Լրահոս
Օրվա լրահոսը

Զրույց երաժիշտների միջեւ

Նոյեմբեր 22,2024 12:30

Մոտ մեկ տարի առաջ ես դեռ չէի ճանաչում ազգությամբ քուրդ ռեժիսոր Պինար Օգրենչիին, մինչ այն օրը, երբ նամակ ստացա, որ ծնունդով Վանից այս կինը ֆիլմ է նկարում իր բառերով ասած՝ հայկական կարեւորագույն քաղաք Վանի մասին։

Նամակը գրելու առիթը նույնպես Վասպուրական աշխարհում ծնված Հայրիկ Մուրադյանի երգերն էին, որը ինչպես Պինարն է ասում՝ գանձի պես հայտնագործություն էր իր համար։

Պինարը գտել էր տարիներ առաջ իմ կողմից հրատարակած Հայրիկի կատարմամբ Մոկաց երգերի ձայնասկավառակը եւ շտապել էր գտնել ինձ։ Նման դեպքերում նորից ու նորից եմ ցանկանում բղավել, թե որքան կարեւոր է մեր մշակույթի տարածումը միջազգային հարթակներում, որոնք իրենք իրենց արդեն ապացույց են մեր պատմության մասին, վկաներն են մեր պատմական հայրենիքի։

Բնականաբար, ինձ անմիջապես գերեց այն միտքը, որ մինչեւ վերջերս Թուրքիայում ապրող ստեղծագործողը ֆիլմ է պատրաստում նկարել Վանի մասին։

Այս միտքը ե՛ւ հուզական էր, ե՛ւ լեցուն ներքին անհանգստությամբ։

Մենք սկսեցինք նամակների միջոցով խոսել իրար հետ։

Ֆիլմը կոչվում է «Ձնահոսք»՝ Avalanche, ձյան հոսքը, որը իր հետեւից ավերումներ է բերում, խլում մարդկային կյանքեր։

Արդեն բազմաթիվ ցուցադրումներ է ունեցել ֆիլմը, ինչպես օրինակ՝ Շվեյցարիայի հայտնի Vision du Rռel Nyonը կամ՝ Ստամբուլի վավերագրական ֆիլմերի կինոփառատոները։

Պինարի խոսքերով՝ ֆիլմը ներողություն խնդրելու փորձ է պատմական անարդարությունների, անպատժելիության դեմ արված իր բողոքն է, մարդկանց ձայնն է, որ փնտրում են չկայացած արդարությունը ու նաեւ առճակատում է, առերեսում իրականության հետ։

Իմ հարցին, թե՝ ինչո՞ւ է նա ներողություն խնդրում ցեղասպանության համար՝ Պինարը պատասխանեց։

– Ես ծնվել եւ մեծացել եմ Վանում՝ իմ հայրենի քաղաքում, որը Վասպուրական թագավորության մայրաքաղաքն էր։ Կարծում եմ 10-րդ դարից ի վեր, գուցե նույնիսկ նախկինում այն հայերի համար շատ յուրահատուկ եւ խորհրդանշական քաղաք է եղել։ Հատկապես 19-րդ դարի վերջին Վանը արեւելահայերի համար դարձավ մտավոր հարուստ կյանքով կարեւորագույն քաղաք։ Երանի ես այդ ժամանակներում ապրեի…

Բայց ինձ համար իմ Վան քաղաքը մահացել էր 1915 թվականին, դարձել չոր, պահպանողական, լուռ ու մեռած քաղաք իր նոր բնակչությամբ, որոնք բերվել էին արեւմուտքից, հյուսիսից եւ արեւելքից։ Երբ մեծանում ես այսպիսի քաղաքում, որտեղ չես կարող խոսել նրա անցյալի, նախկին մարդկանց ու մշակույթի մասին, զգում ես, որ մեղքի մի մասն էլ քոնն է…

