Վերջերս Հայաստանի ամերիկյան համալսարանի ամերիկացի դասախոսներից մեկի հետ զրուցում էինք Միացյալ Նահանգների ներքաղաքական իրավիճակից: Դասախոսը Ամերիկային վերաբերելի համատեքստում ասաց, որ բոլոր հասարակություններում կա մեկ կամ մի քանի հարց, որոնց մասին գրեթե բոլորը կիսում են նույն տեսակետը: Ավելի քան 7 տարի Հայաստանում բնակվող քաղաքագետն այս հասկացությունը տեղայնացրեց հայաստանյան կոնտեքստին եւ նշեց. «Հայաստանում նման հարց է Արցախը: Բոլորը գիտեն դրա մասին, եւ բոլորն էլ միակարծիք են, որ այն հայկական հող է»:
Առաջին հայացքից տեղին եւ բնական օրինակ էր: Զրույցին մասնակցող տղաներից մեկը, սակայն, դասախոսի բերած օրինակին ի պատասխան՝ արձագանքեց. «Պրոֆեսոր, միգուցե զարմանաք, բայց հիմա այնքան հայ կա, որ ասում է՝ Արցախը հայկական չէ»:
Արցախը հայրենիք չէ՞ր
Եվ իսկապես, եթե մտածենք, հավանաբար բոլորս էլ կմտաբերենք զանազան օրինակներ՝ թե՛ քաղաքական գործիչների, թե՛ հասարակ քաղաքացիների հնչեցրած տեսակետներ, ըստ որոնց՝ Արցախը մեզ համար հայրենիք չէր, իսկ արցախցիներն էլ «հենց սրան էլ արժանի էին»:
Կարդացեք նաև
Նույնիսկ 9-ամսյա շրջափակման ժամանակ կային շատ անտարբեր մարդիկ, որոնք վայելում էին կյանքը: Դեռ ավելին, նողկալի մտքեր էին հնչում, որ արցախցիները պատասխան են տալիս հայաստանցիների հանդեպ իրենց սխալների համար:
Փաստորեն, խոր վերլուծություն անհրաժեշտ չէ հասկանալու համար, որ Արցախն այլեւս այն հարցը չէ, որի շուրջ հայ ժողովուրդն ունի հավաքական, միակարծիք դիրքորոշում:
Ցեղասպանության հարցում միակարծի՞ք ենք
Լավ, ամեն դեպքում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հո տեղավորվո՞ւմ է դասախոսի նկարագրած հասկացության մեջ: Բոլոր հայերն էլ միակարծիք են, որ ցեղասպանություն եղել է, եւ, ինչպես գրված է Հայաստանի Անկախության մասին հռչակագրի 11-րդ կետում՝ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:
Բայց մեկ վայրկյան, կարծես թե Ցեղասպանության հարցի շուրջ էլ միակարծություն չկա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Ցեղասպանության թեման երեւան է եկել խորհրդային իշխանությունների դրդմամբ՝ Մոսկվայի քաղաքական շահից ելնելով: Իշխանամերձ շրջանակներն էլ տեղիք են տալիս անկախ պետականության եւ Ցեղասպանության հիշատակման արհեստածին հակադրանքին:
Այլ հարցեր
Բանակի շուրջ էլ միակարծություն չկա: Չէ՞ որ բանակի «սրբագործումը Երրորդ հանրապետության ընթացքում մեր բոլորի գործած մեծագույն սխալն է»: Վարչապետի խոսքերն են։ Այսօր պետք է ՀՀ հարկատուին սրբագործել:
Ոչ էլ Անկախության հռչակագրի շուրջ համախմբում կա: Պետականաստեղծ փաստաթղթի վերաբերյալ Փաշինյանը «սարսափելի եզրակացության է հանգել»: «Այդ Անկախության հռչակագիրը, բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ»,-կարծում է նա: Դե, իհարկե, իր աջակիցները նույն կարծիքին են։
Միակարծություն կա՞ գերիների վերադարձի հարցում
Միգուցե Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների՝ հայրենիք վերադարձի ապահովումը կարող է լինել այն հարցը, որի շուրջ մեզանում երկրորդ կարծիք չկա: Կարող էր այդպես լինել, բայց չմոռանանք, որ մեր որոշ համաքաղաքացիներ գռեհիկ հռետորաբանությամբ համեմված դիտարկումներ են անում, թե Արցախի ղեկավարների հայրենադարձմամբ Հայաստանը կարող է տուժել, քանի որ նրանք կփորձեն հեղաշրջում անել երկրում:
«Նշեցիք Ռուբեն Վարդանյանի դեպքը, բայց շատ կարեւոր հարցեր կան՝ ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց անել այդ քայլը, ո՞վ նրան գործուղեց ՀՀ, գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ի՞նչ խոստումներով»,- «Առավոտի» թղթակցի հարցին ի պատասխան՝ ամռանը հայտարարել էր վարչապետը:
