Գրականության մեջ նկարագրված են բազմաթիվ դեպքեր, երբ մահամերձ հիվանդը, կյանքին հրաժեշտ տալուց առաջ, անսպասելիորեն ակտիվանում է, կտրուկ շարժումներ է անում, իսկ հետո մի քանի րոպեից կամ մի քանի ժամից հանգչում է: Չգիտեմ, կենսաբանական ինչ մեխանիզմներ են տվյալ դեպքում գործում, բայց հասարակական կյանքում նույնպես մենք հաճախ ենք հանդիպում դեպքերի, երբ, օրինակ, ավտոկրատ ռեժիմները կամ դիկտատուրաներն իրենց «վերջին վատությունն» անում են, նոր՝ հեռանում: Փաշինյանի ռեժիմը, հետխորհրդային մնացած ավտոկրատների նման, հավերժ չէ, եւ, միեւնույն է, վաղ թե ուշ պայթելու է: Բայց պայթելուց առաջ, ենթադրում եմ, կանցնի ավելի կոշտ, ոչ սովորական բռնաճնշումների կամ արտաքին քաղաքականության մեջ կանի նոր հիմարություններ:
Եթե ռուս-ուկրաինական պատերազմը ներկայացնենք որպես պայմանական «օրգանիզմ», ապա կարող ենք ասել, որ այն մոտենում է մաշվելու իր բարձրակետին, որից հետո անխուսափելիորեն տեղի է ունենալու անկում: Հիմքեր կան ենթադրելու, որ 2025 թվականին այս կամ այն «ժամանակավոր շփման գծով» ձեռք է բերվելու զինադադար: Բայց մինչեւ այդ, այսպես ասած, «միջակետը» (ոչ վերջակետը) դրվի, կարող են տեղի ունենալ չափազանց դրամատիկ, եթե ոչ՝ աղետալի իրադարձություններ: Այդպես մտածելու հիմք է տալիս այն, որ հատկապես ներկա ժամանակահատվածում բոլոր կողմերը դրսեւորում են չափազանց անպատասխանատու վարք:
Պատասխանատու լինելու, այսինքն՝ ցանկությունները հնարավորություններին համապատասխանեցնելու, սեփական ժողովուրդներին ու ամբողջ աշխարհը «կրակը չգցելու» համար կողմերը պետք է գիտակցեն ստեղծված իրողությունները: Ուկրաինան պիտի հասկանա, որ այս պատմական ժամանակահատվածում չի կարող վերականգնել 1991 թվականի սահմանները: Ռուսաստանը պիտի հասկանա, որ Արեւմուտքը չի վախենում իր միջուկային շանտաժից: Միացյալ Նահանգները պիտի հասկանա, որ Ռուսաստանի տարածքը հեռահար հրթիռներով ռմբակոծելու արտոնություն տալը բեկում չի մտցնի պատերազմի մեջ: Եվրամիությունը, շարունակելով աջակցել Ուկրաինային, պետք է զգուշավորություն ու շրջահայացություն դրսեւորի: Նույնպիսի վարք է ակնկալվում գլոբալ Հարավից: Մասնավորապես, միջուկային տերությունները, որոնք պահպանել են բանականության հատիկները՝ Հնդկաստանն ու Չինաստանը, կարող են ազդել այն տերությունների վրա, որոնք մոտ են այդ հատիկները կորցնելուն՝ ՌԴ-ին եւ ԱՄՆ-ին:
Հակառակ դեպքում պատերազմի «վերջին ցնցումներից» այնպիսի քանակությամբ «մոխիր» կառաջանա, որ պետք կլինեն տասնամյակներ՝ նախապատերազմյան իրավիճակը վերականգնելու համար:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Աշխարհակարգը պետք է պահպանվի,այն է’ ուժի կիրառմամբ ոչ մի միջազգային ընդունված սահման պիտի փոփոխության չմատնվի։
Չի կարելի թույլ տալ,որ հյուսիսային Կիպրոսի պատմությունը կրկնվի։
Մեր պես փոքր պետությունները պետք է շահագրգռված լինեն,որ 1945թ ի հետո ձևավորված աշխարհակարգը գործի անթերի։
Պատերազմի հականիշը խաղաղությունը չի, մինուս հարյուրի հականիշը զրոն չի, զրոն՝ դա մինուս հարյուրի եւ պլյուս հարյուրի անիհիլյացիայի՝ անմնացորդ փոխազդեցության արդյունքն է: Խաղաղությունը գործողություն չի, այն արդյունքն է պատերազմի եւ հակապատերազմի անմնացորդ փոխազդեցության, գործողություններն են պատերազմը եւ հակապատերազմը: Երբ օտար հիվանդածին մասնիկներ են ներթափանցում օրգանիզմ՝ սա գործողություն է, օրգանիզմի առողջ հատուկ ծառայությունները՝ իմունիտետը անմնացորդ փոխազդում են՝ սա էլ հակազդող գործողությունն է, օտար հիվանդածին մասնիկների հետ եւ առողջն ու հիվանդը միասին զրոյանում են՝ անվնաս պահելով օրգանիզմը: Իսկ երբ հատուկ ծառայություններն են թուլանում, ինչ հիվանդություն ու այլ զիբիլ ասես չի ներթափանցում երկիրդ ու ազգիդ մեջ: Եթե մարդ թե պետություն իրեն թույլ է տալիս լինել ինչ որ մեկի պրոքսին՝ դա հիվանդության ու թուլության նշան է, վաղը նա կարող է դառնալ իր իսկ ազգի ու պետության թշնամին: Մարդ կամ ազգ կարող են հզոր բազուկ ու բանակ ունենալ, խելքի տաճար լինել ու ոգեղեն, բայց ինչ որ անտեսանելի մանրէներից պարտվել՝ իր իմունիտետի ու հատուկ ծառայությունների հիվանդության ու թուլության պատճառով: Կեցցե՛ մեր ոչպրոքսի առողջ հատուկ ծառայությունները՝ մեր ազգի իմունիտետը: