Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի շինարարների միության նախագահ է ընտրվել Վահան Հարությունյանը

Նոյեմբեր 22,2024 15:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոյեմբերի 20-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի շինարարների միության 5-րդ համագումարը, որը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգով։ Այնուհետև Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը փոխանցեց Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին միության գործունեության և իրականացրած աշխատանքների վերաբերյալ հաշվետու զեկույցներ։ Ելույթներ ունեցան  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների Միության, Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահները, գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք։

Այնուհետև Շինարարների միության 5-րդ համագումարը հաստատեց նոր կանոնադրության նախագիծը, տեղի ունեցավ նաև խորհրդի նոր կազմի ընտրություն։

Ձևավորված խորհուրդը Հայաստանի շինարարների միության նոր նախագահ է ընտրել «Միկմետալ» ՓԲ ընկերության տնօրեն Վահան Հարությունյանին։ Վահան Հարությունյանը 2009 թվականից մինչ օրս ՀՀ Շինարարների միության խորհրդի անդամ է, իսկ 2014 թ.-ից՝ նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ:

Նորընտիր նախագահը ելույթում նշեց. «Շնորհակալություն վստահության համար։ Ինձ համար պատիվ և պատասխանատվություն է ստանձնել Հայաստանի Շինարարների միության նախագահությունը։ Շինարարների միությունը հասարակական կառույց է և կապող օղակ շինարարների և պետական ատյանների միջև, որի գործունեությունն ուղված է հայրենի երկրի կառուցմանն ու շենացմանը։ Պարոն Գալստյանը մեծածավալ աշխատանք է կատարել և բարձր նշաձող է թողել ինձ համար»,-նշեց  Վահան Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ներկայում Հայաստանում շինարարությունը բում է ապրում, սակայն ոլորտի առջև կան ծառացած մի շարք խնդիրներ և մարտահրավերներ։ Հայաստանի Շինարարների միության նորանշանակ նախագահը վստահեցրեց, որ առաջիկա նիստի ընթացքում կգույքագրեն ոլորտային խնդիրները և  կկազմեն գործողությունների ծրագիր՝ շինարարության ոլորտի բարեփոխման նպատակով։

Իր ելույթի խոսքում Վահան Հարությունյանը հայտարարեց, որ նորընտիր խորհուրդը, առաջնորդվելով   Հայաստանի Շինարարների միության կանոնադրությամբ, որոշում է կայացրել նախկին նախագահ Գագիկ Գալստյանին շնորհել Հայաստանի Շինարարների միության պատվավոր նախագահի կոչում և պարգևատրել Շինարարների միության ոսկե մեդալով։

Վահան Հարությունյանը հավելեց՝ Գագիգ Գալստյանը մեծ ներդրում ունի Հայաստանում շինարարության ոլորտի մասնագետներին համախմբելու, գործընկերային կապերի ամրապնդման, պետական կառույցների հետ մշտական կապի պահպանման և համագործակցության և առհասարակ շինարարության ոլորտի զարգացման կարևոր գործում։

Հայաստանի շինարարների միության նախկին նախագահ Գագիկ Գալստյանը նշեց. «Արդեն երեք անգամ Միության խորհուրդ է ձևավորվել, արմատական պահելով գործող ընկերությունների ներկայությունը՝ միշտ ընդգրկել ենք նորերին։ Արդեն պահն էր հասունացել երիտասարդացնել խորհրդի կազմն ու ղեկավարումը փոխանցել ավելի երիտասարդ, ավելի ներուժով, ունակ ու գործունյա ղեկավարի»։

Նշենք, որ ոլորտում նշանակալի ավանդի համար Վահան Հարությունյանը պարգևատրվել է բազմաթիվ շնորհակալագրերով և պարգևներով, այդ թվում` ՀՀ քաղաքաշինության նախարարության շնորհակալագրով (2009 թ), ՀՀ վարչապետի շնորհակալագրով (2010 թ.), Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի կողմից «Փառք շինարարին» ոսկե մեդալով (2011), ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալով (2015 թ) և այլն։

«Հայաստանի շինարարների միություն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1996 թվականին: Որպես հասարակական կառույց` միության գործունեությունը նպատակաուղղված է քաղաքաշինության ոլոտի առաջնային հիմնախնդիրների և դրանց ուղվված առաջարկությունների ներկայացմանը ՀՀ կառավարությանը և ՀՀ քաղաքաշինության կոմիտեին։ Միությունը կապող օղակ է      պետություն-շինարարական հանրույթի միջև, պարբերաբար իրականացնում է շինոլորտի վերաբերող քննարկումներ, բարձրաձայնում է մասնագիտական հանրությանը հուզող խնդիրներն ու առաջարկությունները։ Միության գործունեության հիմքում շինարարների շահերի պաշտպանությունն է և որպես վստահելի գործընկեր՝ աջակցում է պետական, ներդրումային ու մասնավոր քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը։ Շինարարների միության համար առանցքային են պետականության ամրապնդմանն ուղղված նպատակները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930