Թեեւ մեր պետական գործիչները հավաստիացնում են, որ գերիների վերադարձի հարցով ամենօրյա աշխատանք են իրականացնում, նախկին պետնախարարի մասին խոսելիս «գործուղել» բառի կիրառումը եւ ակնարկներով ենթատեքստը լավագույնս ցուցադրում է իշխանության գարշ վերաբերմունքը Վարդանյանի եւ պատանդառված մյուս պաշտոնյաների հանդեպ:
Ուստի, գերիների վերադարձի հարցն էլ իր մեջ միակարծություն չի պարունակում։
Փաշինյանի «Իրական Հայաստանը»
Ակներեւ է, որ Փաշինյանը նոր քաղաքական փիլիսոփայություն է մշակել եւ այն հետեւողականորեն առաջ է մղում: Վարչապետ Փաշինյանն «Իրական Հայաստան»-ի տեսլականն է տեսնում որպես մի գաղափարախոսություն, որի շուրջ հայ հանրությունում կլինի լիակատար միակարծություն:
2025-ի ֆինանսական տարվա բյուջեին նվիրված իր ելույթում, վարչապետը խորհրդարանում տարակուսեց՝ «Հայաստանում մարդկանց հետ խոսում ես՝ ասում են՝ սասունցի եմ, խոյեցի եմ, մշեցի եմ. բա դիլիջանցին ո՞վ է էս երկրում, երեւանցին ո՞վ է»:
Սրա մասին է փաստում նաեւ «Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կա՛ց» փաշինյանական կարգախոսի տարածումը։ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի պատի նկարն այժմ այս կարգախոսն է՝ Արագածի ֆոնին։
Վարչապետի տեսլականը, սակայն, ավելի շատ նիհիլիզմի է նման: Նա ժխտում եւ մերժում է նախկինում մեր հասարակության համար կենտրոնական համարվող ամեն բան՝ արհեստականորեն հակադրելով «Պատմական Հայաստանը» եւ «Իրական Հայաստանը»:
Մերժում ենք Արցախը, Ցեղասպանությունը մղում երկրորդ պլան, հերոս է հարկատուն եւ ոչ զինվորը, մեր պետության ծննդյան վկայական հանդիսացած Անկախության հռչակագիրն ական է «Իրական Հայաստան»-ի տակ, սրտացավ չենք Բաքվի լկտի ռեժիմի կողմից պահվող մեր հայրենակիցների նկատմամբ:
«Իրական Հայաստան»-ի պղտոր հիմքերը
Այսօր մենք չունենք որեւէ հարց, թեմա, խնդիր, որի շուրջ առկա է գրեթե լիարժեք միակարծություն։ Փաշինյանի «Իրական Հայաստան»-ն էլ այդպիսին չի դառնա, քանի որ դրա հիմքերը պղտոր են։
Արցախը Նիկոլ Փաշինյանի մեղքով այսօր այլեւս «Իրական Հայաստան»-ի մաս չի կազմում։
Եթե մարդ իր պապերին հիշելով ասում է, որ նա Արեւմտյան Հայաստանի այսինչ տարածքից է, դա բացարձակապես չի նշանակում, թե նա չի արժեւորում Հայաստանի Հանրապետությունը կամ նա փորձելու է վերականգնել «Պատմական Հայաստանը»։
Եթե մարդ հիանում է Արարատով, չի նշանակում, թե Արագածն իր համար նշանակություն չունի։
Չկան մտավորականներ
Հավանաբար, որպես հասարակություն կորցրել ենք խորիմաստությունը։ Մանր, ժամանակավոր, այսրոպեական թեմաներն են այսօր գերակա։ Չկան մտավորականներ, որոնք լուսավորական դեր կստանձնեին եւ կառաջնորդեին մեզ։
Թերեւս այս է պատճառը, որ Փաշինյանի սափրվելը համացանցում ավելի շատ հասարակական հնչեղություն վաստակեց, քան նույն օրն ավելի վաղ Փաշինյանի ոտնձգությունը Անկախության հռչակագրի՝ պետական եւ ազգային արժեքի հանդեպ։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
21.11.2024
Չի նշանակում…
Ասպես կոչված վարչապետի ուղեղում այս պարզ միտքը չի՞ տեղավորվում: Միթե սա առաջին դեպքն է երբ այն նման ‘սայթաքումներ’ է անում:
Հայաստանը ոչ միայն մտավորականության տագնապալի կորուստ է ապրում, այլ ավելի զորեղ պակաս հոգեկան հիվանդին շապիկ հագցնող ծառայության:
Հեղինակը շատ կարևոր թեմաների է անդրադարձել և խոսում է այն խնդիրների մասին, որի շուրջ պարտավոր են անընդհատ խոսել մեր մտավորականները, հասարակական կազմակերպությունները, մշակույթի գործիչները, գրողները, վերլուծեն դրանք, բանավիճեն, գնահատականներ հնչեցնեն և լուծումներ գտնեն։