Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրն այն չէ, թե նախարար ով կնշանակվի, խնդիրն այն է` ով է կառավարության ղեկավարը. Նաիրա Կարապետյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 22,2024 11:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ստացվեց, որ Հայաստանի ներքին գործերի նախարարը կին է, գլխավոր դատախազը կին է, արդարադատության, ԿԳՄՍ, առողջապահության նախարարները կին են, մարդու իրավունքների պաշտպանը կին է, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը կին է: Կանայք են նաեւ առաջին դեմքերից շատերի տեղակալները, օգնականները, խորհրդականները:

Առաջներում Հայաստանում շատ քիչ էին կին պաշտոնյաները: Մենք ունեցել ենք սոցապահովության, ապա սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան: Բայց բարձր պաշտոններում հիմնականում տղամարդկանց էին նշանակում: Թեմայի մասին զրուցել ենք նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի եւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի հետ:

Նաիրա Կարապետյան – Քաղաքականության մեջ կին-տղամարդ բաժանումն արհեստական կատեգորիա է: Արդյունավետ աշխատանքի համար պետք է մարդու կառավարման փորձի վրա հենվել: Պետք է հայրենանպաստ գործունեությունը կարեւորել: Իհարկե, վատ չէ, երբ կանանց ներգրավում են քաղաքականությանը, բայց Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այնքան դուրս է քաղաքական բացատրություններից, քաղաքագիտական նորմերից, ընկալումներից, որ նրանց քննարկելն անգամ անշնորհակալ գործ է: Երկրի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, ուստի չկա տարբերություն, թե որ նախարարությունն ով կղեկավարի: Ինչպես տեսնում ենք` նրա բոլոր հրամանները, հանձնարարականները կատարվում են: Թե ովքեր կլինեն կատարողները, դա հարցի մյուս կողմն է: Չէի ցանկանա ՀՀԿ-ի կառավարման տարիների ու այսօրվա միջեւ զուգահեռներ տանել, քանի որ ահռելի է տարբերությունը: Այսօր ամեն ինչ կորցնում ենք` սահմանների կորստից սկսած, Արցախի կորստով վերջացրած: Ամեն հնարավոր բան: Ահռելի թանկացումներ են, մարդու կյանքի որակն օրեցօր փոխվում է: Ցանկացած ոլորտում քաոս է: Եվ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության է, իր նախարարները կատարելու են իր հրահանգները: Իսկ կանանց ցուցադրական առաջ տանելը հերթական արեւմտյան որոշ ուժերին հաճոյանալու, դեմոկրատ երեւալու փորձ է: Ուզում են ցույց տալ, որ Հայաստանը դեմոկրատիայի բաստիոն է, ուզում են փրկել իրենց դեմքը…. Խնդիրն այն չէ, թե նախարար ով կնշանակվի, խնդիրն այն է` ով է կառավարության ղեկավարը: Մեր ժամանակ կանանց ներկայությունն Ազգային ժողովում խիստ անհրաժեշտ էր, բայց այսօր մենք տեսնում ենք, որ ԱԺ նախագահը վիրավորում է ընդդիմադիր կին պատգամավորին, եւ ոչ մի իշխանական կին չի միջամտում, չի սաստում, չի արձագանքում, դեռ մի բան էլ տեղից նստած` ուրախանում են: Մեր ժամանակ չկար նման բան, կանանց ներգրավվածությունը քաղաքական կյանքում դրական ազդեցություն ուներ: Կինը պետք է լինի քաղաքականության եւ կառավարության մեջ, այս ամենն ունի հստակ հիմնավորումներ, բայց դրանք Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ չկան: Փաշինյանի կողմից կանանց պաշտոններ տալը շատ արհեստական է: Ու այստեղ խնդիրն այդ նախարարները չեն, խնդիրն այն մթնոլորտն է, որը տիրում է իշխանական ճամբարում, այն ոչ մի լավ տեղ չի տանում երկիրը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930