Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանն այդ պաշտոնին նշանակվել էր երեք տարի առաջ՝ 2021 թվականի օգոստոսին: Մինչ այդ նա եւս երեք տարի՝ 2018-2021 թվականներին, Գեղարքունիքի մարզպետն էր: Մասնագիտությամբ աշխարհագրագետ Սանոսյանը (ավարտել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետը) բուհն ավարտելուց հետո վեց տարի (2006-2010թթ.) աշխատել է «Մակսեդան» վարժարանում, զուգահեռ դասավանդել է նաեւ Հյուսիսային համալսարանում (2007-2010) եւ Արտաքին տնտեսական կապերի համալսարանում (2006-2018): Այդ տարիների ընթացքում որեւէ այլ աշխատանքի մասին Սանոսյանի կենսագրականի մեջ, որը հրապարակված է Վիքիպեդիայում, տվյալ չկա: Իսկ կառավարության կայքում Գնել Սանոսյանի կենսագրությանն առնչվող էջն այս պահին արդեն գոյություն չունի:
2024 թվականի մայիսի 31-ին Սանոսյանը հրապարակել է 2023թ. ընթացքում իր գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագիրը:
2022թ.-ին ներկայացված հայտարարագրի համաձայն՝ նա ուներ չորս կտոր հողամաս Գեղարքունիքի մարզի Մարտունու Ծակքար գյուղում՝ համատեղ սեփականության իրավունքով, որից մեկը 2003-ին էր ձեռք բերել, մեկը՝ 2020-ին, եւս երկուսը՝ 2021-ին: 2023 թ. հրապարակված հայտարարագրում տեսնում ենք, որ պարոն Սանոսյանը բոլոր այդ հողամասերը մեկ օրում նվիրատվության կարգով օտարել է Վահան Սանոսյանին (դատելով ազգանուն-հայրանունից՝ եղբորը): 2024-ի հայտարարագրում նրա անունով չկա որեւէ հողամաս:
Փոխարենը նրա կինն է հայտարարագրել վեց կտոր հողամաս նույն՝ Ծակքար գյուղում, որից չորսը ձեռք է բերել 2002թ. նույն օրը, մեկը ժառանգություն է ստացել 2003 թվականին ապրիլի 2-ին, եւս մեկը ձեռք է բերել 2004 թվականին, կրկին՝ ապրիլի 2-ին: Սանոսյանի ընտանիքը, սակայն, բնակվում է ոչ թե Ծակքարում, այլ՝ Երեւանում, Նոր Նորքում: Դատելով ամուսինների հայտարարագրերից՝ նրանց բնակարանը ձեռք է բերվել հիփոթեքով՝ «Միկշին» ընկերությունից՝ 45,880,000 դրամով, եւ, ըստ ամենայնի, դեռ շահագործման հանձնված չէ, քանի որ ամուսինները սեփականության վկայական դեռ չունեն: Բնակարանի համար հիփոթեքային վարկը ձեռք է բերվել 2021 թվականին կամ դրանից էլ առաջ (պաշտոնյաների հայտարարագրերը հրապարակային հասանելիություն ունեն 2021թ.-ի դրությամբ ): «Արդշինբանկից» 43, 380, 000 դրամ վարկ վերցրած ընտանիքը 2024 թվականի ընթացքում գրեթե 15 մլն դրամ (10 մլն դրամ՝ ամուսինը, 4,5 մլն դրամ եւ 230 հազար ռուբլի՝ կինը) կանխիկ գումար է ունեցել, եւ 4 մլն դրամից ավելի ծախսել է հանգստի վրա:
Կարդացեք նաև
Սանոսյանի անվան հետ կապված աղմուկ բարձրացավ այս տարի մայիսին, երբ «Հետքը» գրեց, որ Սանոսյանի թոշակառու մայրը 230 հազար դոլար արժողության տուն է կառուցում Առինջում: Սանոսյանը «Հետքի» հարցմանն ի պատասխան ասել էր, թե տունը կառուցում են ՌԴ-ում բնակվող եւ աշխատող իր եղբայրները՝ ծնողների համար: Դրանից հետո «Հետքը» գրեց նաեւ, որ Սանոսյանի եղբայրների ռուսական բիզնեսները, ըստ բաց աղբյուրներից ստացված տվյալների, չեն ապահովում այնպիսի եկամուտներ, որ հնարավոր լիներ նման տուն կառուցել:
Հրապարակումներից հետո, սույն թվականի հունիսին, Հակակոռուպցիոն կոմիտեն (նախկին նախագահ՝ Սասուն Խաչատրյան) ստուգումներ սկսեց Սանոսյանի թոշակառու մոր առանձնատան վերաբերյալ: Մինչեւ 2024թ. նոյեմբեր՝ Սանոսյանի եւ Սասուն Խաչատրյանի հրաժարականները, որոնք հաջորդեցին վարչապետ Փաշինյանի սափրվելուն, այս թեմայի վերաբերյալ այլ զարգացումներ չէին եղել:
