Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղատների սեփանակատերերը դիմել են վարչապետին. տուգանքներ կիրառելու գործելակերպը իրենց տանում է սնանկացման

Նոյեմբեր 21,2024 18:44

Հայաստանում դեղերի մանրածախ իրացում (դեղատնային  գործունեություն) իրականացնող մի շարք ընկերություններ, որոնք միասին ներկայացնում են ավելի քան 600 դեղատներ, նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խնդրելով հանձնարարել  իրավասու մարմիններին դադարեցնել  էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված դեղատնային գործունեություն իրականացնող ընկերությունների նկատմամբ ոչ իրավաչափ և անհամաչափ տուգանքներ կիրառելու գործելակերպը, որը դեղատների սեփականատերերին կարող է հասցնել սնանկացման եզրին։

Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ։

«Ինչպես հայտնի է՝ օրենսդրության՝ վերջերս կատարված փոփոխության համաձայն՝ որոշակի դեղերի բացթողումը կարող է կատարվել միայն էլեկտրոնային դեղատոմսերի առկայության պարագայում: Մինչդեռ, ինչպես պարզվեց դեղատոմսերի դուրսգրման էլեկտրոնային համակարգի գործարկումից անմիջապես հետո, ունեցած լուրջ ծրագրային թերությունների և ՀՀ-ում առողջապահական ենթակառուցվածքի անպատրաստ լինելու պատճառով ներկայումս դեղերի բացթողնման էլեկտրոնային համակարգը փաստացի չի գործում՝ բացառությամբ, թերևս, պետության կողմից քաղաքացիներին անհատույց բաց թողնվող դեղերի համար էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման դեպքերի։

Էլեկտրոնային համակարգի չգործելու պատճառները շատ են․ որպես հիմնական պատճառ կարելի է հիշատակել, թերևս այն, որ բժիշկները դեղատոմսը դուրս չեն գրում էլեկտրոնային եղանակով և շարունակում են դուրսգրել թղթային տարբերակով։ Ավելին, մինչ օրս շատ բժիշկներ փաստացի չեն միացել էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրման «Արմեդ» համակարգին և անգամ մեկ էլեկտրոնային դեղատոմս դուրս չեն գրել: Հաճախ նաև ծագում են տարբեր ծրագրային խնդիրներ (օրինակ՝ դեղատոմսի լրացումը երկար է տևում, համակարգը ժամանակ առ ժամանակ կանգնում է և չի աշխատում և այլն):

Բացի վերոգրյալը, ի հայտ են եկել նաև մի շարք տեխնիկական խնդիրներ․ օրինակ՝  «Արմեդ» համակարգի բազայում ոչ բոլոր դեղերի անվանումներն են առկա: Այսպես, կան դեղեր, որոնց գրանցման ժամկետը ՀՀ տարածքում լրացել է, սակայն փաստացի առկա են մինչև նշված ժամկետի լրանալը ներմուծված խմբաքանակներ, որոնք դեռևս պիտանի են օգտագործման համար և կարող են իրացվել սպառողներին: Սակայն, նման դեղերի համար էլեկտրոնային դեղատոմս դուրսգրելը դեղի գրանցման ժամկետի լրանալու պահից այլևս անհնար է դառնում, ինչը լրջագույն խնդիր է ստեղծում տվյալ դեղերի իրացման համար։

Վերոնշյալ իրավիճակը հանգեցրել է նրան, որ աճել է դեղերի ստվերային շրջանառությունը: Շատ դեղատներ սկսել են դեղերի ձեռքբերումը իրականացնել առանց համապատասխան հարկային հաշիվների և հետագայում իրացումը՝ առանց ՀԴՄ կտրոններ տրամադրելու, որպեսզի իրացվող դեղերի տվյալները չարտացոլվեն ՀՀ պետական եկամուտների կոմիտեում՝ բացառելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից հետագայում խոշոր վարչական պատասխանատվության միջոցների կիրառումը։

Այսպես,  ներկայումս ՀՀ-ում առանց դեղատոմսի դեղ իրացնելու համար պատասխանատվությունը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3 հոդվածի (Վերտառությունը՝ դեղերի շրջանառության ոլորտի պահանջները խախտելը) 7-րդ մասով, համաձայն որի՝ Դեղատոմսով բաց թողնվող դեղերն առանց դեղատոմսի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող ձևաթղթերի վրա դուրս գրված դեղատոմսերով իրացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Մինչև վերջերս ՀՀ-ում առանց դեղատոմսի դեղ իրացնելու համար պատասխանատվությունը իրավասու մարմնի՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից կիրառվում էր յուրաքանչյուր անվանում դեղի համար։ Այսինքն, եթե նույն անվանում դեղից իրացվել է, դիցուք, 10 հատ, ապա կիրառվում էր տուգանք 5000 ՀՀ դրամ չափով։ Սակայն, ներկայումս, Տեսչական մարմինը փոխել է այս հարցում իր վարչարարությունը և սկսել է 5000 ՀՀ դրամ տուգանք կիրառել իրացված յուրաքանչյուր հատ դեղի համար։ Արդյունքում, դեղատան համար հնարավոր տուգանքի չափը հասել է աստղաբաշխական թվերի։ Մի կողմ թողնելով տվյալ վարչարարության իրավաչափության քննարկումը (այդ եղանակով իրականացված վարչարարության արդյունքում կայացված վարչական ակտերը կվիճարկվեն դատարաններում) կարող ենք արձանագրել մի պարզ իրողություն․ տեսչական մարմինը փորձում է դեղատների սեփականատերերին սնանկացման եզրին հասցնելու չափի տուգանքներ կիրառել: Նաև առկա են դեպքեր, երբ տեսչական մարմինը վարչական վարույթի մասնակից հանդիսացող դեղատնային ընկերությանը չի տրամադրել ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը, որը օրենքով վարչական վարույթի մասնակցի իրավունքն է:

