Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրանցի փորձագետը հաստատում է տարածաշրջանում նոր ռազմական բախման հավանականությունը. «Ազգ»

Նոյեմբեր 22,2024 11:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վերջին շրջանում իրանցի քաղաքական փորձագետների հանրույթում հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմայի շուրջ քննարկումներն աննախադեպ ծավալների են հասել:

Բաքվում իր դիվանագիտական առաքելությունն ավարտած ԻԻՀ նախկին դեսպան Աֆշար Սոլեյմանին, օրինակ, համոզված է, որ Հայաստանը «զանգեզուրյան» միջանցքի գործարկման հարցում գրեթե առարկություններ չունի Ադրբեջանի հետ, եւ միաժամանակ  այլընտրանքային տարբերակներ է առաջարկում, քննարկման նյութ դարձնելով նաեւ «խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Մոհսեն Փաքայինը, որը նույնպես Բաքվում իրանցի նախկին դեսպանների շարքն է համալրում, համոզված է, որ «զանգեզուրյան» միջանցքի թնջուկն ու դրա շուրջ ծավալվող տարաձայնությունները  չեն կարող Կովկասում նոր պատերազմի պատճառ դառնալ:
Սակայն միջինասիական ու հարավկովկասյան հարցերի փորձագետ  Մոհամմադ Հոսեյն Մասումզադեն, «Iranian diplomacy» կայքում հրապարակած իր հոդվածում, հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտումը, չի կիսում նման լավատեսական մոտեցումները եւ խաղաղությանը հասնելու ոչ մի հուսադրող ազդակ չի նկատում: Փորձագետի կարծիքով, տվյալ պարագայում կշեռքի նժարի ծանրությունը նկատելիորեն Բաքվի օգտին է:
Մասոումզադեն նշում է, որ նավթային եկամուտների շնորհիվ, Բաքուն 2006 թվականից հետո կարողացավ վերականգնել իր ռազմական պոտենցիալը եւ ձեռք բերել ժամանակակից ռազմական տեխնիկա:

Անդրադառնալով հակամարտության մյուս կողմի՝ Հայաստանի հնարավորություններին, փորձագետը փաստում է, որ Հայաստանն իր սահմանափակ ռեսուրսներով չի կարողացել ցանկալի հաջողության հասնել, ինչը հանգեցրել է  Ադրբեջանի լիակատար հաղթանակով պսակված 44-օրյա պատերազմին:

Փորձագետը փաստում է, որ հետպատերազմյան շրջանի իրավիճակն առանձնապես փոփոխության չի ենթարկվել, եւ Ֆրանսիայի ու Հնդկաստանի հետ զինամթերքի ձեռքբերման մասին Երեւանի ստորագրած պայմանագրերը դեռեւս չեն կարողացել լրացնել ճեղքվածքը:

Մասումզադեն համոզված է, որ դաշնակիցների հարցում նույնպես Ադրբեջանի  բախտը բերել է, քանի որ ՆԱՏՕ-ի ազդեցիկ անդամ Թուրքիան պարբերաբար ռազմական օգնություն է ցուցաբերել Բաքվին: Իսկ 2021 թվականին Շուշիում Անկարայի ու Բաքվի միջեւ ստորագրված պայմանագրով, երկու երկրների միջեւ ռազմական ոլորտում համագործակցությունը նոր թափ է ստացել: Բացի այդ, Իսրայելն էլ վճռական պահերին իր աջակցությունն է ցուցաբերել Ադրբեջանին:

Փորձագետի կարծիքով, դաշնակիցների հարցում Հայաստանի պայմաններն այնքան էլ հուսադրող չեն: Հոդվածագիրը փաստեր է ներկայացնում 2018 թվականից Երեւանի ավանդական դաշնակցի՝ Մոսկվայի հետ հարաբերությունների մակարդակի անկման մասին, հավելելով, որ 44-օրյա պատերազմի եւ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի մյուս ոտնձգությունների ժամանակ Երեւանը ճաշակել է այդ մթագնած հարաբերությունների դառնությունը, քանի որ Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ը այդպես էլ չկարողացավ Հայաստանի հուսալի պաշտպանը դառնալ:

Այնուհետեւ իրանցի փորձագետը նշում է, որ առկա վակուումը լրացնելու նպատակով Հայաստանը փորձեց ապավինել Եվրոմիությանը, հատկապես՝ Ֆրանսայի աջակցությանը, ինչը հաջողությամբ չպսակվեց:

Հաշվի առնելով Բաքվի ու Երեւանի միջեւ ուժերի հավասարակշռության բացակայությունը, ինչպես նաեւ զենք ու զինամթերք գնելու հարցում Ադրբեջանի աննախադեպ ակտիվությունն ու վերջինիս ռազմատենչ հռետորաբանությունը, իրանցի փորձագետը մերժում է կայուն խաղաղությանը հասնելու մասին վերլուծաբանների հուսադրող սպասելիքները եւ հաստատում տարածաշրջանում նոր ռազմական բախման հավանականությունը:

Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930