Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էին վրդովվել Լուսաղբյուրի բնակիչները․ ծնողների պահանջով՝ դպրոցի տնօրենը հրաժարական է ներկայացրել

Նոյեմբեր 21,2024 22:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Լուսաղբյուր գյուղում թեժ իրավիճակ էր ստեղծվել․ երեկ Aravot.am-ին էին զանգահարել մի քանի ծնողներ՝ տեղեկացնելով,  որ իրենք  բողոքի ցույց են կազմակերպել․ պահանջում են դպրոցի տնօրենի հրաժարականը։  Բողոքավորների ասելով, իրենք նախորդ օրը նույն պահանջով եղել էին նաև Շիրակի մարզպետարանում։

«Խնդրում ենք օգնել մեզ, այլապես գյուղում մարդասպանություն կլինի»,-ասում էին բողոքավորները։

Նրանց երեկվա բողոքի ցույցից  ժամեր անց դպրոցի տնօրեն Անահիտ Շահնազարյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին։ Մարզպետն այսօր ստորագրել է այն՝ ազատելով նրան զբաղեցրած պաշտոնից։

Այս մասին տեղեկացանք Շիրակի  մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից։

Թե ո՞րն էր լուսաղբյուրցիների բողոքի պատճառը, ինչո՞ւ պիտի մարդասպանություն լիներ գյուղում, նրանք մեզ հետ զրույցում պարզաբանեցին, որ մոտ 2 ամիս առաջ  տհաճ պատմություն է սկսվել 6-րդ դասարանում, ու այն շարունակվել է մինչև օրս։

Ըստ լուսաղբյուրցիների, դպրոցի տնտեսվարի դուստրը սովորում է 6-րդ դասարանում,  չհասկացված հումորի պատճառով դասարանի տղաների հետ կոնֆլիկտ է ունեցել, այս մասին տեղեկացրել է հորը, որը և եկել ու ծեծի է ենթարկել երկու տղաների։

Գյուղացիների ասելով, նրանց ծնողները չեն բողոքել՝ այն պայմանով որ տնօրենը տնտեսվարին ազատի աշխատանքից։  Տնօրենը ազատել է տնտեսվարին, սակայն, ըստ մեր զրուցակիցների,  նրա փոխարեն աշխատանքի է ընդունել  տնտեսվարի որդուն։ Որդու փոխարեն, սակայն, աշխատանքի է եկել մայրը՝ տնտեսվարի կինը, որը ևս  փորձել է «կարգի հրավիրել» դստեր դասարանցիներին։  Ծնողները նորից բողոքի են դուրս եկել՝ այս անգամ տնօրենից պահանջելով ազատել տնտեսվարի որդուն ևս։

«Ամուսնուն ազատում,  տղային է բերում, տղան աշխատանքի չի գալիս, կնոջն է բերում ու նորից նույն պատմությունները»,- ասում էին մեզ ահազանգած լուսաղբյուրցիները։

Կրքերը թեժացել են,  երբ ծնողները պարզել են, որ երկու տղաներին ծեծի ենթարկելու փաստով  Շիրակի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ կա հարուցված։

Ըստ մեզ ահազանգողների, ծեծի ենթարկված տղաների ծնողները բողոք չեն ներկայացրել, նրանք զայրացել են, որ իրենց անունն են շրջանառում, թե իբրև իրենք են բողոքել իրավապահներին։

«Սխալ տեղեկատվություն տարածելով՝ գյուղում կռիվ են գցում ու հանգիստ նստում, նման բան կարելի՞ է անել»,-ասում էին նրանք։

Ինչևէ,  լուսաղբյուրցիները նաև ասացին, որ դպրոցի տնօրեն Անահիտ Շահնազարյանը, որը Գյումրիից էր հասնում Լուսաղբյուր,  աշխատանքի էր ընդունել նաև իր հարազատներին՝  մորը, քրոջը, նաև դստերը։

Մեզ ահազանգած ծնողները նաև նշում էին, որ դպրոցում ջեռուցում չկա (ըստ էության տնտեսվար չլինելու պատճառով),  սա ևս հունից հանել է իրենց։ Դժգոհում էին, որ երեխաներին հորդորել են դպրոցի զուգարաններից քիչ օգտվել, քանի որ գյուղում ջուր չկա։

Ինչևէ, մենք այս թեմաների շուրջ փորձեցինք զրուցել  նաև աշխատանքից ազատված տնօրեն Անահիտ Շահնազարյանի հետ։ Նա չցանկացավ մեկնաբանել, թեև ցանկալի էր լսել նաև նրա պարզաբանումները, հասկանալ՝ ինչու է դիմում ներկայացրել։

Իսկ Շիրակի մարզպետարանից միայն պարզաբանեցին, որ տնօրենը որոշել է ազատվել աշխատանքից, դիմում է ներկայացրել, մարզպետն էլ այն ստորագրել է։

Այս պահին դպրոցի տնօրենի պարտականությունները դրվել են փոխտնօրեն Գայանե Թումանյանի վրա։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930