Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե «բարի թագավոր» խաղալու անհրաժեշտություն եղավ, հնարավոր է ինչ-որ մասով բավարարեն»․ Ռուբեն Մելիքյանը՝ փաստաբանական գործունեության հարկման հետ կապված ՄԻՊ-ի՝ ՍԴ դիմելու առիթով

Նոյեմբեր 21,2024 22:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Արդյունավետությունը չեմ կարող գնահատել, քանի որ մեր երկրում հարցերը՝ հատկապես ՔՊ-ի կողմից նշանակված երկու կառույցների միջև, լուծվում են ՔՊ ղեկավարի կողմից»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք այն, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը (ՀՀ ՄԻՊ) դիմում է ներկայացրել ՍԴ փաստաբանական գործունեության հարկման հետ կապված, այսպես պատասխանեց «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին 2024 թվականի նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024 թվականի նոյեմբերի 1-ին դիմում է ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան՝ «ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 64-րդ, 78-րդ և 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է նաև, որ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում ներառվել են նաև Սահմանադրության 29-րդ, 60 րդ, 61-րդ, 64-րդ, 73-րդ և 78-րդ հոդվածներին խնդրահարույց օրենքի անհամապատասխանության վերաբերյալ Փաստաբանների պալատի կողմից ներկայացված դիրքորոշումները: Նշենք, որ նշված հարցով դեռևս 2024 թվականի հուլիսի 29-ին Փաստաբանների պալատը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին՝ ներկայացնելով օրենքի խնդրահարույց կարգավորումների հակասությունները Սահմանադրության՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները սահմանող գլխի դրույթներին:

Ռուբեն Մելիքյանը չի կարծում, որ ՄԻՊ-ն ինքնուրույն է դիմել ՍԴ․ «Վստահ եմ, որ ստացել է համաձայնությունն իր քաղաքական ղեկավարությունից, իսկ ՍԴ-ն էլ, եթե ինչ-որ որոշում կայացնի, կստանա համաձայնություն և ինչ-որ որոշում կկայացնի։ Եթե «բարի թագավոր» խաղալու անհրաժեշտություն եղավ, գուցե  հնարավոր է նաև ինչ-որ մասով բավարարեն։ Եթե ոչ, ոչ։ Այստեղ պատրանքներ ես չունեմ։ Ես սա իրավական հարց չեմ համարում, այլ համարում եմ քաղաքական հարց»։

Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ գուցե սա այն դեպքն է, որ այդ հսկայական հանրային ռեսուրսները, որոնք ծախսվում են ՄԻՊ-ի վրա, գոնե այսօր մի փոքր կարող են արդարացված լինել․ «Չգիտեմ՝ ինչ որակի բողոք է, չգիտեմ՝ ինչ ակնկալիք կա, արդյոք սա բողոք է զուտ բողոք ներկայացնելո՞ւ փաստը նշելու համար, թե՝ իսկապես լավ մտածված, լավ մշակված բողոք է, բայց այսպես, իհարկե, չեմ կարող չգնահատել, որ ներկայացվել է բողոք։ Սա այն հարցերից է, որ չունի սուր քաղաքական նշանակություն, և կարծում եմ՝ այստեղ մարդու իրավունքների պաշտպանին աշխատանքի նշանակած քաղաքական թիմը՝ այսինքն՝ Քաղաքացիական պայմանագիրը, որոշակի ազատություն է տվել, նա էլ օգտվում է այդ  ազատությունից»։

Օրեր առաջ ՀՀ ԱԺ-ում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Խոսքը վերաբերում է մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից ընդհանուր հարկման համակարգ տեղափոխելու նախաձեռնությանը: Այս փոփոխությամբ առաջարկվում է հարկերը բարձրացնել վեց անգամ՝ գործող հինգ տոկոս հարկի փոխարեն սահմանել 31 տոկոս հարկ։

Հետևանքների մասին Ռուբեն Մելիքյանն ասաց․ «Դրանք շատ վատն են լինելու։ Այս հարկման բեռը, իհարկե, փաստաբանների կողմից դրվելու է քաղաքացիների վրա։ Ես ինքս այն բոլոր քաղաքացիներին, որոնք դիմում են, ասում եմ, որ սկսած հունվարից մենք ստիպված ենք կտրուկ բարձրացնել մեր ծառայությունների համար վճարները և, իհարկե, դա ինչպես այլ դեպքերում, ընկնում է քաղաքացիների վրա։

Եվ շատերը հրաժարվում են իրավաբանական օգնությունից։ Դա նշանակում է նաև, որ պետությունն իր սահմանադրական պարտականության հետ կապված խնդիր է ստեղծում, քանի որ պարտավոր է ապահովել քաղաքացիների կողմից փաստաբանական օգնության մատչելիությունը և, փաստորեն, շեղվում է իր՝ այդ սահմանադրական պարտականությունից։ Ես կարծում եմ՝ օրենսդրական այս կարգավորումները հնարավորություն են տալիս փաստաբաններին զրկել անվճար իրենց ծառայությունները մատուցելու հնարավորությունից, որն այս պատմության մեջ ամենաշատն է ինձ անհանգստացնում։

Ստացվում է, որ ես տասնյակ մարդկանց անվճար իրավաբանական օգնություն եմ տրամադրում՝ հատկապես քաղաքական հարցերով, և դա նշանակում է, որ մի օր ինչ-որ մեկը գալու է և այդ անվճար իրավաբանական օգնության համար ինձնից հարկ է պահանջելու հունվար ամսվանից սկսած։ Այս մեկնաբանությունը գոյության իրավունք ունի, ես, համենայն դեպս, այդպես եմ մեկնաբանում, լսել եմ նաև այլ մեկնաբանություն։ Սա կիրառման խնդիր է։ Դա նշանակում է, որ օրինակ՝ եթե մայիս-հունիսին 5 իրավապաշտպանների նախաձեռնությունը, ինչպես մենք էինք անվճար իրավաբանական օգնություն տրամադրում, այդպես էլ մեր գործընկերներին խնդրեցինք, որ մեզ օգնեն, և 30-ից ավել փաստաբաններ ոչ միայն գրանցվեցին, այլև նրանց մեծ մասը մեծ ջանասիրությամբ գիշեր-ցերեկ ռեժիմով մարդկանց անվճար իրավաբանական օգնություն է տրամադրում, հիմա նման իրավիճակում չգիտեմ՝ հինգ հոգի կմասնակցե՞ն դրան, թե՝ ոչ։ Եվ սա, իհարկե, քաղաքական խնդիր է»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930