Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնավո՞ր էր, արդյոք, պատժի պարտադիր կրման նվազագույն հաշվարկ կատարելը

Նոյեմբեր 22,2024 13:30

Ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձին դատապարտել էին 3 տարի 6 ամիս ազատազրկման, ապա պայմանական վաղաժամկետ ազատել

«Սեւան» քրեակատարողական հիմնարկի պետը միջնորդագրով դիմել էր առաջին ատյանի դատարան՝ պատիժը կրող Ի. Երանոսյանի գործով: Վերջինին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հորեղբոր որդուց տեղեկանալով 2019 թվականի դեկտեմբերի 8-ի առավոտյան, ավտոմեքենաները վարելու հարցի շուրջ ծագած միջադեպի մասին, պարզաբանում ստանալու նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 8-ին` ժամը 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում, Երեւանի Թբիլիսյան խճուղի 33/5 հասցեի մոտ տեղի ունեցած հանդիպման ժամանակ առաջացած վիճաբանության ընթացքում գրպանից հանել է դանակը եւ դիտավորությամբ հարվածել է տուժող Ի. Սարգսյանին` վերջինիս առողջությանը պատճառելով` ձախ ծնկահոդի շրջանի քերծվածք, ներկայիս` ապապիգմենտավորված տեղամասի, հեմոպնեւմոթորաքսով, 10-րդ կողի կոտրվածքով, ստոծանու միջանցիկ, փայծաղի վնասումներով, հեմոպերիտոնեումով եւ հեմոռագիկ շոկով զուգորդված` կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող կրծքաորովայնային վնասվածքի ձեւով առողջությանը ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող: Ի. Երանոսյանի նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին:

Առաջին ատյանի դատարանը Ի. Երանոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ որպես պատիժ նշանակել ազատազրկում 3 տարի 6 ամիս ժամկետով: Ապա վճռել՝ նշված ժամկետից հաշվանցել անազատության մեջ գտնվելու 3 օրը եւ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 3 տարի 5 ամիս 27 օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան` 5 տարի ժամկետով: Ի. Երանոսյանի վրա լրացուցիչ պարտավորություն է դրել նյութական օգնություն ցույց տալ տուժողի ընտանիքին:

Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ Ա. Առաքելյանը վերաքննիչ բողոք է բերում, որը եւ բավարարվում է:

Երեւան քաղաքի դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ ԵԴ/0624/01/20 դատավճռով ամբաստանյալ Ի. Երանոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով վերաքննիչ դատարանը որոշում է բեկանել՝ վերացնելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը, Ի. Երանոսյանին թողնելով կրելու ազատազրկում՝ 3 տարի 5 ամիս 27 օրը, պատժի սկիզբը հաշվելով Երանոսյանին սույն որոշման հիմքով փաստացի արգելանքի վերցնելու պահից:

Առաջին ատյանի դատարանի դատավճիռը մնացած մասով թողնվում է անփոփոխ:

Վերաքննիչ դատարանի դեմ հատուկ վերանայման բողոք է բերում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե. Ավագյանը: Ըստ բողոքաբերի՝ «Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա. Դատարանը պետք է պատժից պայմանական ազատեր արարքը կատարելու պահին գործող 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 76 հոդվածի իրավակարգավորումներով»: Բողոքաբերը դատարանին խնդրում է Երանոսյանի պայմանական վաղաժամկետից ազատելը մերժել, կայացնել նոր դատական ակտ:

Վճռաբեկ դատարանը օրերս՝ նոյեմբերի 18-ի որոշմամբ, փաստում է, որ Երանոսյանը պայմանական վաղաժամկետ ազատվելու օրվա դրությամբ պատժից փաստացի կրել է 1 տարի 7 ամիս 16 օրը, որից 3 օրը կրել է նախաքննության ընթացքում արգելանքի տակ գտնվելու հանգամանքով պայմանավորված, իսկ 1 տարի 7 ամսի 13 օրը օրինական ուժ ստացած դատական ակտի կատարման փուլում: Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նա փաստացի չի կրել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման կեսը:

Վճռաբեկ դատարանը գործը քննում է գրավոր ընթացակարգով: Նոյեմբերի 18-ին կայացրած որոշմամբ բարձրագույն դատարանն արձանագրել է, որ ստորադաս դատարանների կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս փոփոխելու կայացված դատական ակտերը, այն է՝ Երանոսյանին պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու:

Վճռաբեկը որոշել է ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 4-ի եւ վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր՝ Ա. Մաթեւոսյան) հոկտեմբերի 25-ի որոշումները փոփոխել եւ մերժել «Սեւան» ՔԿՀ պետի միջնորդագիրը՝ վաղաժամկետ պայմանական ազատել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,
21.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930