Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ կարևոր է, որպեսզի պետությունը փախստականների իրավունքների ապահովումն իրականացնի պատշաճ մակարդակով. Անահիտ Մանասյան

Նոյեմբեր 21,2024 21:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված «Սահմանափակումներ և հնարավորություններ. Փախստականների և ապաստան հայցողների մարտահրավերները Հայաստանում» թեմայով աշխատաժողովը։

Բացման խոսքով են հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի -ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Մոնիկա Սանդրին։

Անահիտ Մանասյանն իր խոսքում նշել է, որ թեև մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, այնուամենայնիվ, հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության:

«Փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա բոլոր խնդիրները գտնվում եմ իմ անմիջական ուշադրության ներքո:  Առանձին խումբ են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, որոնց իրավունքների պաշտպանությունը և խթանումը ևս ինձ համար ունի առաջնահերթ նշանակություն: Շատ կարևոր է, որպեսզի պետությունը փախստականների իրավունքների ապահովումն իրականացնի պատշաճ մակարդակով, մասնավորապես, փախստականների առողջության պահպանման, կրթության իրավունքի ապահովման, աշխատանքի հնարավորության և անվտանգության hամատեքստում»,-ասել է Անահիտ Մանասյանը:

Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարների տեղակալները, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ներկայացուցիչներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից, ՀՀ միասնական սոցիալական ծառայությունից, փախստականների հետ աշխատող «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունից, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև փախստականներ, բռնի տեղահանված անձինք:

Աշխատաժողովի շրջանակներում անցկացվել է պանելային քննարկում՝ «Փախստականների իրավունքների ներկա վիճակը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով:

Մասնակիցներն անդրադարձել են փախստականների իրավունքների պաշտպանությանն առնչվող հիմնական մարտահրավերներին և դրանց հաղթահարման լավագույն փորձին, վերջիններիս իրավունքների ոլորտում ձեռքբերումներին և առկա մարտահրավերներին, մեր երկրում նրանց իրավունքների պաշտպանության ներկա վիճակին, օրենսդրական բացերին:

Հատկանշական է, որ իրենց խնդիրների մասին խոսել են փախստականներն ու բռնի տեղահանված անձինք, որոնք հրավիրված էին աշխատաժողովին:

Հարկ ենք համարում ընդգծել, որ փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին անդրադարձ է կատարվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման մեջ: Վերջիններիս իրավունքների ապահովմանն ու պաշտպանությանն առնչվող օրենսդրության ուսումնասիրությունները վկայում են, որ խնդիրները, ունենալով համակարգային բնույթ, շարունակում են մնալ արդիական և գտնվում են Պաշտպանի ուշադրության կենտրոնում:

Բացի այդ, աշխատաժողովի մասնակիցների կողմից ներկայացվել են ներկայումս գործող բնակարանային ապահովման և սոցիալական պաշտպանության մեխանիզմները, աշխատաշուկային հասանելիությունը, ինչպես նաև փախստականների ներգրավվածության խթանման կարևորությունը և ինտեգրման փորձի փոխանակումը։

Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել այն կազմակերպություններին, պետական իրավասու մարմիններին և անհատներին, միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա գործընկերներին, ովքեր հանձնառու են լուծելու փախստականների և խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրները:

Պաշտպանն ընդգծել  է, որ մարդու իրավունքների պաշտպանության համակարգը հնարավոր է բարելավել միայն համատեղ աշխատանքի արդյունքում՝ հատուկ ընդգծելով, որ տեղահանված անձանց կամ փախստականների պատշաճ ինտեգրումը հնարավոր է բացառապես համագործակցային միջավայրում:

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930