, ով համակարգում է բանկի գործունեությունը Հայաստանում։
Նախաձեռնությունը համահունչ է Արեւելյան գործընկերության համար ԵՄ տնտեսական եւ ներդրումային ծրագրին, որը մասնավորապես նպաստում է «Ներդրումներ կանաչ Երեւանում. էներգաարդյունավետություն» առաջնահերթությանը։ Այն նաեւ ԵՄ «Գլոբալ դարպասներ» (Global Gateway) ռազմավարության մաս է կազմում:
Կարդացեք նաև
EU NEIGHBOURS east