Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբ

Նոյեմբեր 22,2024 10:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահության հայտարարությունը

Վերջին շրջանում ՀՀ իշխանության որոշ բարձրաստիճան ներկայացուցիչներ ջանք չեն խնայում 1990 թվականի օգոստոսի 23-ին միաձայնությամբ ընդունված Հայաստանի Անկախության հռչակագիրն անվանարկել և անհեթեթ պատճառաբանություններով իրենց իսկ կողմից իրականացրած և ձախողած քաղաքականությունը, մասնավորապես, 2020 թ․ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունը պատճառաբանել Հայաստանի Անկախության հռչակագրում ամրագրված ուղենիշային դրույթներով։

Իսկ ՀՀ վարչապետն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ «Հայաստանի անկախության հռչակագիրը նրա մասին է, որ Հայաստանը չի կարող գոյություն ունենալ… Եվ սա մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունն է»։

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբն անընդունելի է համարում ՀՀ վարչապետի այդպիսի դիրքորոշումը և օրվա իշխանություններին հիշեցնում է, որ Անկախության հռչակագրով պայմանավորված և անցկացված անկախության Հանրաքվեի արդյունքներն ողջ աշխարհին ազդարարեցին հայ ժողովրդի ազատատենչ կամքը՝ ունենալու Հայկական անկախ ու ժողովրդավար պետություն և 1991թ. սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

Գերագույն խորհուրդը, ելնելով Հռչակագրի դրույթներից, սահմանեց անկախ պետականության խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը, օրհներգը։

Հայաստանի Անկախության հռչակագրի և Սահմանադրության որևէ դրույթ ու ՀՀ պետական խորհրդանիշները՝ Միավորված ազգերի անդամ պետությունների կողմից Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ պետության ճանաչման և միջազգային իրավունքի հետ խնդիրներ չեն ունեցել և ներկայումս էլ չունեն։

Հայաստանի Անկախության հռչակագրի ճակատագիրն ինքնավար է ՀՀ Սահմանադրության ճակատագրից:

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահությունը, հաշվի առնելով պատգամավորների դիրքորոշումները հայտարարում է՝

Հայաստանի Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն, այն հարատև գործող փաստաթուղթ է և հանդիսանում է հայկական պետականության հարատևության հենասյուներից մեկը։

Հայաստանի Անկախության հռչակագիրը պետականաստեղծ, հիմնադիր նշանակության ակտ է, ուստի այն պետք է ընկալել որպես անկախ պետականության պահպանման, հարատևության երաշխիքներից մեկը։

Նախագահ Վարդան Պետրոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930