Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը ցանկանում է պարտադրել Google-ին վաճառել Chrome դիտարկիչը

Նոյեմբեր 22,2024 12:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ամերիկայի ձայն». Ամերիկյան կարգավորող մարմինները ձգտում են դատարանի միջոցով պարտավորեցնել Google-ին մասնատել իր բիզնեսը, որպեսզի տեխնոլոգիական հսկան չկարողանա ճնշել մրցակցությունն իր որոնողական համակարգի միջոցով։

Առաջարկը 23 էջանոց փաստաթղթում է, որը ԱՄՆ Արդարադատության նախարարությունը դատարան է ներկայացրել չորեքշաբթի։

Գերատեսչությունը պահանջում է վաճառել Chrome զննարկիչը և հաստատել սահմանափակումներ, որպեսզի Android օպերացիոն համակարգով գործող սմարթֆոնների համար այլևս առավելություն չտրվի Google որոնողական համակարգին։

Ըստ դիտորդների՝ ԱՄՆ կառավարության կողմից ներկայացված նման առաջարկությունները ցույց են տալիս, թե որքան խիստ է մոտենում նախագահ Ջո Բայդենի վարչակազմը շրջանային դատավոր Ամիտա Մեհտայի որոշմանը, ըստ որի այս օգոստոսին Google ճանաչվեց մոնոպոլիստ։ Սակայն, մյուս կողմից, չի բացառվում, որ այս հարցում Դոնալդ Թրամփի գալիք վարչակազմը կարող է որդեգրել ավելի մեղմ դիրքորոշում։

Google-ի դեմ պատժամիջոցների հարցով դատական լսումները նախատեսված են Վաշինգտոնում հաջորդ տարվա ապրիլին, իսկ վերջնական որոշումը դատավոր Մեհտան ծրագրում է կայացնել 2025 թվականի սեպտեմբերի սկզբին։

Եթե դատարանը ընդառաջ գնա ԱՄՆ Արդարադատության նախարարության պահանջներին, Google-ը, ըստ ամենայնի, կբողոքարկի որոշումը, որի քննությունը, իր հերթին, կարող է տևել մոտ չորս տարի։

Բացի Chrome-ի վաճառքից և Android-ին վերաբերող սահմանափակումներից, Արդարադատության նախարարությունը պահանջում է արգելել Google-ին կնքել բազմամիլիարդանոց համաձայնագրեր, որոնք ապահովում են նրա որոնողական համակարգի տեղադրումը սմարթֆոններում՝ որպես կանխադրված (by default) համակարգ։

Կարգավորող մարմինները նաև առաջարկում են պարտավորեցնել ընկերությանը մրցակիցների հետ կիսվել օգտատերերի կողմից իրականացվող հարցումների վերաբերյալ տվյալները, որպեսզի այլ ընկերությունները ստանան ավելի մեծ հնարավորություններ՝ Google-ի գերիշխող դիրքի պայմաններում մրցելու համար։

«Google-ի վարքագիծը հանգեցրել է անհավասար պայմանների բիզնեսի համար, իսկ նրա որակի հիմքում ապօրինաբար ձեռք բերված առավելությունների արդյունք է։ Կիրառվող միջոցառումները պետք է վերացնեն այս անհավասարակշռությունը և զրկեն Google-ին այդ առավելություններից»,- նշված է ԱՄՆ Արդարադատության նախարարության առաջարկներում։

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ մտահոգություն էր հայտնել, թե ընկերության բիզնեսների մասնատումը կարող է հանգեցնել Google-ի կործանմանը, սակայն չէր հստակեցրել, թե որ պատժամիջոցներն է համարում ընդունելի։

«Պարտադիր չէ մասնատել կազմակերպությունը, որպեսզի այն ավելի արդար դառնա»,- այս հոկտեմբերին հայտարարել էր Թրամփը։

ԱՄՆ Ներկայացուցիչների տան նախկին անդամ, հանրապետական Մեթ Գեթցը, ում Թրամփը նախատեսում է առաջադրել ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում, նախկինում կողմ էր խոշոր տեխնոլոգիական կորպորացիաների բաժանմանը, թեև Սենատում նրա թեկնածության հաստատումը կարող է բախվել լուրջ խոչընդոտների։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930