Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք չէր բանակը հետ քաշել երկրորդ էշելոն ու թեթեւ զինված սահմանապահներին կանգնեցնել շատ լավ զինված, այսպես կոչված, սահմանապահների առջեւ. Դավիթ Ջամալյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 22,2024 11:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թվում է, թե «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցող երկիրը ռազմականացման ճանապարհով չպետք է գնար, բայց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն ասում է, որ Ադրբեջանը խաղաղ համակեցության հակված չէ, ու այդ բանակցությունները «խաղաղություն» բառի շղարշի տակ Հայաստանին նոր կապիտուլյացիա պարտադրելու նպատակ ունեն։

«Ադրբեջանը պատրաստվում է կռվի, մեզնից պահանջում է ապառազմականացում, որպեսզի տեսանելի հեռանկարում ունենա կառավարելի թշնամի երկիր, որի հետ առերեւույթ կնքվի ինչ-որ մի թղթի կտոր, որի անունը խաղաղության պայմանագիր է։ Ադրբեջանի այդ նկրտումների մասին վկայում է այն, որ թեեւ իրականացվում է, այսպես կոչված, փուլային դեմարկացիա-դելիմիտացիա, ու պետական սահմանի երկայնքով երկու կողմից իբրեւ թե սահմանապահներ են տեղակայվում, ադրբեջանական կողմում կանգնած սահմանապահ ուժերն Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պլաններում ներգրավված են որպես մարտական ստորաբաժանումներ։ Դա հուշում է, որ այդ ուժերը եւս ինտենսիվորեն ներգրավված են լինելու մեր դեմ ծրագրվող ագրեսիային, որովհետեւ, երբ ուսումնասիրում ես նրանց կազմ-հաստիքային կառուցվածքն ու սպառազինությունը` հարվածային ԱԹՍ-ներ, ականանետեր, թեթեւ հրետանի, հասկանում ես, որ դրանք, ըստ էության, սահմանախախտ ստորաբաժանումներ են։ Նրանք անհրաժեշտության դեպքում՝ 1-2 կմ խորությամբ մոտակա թիկունքում պետք է մարտական խնդիր լուծեն, որպեսզի ճանապարհ հարթեն ԶՈՒ-ի համար»,- բացատրում է փորձագետը՝ շեշտելով, որ հայկական սահմանապահները զինված են թեթեւ հրազենով։

«Ես պատկերացնում եմ, թե մի իքս պահի ինչ կարող է լինել, մեր սահմանապահ ուժերը բառի բուն իմաստով թիրախի են վերածված։ Գուցե ինձ հակադրեն, թե բանակը երկրորդ էշելոնում կանգնած է, բայց պետք չէր բանակը հետ քաշել երկրորդ էշելոն ու թեթեւ զինված սահմանապահներին կանգնեցնել շատ լավ զինված, այսպես կոչված, սահմանապահների առջեւ, որոնք անհրաժեշտ պահի կարող են կոմունիկացիաներ կտրել, բարձունքներ գրավել։ Այսինքն, ամեն ինչ արվում է Ադրբեջանի վաղվա ագրեսիան ավելի դյուրին դարձնելու համար»։

Պատմության ընթացքում ապառազմականացում պարտադրել են ագրեսոր երկրներին, օրինակ, Գերմանիային՝ առաջին աշխարհամարտից հետո, երկրորդ աշխարհամարտից հետո` Գերմանիային ու Ճապոնիային: «Պատմության ընթացքում ապառազմականացման նախադեպեր կան, բայց ագրեսոր երկիրը պարտվել է` իրեն պարտադրել են ապառազմականացում: Մինչդեռ մենք ագրեսիայի զոհն ենք՝ ագրեսորը հաղթել է համակարգային դավաճանության պատճառով ու հիմա ագրեսիայի ենթարկված երկրին ագրեսորը պարտադրում է ապառազմականացում։ Այս պահին Նիկոլի իշխանությունը գուցե չխոստովանի, որ գնալու են այդ ճանապարհով, բայց ԱԺ-ում նրա վերջին ելույթը՝ բանակի հետ կապված, բացահայտեց ամեն ինչ։ Ագրեսիայի նախաշեմին բանակի նկատմամբ նման վերաբերմունք եթե անգամ ունես, առնվազն պետք է ի ցույց չդնես… դա կնշանակի, որ Սյունիքի օկուպացիան երազող ու իր ռազմական պոտենցիալը շարունակ մեծացնող թուրք-ադրբեջանական տանդեմին հանդիման մենք ունենալու ենք թույլ բանակ, որն ի վիճակի չի լինելու դիմակայել նրան»,- ասում է մեր զրուցակիցը՝ չբացառելով, որ եթե, Աստված մի արասցե, այսպես կոչված, փախստականների վերադարձի պահանջը բավարարվի, ադրբեջանական կողմը նրանց իրավունքները պաշտպանելու համար ցանկացած պահի զորք մտցնի մեր երկիր։

Նա պատահական չի համարում, որ ԶՈՒ-ին իջեցված է չկրակելու հրաման, քրեական հետապնդման են ենթարկվում այն զինվորականները, որոնք խախտում են այդ հրամանը, ինչպես եղավ Ներքին Հանդի դեպքերի ժամանակ։ Սա մեկ բանի մասին է խոսում՝ բանակի առջեւ հաղթանակ ապահովելու խնդիր դրված չէ։ Իշխանությունը հնարավոր ագրեսիայի դեպքում մեղքը կրկին կբարդի բանակի վրա, որի նախադրյալները Փաշինյանն արդեն իսկ ստեղծում է, առնվազն, ինֆորմացիոն դաշտում։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930