Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար ստեղծվել են «Անլռելի զանգակատուն» պոեմի 9 պատկերազարդումների շոշափելի կրկնօրինակները

Նոյեմբեր 22,2024 16:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար ստեղծվել են Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի 9 պատկերազարդումների շոշափելի կրկնօրինակները․ հեղինակային էսքիզներ, որոնք գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում։ 1963 թվականին Գրիգոր Խանջյանի կողմից նկարազարդվել է Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը. 9 գրաֆիկական գծանկարներում նկարիչը պատկերել է պոեմի գլխավոր հերոսի՝ Կոմիտասի կյանքի հիմնական հանգրվանները։ Գծանկարներում պատկերված են գյուղացիների հողագործական աշխատանքները, հանգիստն ու զվարճանքը, համերգասրահները, Արարատյան դաշտի բնապատկերը… Լեռնոտ հովիտները ցույց են տալիս հայրենի հողի ընդհանրացված պատկերը, հզոր գյուղացիները ներկայացնում են հողի հետ աշխատողների կապը, իսկ գյուղացի տարեց կինը ընդհանրացնում է Մայր Երկրի, Մայր Հայրենիքի գաղափարը: Խանջյանի Կոմիտասը հայոց հողի ծնած և հողով կերտված հանճարի կերպարի վառ մարմնացումն է։

«Անլռելի զանգակատուն» պոեմի Խանջյանական նկարազարդումները համալրված են տիֆլոմեկնաբանություններով՝ ձայնային ուղղորդիչով, որը մանրամասն նկարագրում է նկարը, ինչպես նաև ընթերցվում է Պարույր Սևակի պոեմի այն հատվածը, որը պատկերված է նկարում:  Տիֆլոմեկնաբան՝ Արման Նավասարդյան։

Տիֆլոմեկնաբանությունները ձևավորվում են համապատասխան երաժշտությամբ. նախագծի հնչյունային ռեժիսորն է Վահան Նահապետյանը, որը, պատկանելով նախագծի թիրախային խմբին, հանդես է գալիս նաև՝ որպես «Խոսող կտավներ» նախագծի գլխավոր փորձագետ։ Նախագծի հեղինակը և պրոդյուսերը «Սարեր» մշակութային ՀԿ-ի նախագահ Էռնա Ռևազովան է։

Հայաստանի ազգային պատկերասրահում նոյեմբերի 29-ին կկայանա շոշափելի պատկերազարդումների ցուցահանդես-շնորհանդես. ցուցահանդեսին կներկայացվեն նաև ՀԱՊ-ի ժողովածուից Գրիգոր Խանջյանի Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի նկարազարդումների հեղինակային էսքիզները։

Նախագծի շրջանակներում ստեղծված շոշափելի կտավները կնվիրաբերվեն Հայաստանի ազգային պատկերասրահին և Զանգակատունում գտնվող Պարույր Սևակի տուն-թանգարանին։

2024 թվականին նշվում է նաեւ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի գլխավոր հերոսի՝ Կոմիտասի ծննդյան 155-ամյակը։

Նախագծի գործընկերն է Հայաստանի ազգային պատկերասրահը, «Խոսող կտավներ» ներառական նախագիծն իրականացրել է «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930