Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կորցված իսկակա՛ն կապիտալ. Բաքվի ֆիասկոն ու մեր անկարողությունը. «Ազգ»

Նոյեմբեր 22,2024 11:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազգ»ի նախորդ` նոյեմբերի 15-ի համարում «Լքյալ պատանդներ եւ… կորցված «կապիտալ»» վերնագրի տակ անդրադարձել էի ՀՀ Ազգային ժողովի նոյեմբերի 12-ի նիստում Բաքվի բանտերում տառապող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների եւ մյուս պատանդների ազատարձակման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած օրինագիծը մերժելու «ՔՊ»ական պատգամավորների վատոգի արարքին: Մինչդեռ, գրել էի, հենց այս օրերին, երբ միջազգային մամուլը Բաքվում ընթացող COP-29 համաժողովի գլխավոր հարցին` կլիմայի փոփոխության խնդիրներին անդրադառնալուց առավել` մեծ տեղ է տալիս Ալիեւի ռեժիմի չարագործություններին, ինչը հայկական կողմին առիթ էր տալիս ուժեղացնելու ճնշումը Ադրբեջանի վրա եւ միաձայն ու միահամուռ պահանջելու հայ ռազմագերիների ազատարձակումը եւ ոչ միայն:

Անցնող 3-4 օրերին ավելի մոտիկից հետեւելով միջազգային մամուլին` փաստական այլ տվյալներ են երեւան գալիս վերոհիշյալ դիտարկումը հաստատող: Ավելին` մամուլի հրապարակումներում քիչ չեն հեգնական արտահայտությունները Ադրբեջանի եւ անձամբ Իլհամ Ալիեւի հասցեին, կամա թե ակամա ընդգծելով համաժողովի անցկացման համար ավելի քան 5 մլրդ. դոլար ծախսող Ալիեւի՝ միջազգային վարկ ապահովելու հավակնության ձախողումը:

Ուշագրավ է, որ BBC-ի, The Guardian-ի եւ այլ լրատվամիջոցների թղթակցությունների մեծամասնությունը քննադատական է, երբեմն նույնիսկ` ծաղրական: Բացի Ալիեւի հակաCOP-յան ելույթից, նրանք նույնիսկ ուշադրություն են դարձրել համաժողովի հսկայական համալիրում գործող սննդի կետերում տիրող թանկությանը, իրենց բառով` դրամաշորթությանը:

BBC-ի հիմնական թղթակիցները միջոցառման վայրում եղել են Էսմե Ստալարդը եւ Իլքին Հասանովը, երկուսն էլ բնապաշտպանական հարցերում մասնագիտացած լրագրողներ: Նրանք, որպես ալիեւյան խժդժությունների մասին առաջին վկայություն ներկայացրել են Լոնդոնի LSE համալսարանի պրոֆեսոր, այժմ տնային կալանքի տակ գտնվող, 53-ամյա Գուբադ Իբադօղլուի վկայությունները: Ըստ վերջինիս, որը «կոռուպցիոն մեղքերի» համար 18 ամիս մնացել է ադրբեջանական բանտերում, պաշտոնական Բաքուն ընթացիկ համաժողովն օգտագործում է շրջակա միջավայրի պաշտպանության եւ իշխող վարչակարգի դեմ պայքարի ակտիվիստներին ճնշելու համար: Նա հաստատել է մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների պնդումը, թե կալանավայրերում գտնվող ակտիվիստների թիվը հասնում է 300-ի:

Ամփոփելով կարելի է ասել, որ COP-29 համաժողովը չկարողացավ հասնել որեւէ բանի.

Ինչպես եզրակացնում են մասնագետները, COP-29 համաժողովը եղավ կատարյալ ձախողություն, գլոբալ զարգացման խոչընդոտները գրեթե ամբողջությամբ մնացին չհաղթահարված՝ խորացնելով անջրպետը հարուստ եւ աղքատ երկրների միջեւ, հետեւաբար նաեւ՝ հակամարտությունների հետագա սրումը դարձնելով անխուսափելի:

Ինչ վերաբերում է համաժողովի հյուրընկալ երկրին՝ Ադրբեջանին, որը մինչ այդ հոխորտում էր իր ունեցած-չունեցած վարկով ու հեղինակությամբ, ջրի երես ելան նրա խորքային սնանկության բոլոր տարրերը, ընդհուպ՝ ալիեւյան ռեժիմի զավթողական, հակամարդկային, հակաիրավական, հաքաղաքակրթական էությունը:

Ափսոս, որ Հայկական պետությունը, նիկոլյան անգրագետ եւ անհեռատես ռեժիմի մեղքով, չկարողացավ ըմբռնել մեզ համար ստեղծվելիք նպաստավոր այս պահը, օգտվել հակառակորդի միջազգային վարկաբեկման ալիքից եւ COP-29 գեթ միջնորդական ձեւով համաժողովի օրակարգի նյութ դարձնել հայ ռազմագերիների, քաղաքական բոլո՛ր բանտարկյալների ազատարձակման պահանջը, դատապարտել Արցախի բռնազավթման, 130 հազար արցախցիների բռնագաղթի ենթարկելու, հնչեցնել նրանց հայրենի տուն վերադառնալու իրավունքը:

Կորցված իսկակա՛ն կապիտալ:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930