Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը` «ոսկոր» Ալիեւի ռեժիմի «կոկորդում»

Նոյեմբեր 22,2024 12:00

Ադրբեջանը կոշտ ու չդադարող քննադատությունների տարափի ներքո է

COP 29-ի գագաթնաժողովից առաջ եւ ընթացքում միջազգային հանրության կողմից ալիեւյան ռեժիմի վերաբերյալ հրապարակային կոշտ քննադատությունների տարափն իսկապես տպավորիչ էր: Այդ քննադատության դոզան այն աստիճան ահռելի էր, որ մի օր անգամ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հրապարակավ հարկ համարեց այդ մասին խոսել եւ Արեւմուտքին քննադատել` Բաքվի նկատմամբ ճնշումներ գործադրելու համար:

Ադրբեջանի նկատմամբ մեղադրանքների, պահանջների գիծն անշեղորեն շարունակվում է, եւ վերջին օրերին ուշադրության կենտրոնում էր Արցախից տեղահանվածների խնդիրը, որը, վստահաբար, Ալիեւի համար ցավալի հարված է:

Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեն Ալիեւի վարչակազմին կոչ է արել «քաղաքական, իրավական, գործնական պայմաններ ստեղծել, որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի անվտանգ ու անարգել վերադարձի համար, ինչպես նաեւ հատուկ մեխանիզմ՝ սեփականության հարցերը լուծելու նպատակով»։

«Խորհրդատվական կոմիտեն առաջին անգամ գնահատում է իրավիճակը Ղարաբաղի տարածաշրջանում։ Մոնիթորինգի այս շրջանի ընթացքում Ադրբեջանը վերահաստատել է իր վերահսկողությունը Ղարաբաղի, ինչպես նաեւ հարակից յոթ շրջանների նկատմամբ։ Միեւնույն ժամանակ, Լաչինի միջանցքի գրեթե տասը ամիս շրջափակումից, 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանի իշխանությունների ռազմական գործողությունից եւ միջանցքի հանկարծակի վերաբացումից հետո ավելի քան 100.000 հայեր լքել են տարածաշրջանը»,- ասվում է զեկույցում։

Որպես անհապաղ գործողությունների հանձնարարական՝ Խորհրդատվական կոմիտեն կոչ է անում իշխանություններին ստեղծել քաղաքական, իրավական եւ գործնական պայմաններ, որոնք անհրաժեշտ են Ղարաբաղից տեղահանված հայերի անվտանգ, անխոչընդոտ եւ կայուն վերադարձի համար, նաեւ ստեղծել սեփականության հարցերով զբաղվելու հատուկ մեխանիզմ: Ադրբեջանի իշխանություններին նաեւ կոչ է արվում գույքագրել, պաշտպանել եւ պահպանել հայկական բոլոր կրոնական եւ մշակութային վայրերը, ինչպես նաեւ հետաքննել տարածաշրջանում էթնիկ հայերի կողմից օգտագործվող պատմական եւ մշակութային հուշարձանների եւ գերեզմանոցների վանդալիզմի, ոչնչացման եւ փոփոխության բոլոր մեղադրանքները: Խորհրդատվական կոմիտեն կոչ է անում իշխանություններին ձեռնպահ մնալ եւ խստորեն դատապարտել անհանդուրժողականության եւ էթնիկ ատելության տարածման ցանկացած դրսեւորում հայ համայնքին պատկանող անձանց նկատմամբ՝ հաշտեցման գործընթացը դյուրացնելու նպատակով։ Պաշտոնական Բաքուն ի պատասխան անհիմն է որակել Եվրոպայի խորհրդի զեկույցում տեղ գտած պնդումները՝ հայտարարելով, որ Կոմիտեի կողմից կիրառվող մոտեցումը «լուրջ հարցեր է առաջացնում»։ Էթնիկ զտումների ենթարկված Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի, ինչպես նաեւ` հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության թեմայով օրերս արտահայտվել են ամերիկացի սենատորները եւ հատկանշականն այն է, որ այդ մասին նրանք խոսել են Բաքվում:

COP 29 կլիմայական կոնֆերանսի ժամանակ Ալիեւի կառավարության կողմից ճնշումների եւ ահաբեկումների պայմաններում, սենատորներ Էդ Մարքին եւ Շելդոն Ուայթհաուսը, ինչպես նաեւ Կոնգրեսի հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենք Փալոնը բարձրաձայնել են Արցախի էթնիկ զտումների ենթարկված հայ բնակչության վերադարձի իրավունքի իրացման, հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտությունը։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի փոխանցմամբ, նոյեմբերի 16-ին Բաքվում COP 29-ի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում, ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցին՝ թե ինչու ԱՄՆ-ը պատժամիջոցներ չի կիրառել Հայաստանի նկատմամբ, սենատոր Ուայթհաուսը պատասխանել է. «Ես եւ սենատոր Մարքին աջակցում ենք Հայաստանին, երկուսս էլ: Շատ ենք ցավում, որ տեղի է ունեցել այդքան շատ հայերի տեղահանում։ Մեղմ ասած, ես հեռու եմ այն համոզմունքից, որ հայերն են դրա մեղավորը։ Եվ ես չեմ ցանկանում մեզ հյուրընկալողների մոտ մարդու իրավունքների հարցերով խոսել։ Բայց եթե դա լիներ թեման, ես չէի լինի շատ կոմպլեմենտար»,-ասել է Շելդոն Ուայթհաուսը, որի խոսքերը մեջբերում է ANCA-ն X-ի իր միկրոբլոգում։ «Մենք կարծում ենք, որ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն։ Կարծում ենք, որ հայերը պետք է Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք ունենան։ Եվ մենք կարծում ենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետք է լինի խաղաղության պայմանագիր»,- իր հերթին ասել է սենատոր Էդ Մարքին։