Սակայն, նման որոշում կայացնելիս հաշվի չի առնվել մի հանգամանք՝ դեղատնային գործունեությունն առողջապահական գործունեության տեսակ է, և դեղատներն ունեն որոշակի սոցիալական պատասխանատվություն հասարակության առջև՝ ապահովելու բուժառուներին անհրաժեշտ դեղերով՝ վերացնելով նրանց կյանքին և առողջությանը սպառնացող ռիսկերը։

Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև, որ ներկայումս ՀՀ կառավարության 05.08.2019թ.-ի թիվ 1080-Ն որոշմամբ (2024թ.-ի փոփոխություններով) նախատեսված՝ որոշ դեղերի մասով էլեկտրոնային դեղատոմսով իրացման համար սահմանված  ժամկետների հետաձգման նպատակով մշակվել է տվյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծ: Ընդ որում՝ նախագիծը մշակվել է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից՝  նկատի ունենալով առկա շարունակական խնդիրները, նաև «Արմեդ» համակարգի անկատարությունը:

Ըստ նախագծի՝ նախատեսվում է դեղատոմսով բաց թողնվող, նշված որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի ա. և բ. պարբերություններում  չներառված այլ դեղերի, ինչպես նաև հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի էլեկտրոնային դեղատոմսերի գրման մեկնարկի ժամկետը երկարաձգել՝  մինչև 01.01.2027թ.-ն: Սա ևս վկայում է, որ էլեկտրոնային դեղատոմսերի դուրս գրման համակարգն ունի խնդիրներ, որի մասին քաջատեղյակ է նաև ոլորտում պետական քաղաքականություն իրականացնող մարմինը:

Հավելենք, որ սույն գրությունը ներկայացնող ընկերությունների համար որևէ պարագայում ցանկալի չէ համապատասխան դեղերի բացթողումն իրականացնել առանց սահմանված կարգով տրված դեղատոմսերի:

Վերոգրյալ փաստարկները վկայում են այն, որ էլեկտրոնային դեղատոմսով բաց թողնվող դեղերի նշանակման և իրացման գործընթացում առկա են էական խնդիրներ, որոնց արդյունքում դեղերի մանրածախ իրացման համակարգը  հայտնվել է փակուղում․ առանց էլեկտրոնային դեղատոմսի դեղ իրացնել չի կարող, սակայն չկա նաև գործող համակարգ, որի պայմաններում տվյալ դեղատոմսի դուրսգրումը հնարավոր կլինի։

Նկատի ունենալով վերոնշյալ հանգամանքները՝

 

 ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ

Հանձնարարել իրավասու մարմիններին չդրսևորել կամայական վարչարարություն և դադարեցնել դեղատնային գործունեություն իրականացնող ընկերությունների նկատմամբ ոչ իրավաչափ և անհամաչափ տուգանքներ կիրառելու գործելակերպը, էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման գործընթացը վերադարձնել կառուցողական հուն և դիտարկել էլեկտրոնային դեղատոմսերի լրացումը և սպասարկումը խթանող որոշակի խրախուսական մեխանիզմների (կարգավորումների) ներդրման հնարավորությունը։

Հանձնարարել կազմակերպել Ձեզ հետ հանդիպում-քննարկում վերոնշյալ հիմնախնդրի լուծման ուղիներ ներկայացնելու համար»

 

Նամակը ստորագրել են՝

«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲԸ

«ՌԻԹՄ ՖԱՐՄ» ՍՊԸ

«ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ ԴեՂԱՏՈՒՆ ՀՁ» ՍՊԸ 

«ԷՍ-ՖԱՐՄԱ» ՍՊԸ 

«ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ ԴԵՂԱՏՈՒՆ» ՍՊԸ

«ՖԱՐՄԴՈՄ» ՍՊԸ

«ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ ՌԵՄԵԴԻ» ՍՊԸ

«ԼԱՌԱՖԱՐՄ» ՍՊԸ      

«ԱՌԻԱԼ» ՍՊԸ    

«ԱՎՐՈՐԱ-ՖԱՐՄ» ՍՊԸ  

«ԿԱՌԵ» ՍՊԸ     

«ԱՌՆԻԿԱ» ՍՊԸ  

«ԿՈՒՌԱՄՈՒՍ» ՍՊԸ   

«ԼԵՎՈՆ ԵՎ ԼԱՄԱՐԱ ԴԵՂԱՏՈՒՆ» ՍՊԸ 

«ՍԻԹԻԶԵՆ ԼԵՎՈՆ ԼԱՄԱՐԱ» ՍՊԸ

«ԹԵՈՖԱՐՄԱ» ՍՊԸ   

«ԱԿԳ ԱՎԵԼԻՆ ՔԱՆ ԴԵՂԱՏՈՒՆ» ՍՊԸ   

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930