Ի դեպ, Սասուն Խաչատրյանի եկամուտների եւ ծախսերի մասին:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահը 2024թ. հրապարակված հայտարարագրով, որում 2023թ. վերաբերյալ տվյալներ են, հանրությանը տեղեկացնում է, որ ունի չորս կտոր անշարժ գույք, որոնցից մեկը՝ 2005 թվականին նվիրատվություն ստացած բնակարան է, որին տիրապետում է միանձնյա, մյուսը՝ 2013 թվականին գնած հողամաս, կրկին՝ միանձնյա տիրապետմամբ, մյուս երկուսը բնակարաններ են՝ համատեղ եւ ½ մասնաբաժնային սեփականություն, գնված հեղափոխությունից հետո՝ 2019 եւ 2021 թվականներին: Բոլորը՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Նախորդ տարի Սասուն Խաչատրյանը 8 մլն դրամով 2012թ. արտադրության «Porsche» մակնիշի ավտոմեքենա է ձեռքբերել: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նաեւ հայտարարագրել է 20 միլիոն կանխիկ դրամ: Ս.Խաչատրյանի հայտարարագրից դատելով՝ նա նաեւ «Ջերմուկ գրուպի» նորակառույց շենքերից մեկում բնակարան կունենա՝ 28 մլն դրամանոց, որը դեռ չի ստացել, եւ որի համար հիպոթեքային վարկ է ձեւակերպել, մնացել է փակելու 11 մլն դրամ մայր գումարը: Խաչատրյանի ընտանիքն էլ է թանկ հանգստի սիրահար, 4,6 մլն դրամ էլ նրանք են նախորդ տարի ծախսել հանգստի վրա:
Սասուն Խաչատրյանի կինը, համաձայն 2024թ. հրապարակված հայտարարագրի, չունի ոչ մի անշարժ կամ շարժական գույք, փաստորեն, ամուսնու համատեղ եւ մասնաբաժային սեփականությամբ անշարժ գույքի համասեփականատերն էլ չէ: Նա չունի նաեւ որեւէ դրամական միջոց՝ ոչ կանխիկ, ոչ բանկային, ինչը ենթադրում է, որ նա չի էլ աշխատում, աշխատավարձ չի ստանում, եւ իր անունով բանկային քարտ էլ չունի: Եթե այդպես չէ (ինչը շատ հավանական է), ապա նշանակում է, որ նրա հայտարարագիրը թերի է, եւ այդ դեպքում առնվազն տարօրինակ է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ընտանիքի անդամը չի ներկայացրել տվյալներ իր եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ: Բոլոր տողերում նշված է «տվյալներ չկան»: Այս պարագայում ի՞նչ պահանջել մյուս պաշտոնյաներից:
Խաչատրյանի հետ բնակվում է նաեւ նրա չափահաս դուստրը, որը 2021 եւ 2022 թվականներին չուներ որեւէ անշարժ կամ շարժական գույք, ոչինչ չի օտարել, ստացել է ոչ շատ բարձր աշխատավարձ, սակայն 2023 թվականին բանկային հաշվին ունեցած 74 հազար դրամը տարեվերջին դարձել է 86 մլն-ից ավելի դրամ:
Իսկ հիմա անդրադառնանք ՏԿԵ նորանշանակ նախարարի՝ Դավիթ Խուդաթյանի հայտարարագրերին:
Մինչեւ ՏԿԵ նախարար նշանակվելը՝ Խուդաթյանը 2018 թվականից նշանակովի եւ ընտրովի պաշտոններ է զբաղեցրել Արմավիրի մարզում՝ Արմավիր քաղաքի քաղաքապետ, Արմավիր համայնքի ղեկավար, Արմավիր մարզի մարզպետ:
Խուդաթյանը հայտարարագրել է 2019 թվականին ձեռք բերած բնակարան Երեւանի Քանաքեռ-Զեյթուն թաղամասում՝ համատեղության իրավունքով, ընդ որում՝ չի նշված, թե ինչ կերպ է բնակարանը ձեռք բերվել՝ նվիրատվություն, գնում, ժառանգություն… Չունի սեփական տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր, միայն 4 մլն դրամ կանխիկ փող եւ 20 մլն դրամի (19 մլն դրամ+1 մլն դրամ) վարկային պարտավորություն: Խուդաթյանի կնոջ հայտարարագրում ըստ երեւույթին հենց նույն՝ Քանաքեռ-Զեյթուն թաղամասում 2019 թվականի նույն օրը համատեղությամբ ձեռքբերված բնակարանի վերաբերյալ, որի համար 19 մլն դրամի վարկային պարտավորություն ունեն: Նա նույնպես չունի սեփական տրանսպորտային միջոց:
Խուդաթյանների հետ համատեղ բնակվող հայրն ունի միանձնյա սեփականություն հանդիսացող առանձնատուն Արմավիրում, որը 2012 թվականին նվիրատվություն է ստացել, 2019 թվականի արտադրության Jeep մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2023 թվականին:
Դավիթ Խուդաթյանի մայրն ունի սեփական բնակարան՝ միանձնյա սեփականության իրավունքով, որը ժառանգել է 2019 թվականին:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