Արդեն Վաշինգտոն վերադառնալուց հետո՝ հոկտեմբերի 18-ին, Կապիտոլիումի բարձունքում հրավիրված մամուլի ասուլիսում կոնգրեսականները մանրամասներ են ներկայացրել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների լայնածավալ վատթարացումների եւ COP 29-ի ժամանակ իրենց անձնական անվտանգությանը վերաբերող սպառնալիքների վերաբերյալ: Սենատոր Մարքին մասնավորապես նշել է. «Մենք չէինք կարող անտեսել վախի եւ բռնաճնշումների մթնոլորտը հենց համաժողովի պատերից դուրս… Մենք չենք կարող լռել։ Մենք չենք կարող անտեսել թշնամական մթնոլորտը, որում համաժողովն այժմ էլ դեռ ընթանում է»։

Պարզվում է, Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւի հետ հանդիպմանը սենատոր Մարքին բավական կոպիտ է արտահայտվել. «Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակի բոլոր հայ եւ ադրբեջանցի քաղբանտարկյալներին, երաշխավորի էթնիկ հայ խաղաղ բնակիչների վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ եւ բարեխիղճ բանակցություններ վարի Հայաստանի հետ խաղաղության պայմանագրին հասնելու համար, որը կերաշխավորի տարածաշրջանային խաղաղությունը եւ միջազգայնորեն համաձայնեցված սահմանները»:

Իր հերթին Ֆրենք Փալոնը նկատել է ալիեւամետ «ցուցարարների կամ ավազակների» կրկնվող եւ «սինխրոնիզացված» ջանքերը՝ հարձակվելու իր վրա՝ Արցախի ինքնորոշմանը բացահայտ աջակցության համար։ «Եթե չլինեին ԱՄՆ դեսպանատան վարձած անվտանգության աշխատակիցները, ես հիվանդանոցում կհայտնվեի։ Ես պարզապես ուզում եմ անկեղծ լինել: Դա շատ լուրջ էր»։ Սենատոր Մարքին համաձայնել է՝ նշելով. «Ինչպես Ֆրենք Փալոնը, ես նույնպես զգացի՝ պետք է միշտ ինձ հետ թիկնապահ ունենամ: Նույնիսկ՝ հյուրանոցի նախասրահում, նույնիսկ՝ իմ սենյակ բարձրանալիս»։

Փալոնը նաեւ հայտարարել է, որ համաժողովից մի քանի օր առաջ նախագահ Ալիեւը սկսեց հարձակվել ֆրանսիացիների վրա, սկսեց հարձակվել հոլանդացիների վրա այն աստիճան, որ նրանք նույնիսկ չեկան կոնֆերանսին։ Փալոնը, որին Ադրբեջանի իշխանություններն արգելել էին Կոնգրեսի պատվիրակության կազմում հանդիպել Ալիեւի հետ, նշել է. «Ինձ եւ սենատոր Մարքիին խեղդելու ջանքերը միայն ամրապնդում են իմ վճռականությունը՝ պայքարելու հանուն բարեփոխումների եւ նրանց արժանապատվության, ովքեր տուժել են Ադրբեջանի ճնշող ռեժիմի պատճառով: Ես կշարունակեմ պայքարել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման, Հայաստանի տարածքային ինքնիշխանության պաշտպանության, հայկական հողից ադրբեջանական զորքերի հեռացման եւ տարածաշրջանում վերջնական հանգստություն հաստատող արդար եւ տեւական խաղաղության համաձայնագրի համար»:

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոնը նաեւ X-ում անդրադարձել է իր դեմ անցկացված բողոքի ակցիաներին, գրելով. «Չնայած նրան, որ Ալիեւը կոշտ ցույցեր է կազմակերպում ինձ խանգարելու համար, ես շարունակելու եմ պայքարել Հայաստանի տարածքային ինքնիշխանության, հայ բանտարկյալների ազատ արձակման եւ խաղաղության համաձայնագրի համար, որը խաղաղություն կբերի տարածաշրջանին»։

Ի դեպ, Փարիզը եւս, այս շաբաթ հիշեցրեց Արցախի ժողովրդի իրավունքի մասին: 2023թ. նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանն ամրագրեց Լեռնային Ղարաբաղը հարկադրված լքած հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը։ Մեկ տարի անց Ադրբեջանին ուղղված այս հրամանը մնում է անկատար, X-ի իր էջում հայերենով գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին: «Ֆրանսիան ոչինչ չի մոռանում եւ ոչինչ չի զիջի՝ ոչ նրանց վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանության հարցում»,- գրել էր դեսպանը:

Արեւմուտքից արցախահայության իրավունքների պաշտպանության վերաբերյալ ազդակները չպետք է մնան անարձագանք եւ անհետեւանք: Ազդակներին զուգահեռ պետք է իրականացնել աշխատանք, որպեսզի դրանք չմնան բացառապես կոչերի ու հայտարարությունների դաշտում:

Ո՞վ պետք է զբաղվի այդ գործով: Հայաստան պետության իշխանությունները: Իսկ ունե՞ն այս իշխանությունները նման մտադրություններ…

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 21.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930