Դեռ պատանեկությունից այս տարօրինակ մեղքն ունենալով ուսերիս, այն ինձ բերեց 3300 մ բարձրությամբ լեռները, որոնք ծածկում էին Մոկսը, ինձ համար քրդերենով՝ Միկիսը։ Գտնում եմ, որ բոլոր նրանք, ովքեր լռության են մատնում Անատոլիայում ապրած հայերի հետ կատարվածի մասին՝ մեղավոր են հավասարապես։

Թրքական կառավարությունը երբեք չի ընդունել իր մեղքը, իսկ ես չեմ ուզում լռել եւ այսպես, իմ լեզվով, ֆիլմի միջոցով կարող եմ ներողություն խնդրել ինքս ինձնից՝ որպես հայության խորհրդանշական մայրաքաղաք Վանի արվեստագետ։

Բազմաթիվ այլաբանությունների լեզվով Պինարն այս ֆիլմով իր շատ կոնկրետ դիրքորոշումն է հաստատում մարդկային հարաբերությունների, մարդու եւ բնության կապի մասին։ Ճանապարհներ, որոնք միշտ չէ, որ կապող են լինում… ճանապարհները նաեւ կտրում են հարաբերությունները։

– Մոկացը ցույց տալու կամ ցեղասպանության մասին խոսելու փոխարեն, որը անհնար է, որոշեցի կենտրոնանալ հարաբերությունների, պատմական, քաղաքական, մարդկային կապերի վրա, որոնց ստեղծումն ու ամրապնդումը դարեր է տեւում, իսկ փչացնելը կամ ոչնչացնելը՝ շատ հեշտ ու արագ։

Այս բոլոր ծառերը, որ տեսնում ենք ֆիլմում, շատ հին են։ Հայերը ամեն ծնված երեխայի համար 15 ծառ էին տնկում։ Այս ծառերը դեռ պտուղ են տալիս, որոնցից մենք դեռ օգտվում ենք։

Իմ պապը միշտ կրկնում էր.

– Անցյալում, երբ մարդիկ տեսնում էին բազմաթիվ ընկուզենիներ, ասում էին՝ այստեղ հայեր են ապրել։

Այնուհետեւ հայերը դադարեցին ընկուզենիներ տնկել, հավատում էին, որ վատ բախտ է բերում…

– Երաժշտությունը նույնպես կարեւոր կապ է մարդկանց միջեւ։ Իմ ընտանիքի քաղաք Վանում է ծնվել Հայրիկ Մուրադյանը, որ ստիպված է եղել իր բազմանդամ ընտանիքի հետ փախչել ցեղասպանվելուց։ Այնուհետեւ, ամբողջ կյանքի ընթացքում նա փորձում էր վերհիշել այն երգերը, որոնք երգում էին Վանում իր մանկության տարիներին, վերհիշում մոր ձայնով, շատ փոքր քանակով կենդանի մնացած իր ընտանիքի մյուս անդամներից, այսպիսով ամբողջ կյանքը նվիրելով իր ազգի երգերը գտնելուն։

Երբ իմացա, որ Հայրիկ հայերենով նշանակում է հայր՝ ուրախությունից գոռում էի։ Դա հենց այն բանալին էր, որը կապում էր Հայրիկի եւ իմ հոր քաղաքը եւ կապ չունի, թե ում հոր մասին է խոսքը։

Ֆիլմի ընթացքում պարբերաբար հնչում է Հայրիկ Մուրադյանի ձայնը…

Համեմատական գրականության հայտնի պրոֆեսոր Մայքլ Ռոթբերգը ֆիլմի մասին գրում է. «Ձնահոսք» ֆիլմում Հայրիկ Մուրադյանի ձայնը վերադարձնում է այն բնապատկերը,
որը ժամանակին բացվել է ծաղկող հայկական համայնքի վրա։ Դա ֆիլմի հեղինակը
անում է ձայնի եւ պատկերների ոչ զուգահեռ մոնտաժի միջոցով եւ որ կարեւոր է՝ ոչ խղճահարություն առաջացնելու միտումով։

Ֆիլմը այնպես է կառուցված, որ քաղաքի բնական միջավայրի սկզբնական ապշեցուցիչ
կադրերից դուրս է գալիս դեպի այն փաստը, որ 1915 թվականի աղետը շրջադարձային
կետ դարձավ մի ամբողջ ազգի համար, որպես աղետի վայր, լեցուն բազմակողմանի
հիշողություններով»:

Ֆիլմում օգտագործված խորհրդանիշներից մեկն էլ Շախմատն է, որի միջոցով իր ասելիքին է անդրադառնում հեղինակը։

Բրազիլերենում Շախմատ՝ նաեւ բանտ է նշանակում։

– Քաղաքի այս մասը բանտի է նման, այստեղ մարդիկ կապ չունեն աշխարհի հետ։

Այս խաղի օրենքները նման են պատերազմի օրենքներին, անկանխատեսելի քայլերի եւ ռազմավարությունների խաղ է։

Անդրադարձել եմ այս խաղին ընդգծելու համար պատմական սխալների, ժխտումների եւ խայտառակությունների կրկնությունը։

Շախմատի սեղանը քաղաքական այն միջավայրն է, որը պարբերաբար ավերվում է, հետո՝ կառուցվում։

Մարդիկ այդ քաղաքում անդադար շախմատ են խաղում, որը երբեք չի ավարտվում, կամ՝ ավարտվում է ու նորից սկսվում։

Ճիշտ այս խաղի նման մեզ պետք է ճանաչել դիմացինին եւ գիտենալով պատմական խնդիրները, գուցե կարող ենք ապագայում գտնել խաղաղության ուղիներ հայերի, թուրքերի, քրդերի միջեւ։

– Պինար, մարդկության պատմությունը դա մարդու կյանքի շարունակականությունն է։ Արդյո՞ք մի օր քաղաքակրթությունը կկարողանա հասնել այն կետին, որ մարդը այսպես դաժանաբար չոչնչացնի իր նմանին, իրեն հաղթող համարող կողմը հպարտությամբ չխոսի իր կողմից սպանված, հազարավոր կորսված կյանքերի մասին։ Արդյո՞ք մարդը կկարողանա բռնել իր իսկ ձեռքը, որ թույլ չտա խլելու իր նմանի կյանքը։

– Մենք բոլորս կապված ենք պատմական կապերով, ինչը նշանակում է, որ ունենք միմյանց կարիքը: Ուրիշի նկատմամբ բռնությունը բռնություն է մնացածի հանդեպ: Ցեղասպանությունը ոչ միայն ոչնչացրեց հայկական կյանքն ու գոյությունը այդ տեղանքում, այլեւ այլ համայնքների կյանքը խառնեց իրար, ովքեր նախկինում ապրում էին հայերի կողքին, ապրում էին խաղաղ։ Այն ոչնչացրեց խաղաղ ժամանակները, որոնք կիսում էինք միասին:

Եթե մենք կարողանանք փորձել վերանորոգել պատմական պատերը՝ ընդունելով իրականությունը, կարող ենք գտնել համայնքների միջեւ հաղորդակցվելու հնարավորություններ, քանի որ մենք դեռ այնքան մոտ ենք միմյանց…

Ես հավատում եմ, որտեղ եւ երբ էլ լինի, մենք պետք է խաղաղություն պահանջենք, պետք է համոզենք մեր կառավարություններին դադարեցնել շարունակվող պատերազմները։

Ես միշտ հավատում եմ խաղաղության հնարավորությանը, այլապես չեմ կարող շարունակել աշխատել որպես արտիստ։ Կարծում եմ՝ ինչ-որ բան ինձ կպահի գոյատեւելու եւ ստեղծագործելու համար:

Իսկ ես ավելացնում եմ. պատերազմներից ոչ ոք հաղթանակած դուրս չի գալիս։ Մնում է դարերով ձգվող մարդկության ամոթը, չբուժվող ցավը…

Զրույցը վարեց եւ անգլերենից թարգմանեց շարքի հեղինակ՝ ջութակահար

Նարինե ԴԵԼԼԱԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ,
21.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930