Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում

Նոյեմբեր 21,2024 18:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թուրքիան և Ադրբեջանը սերտ կապեր ունեն ոչ միայն մշակութային, այլև՝ տնտեսական բնագավառում: Այս առումով նրանց հարաբերություններում էական նշանակություն ունի էներգետիկ ոլորտը, քանի որ երկուսն էլ հանդիսանում են դեպի Եվրոպա նավթի և բնական գազի խոշոր մատակարարներ։ Այնուամենայնիվ՝ այս երկրների միջև ժամանակ առ ժամանակ շահերի բախում է տեղի ունենում նավթի և գազի գնագոյացման ու մատակարարման հարցում:

Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ հարաբերություններում կարևոր դերակատարում ունեն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազամուղն ու Անդրանատոլիական բնական գազի խողովակաշարը (TANAP): Վերջինիս միջոցով Ադրբեջանի Շահ Դենիզ հանքավայրից Թուրքիայի տարածքով բնական գազը տեղափոխվում է Եվրոպա:

Այն Հարավային գազային միջանցքի կենտրոնական մասն է, որի նպատակն է նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից: Ինչ վերաբերում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարին, ապա այն խոշոր նավթամուղ է, որը միացնում է Կասպից ծովի տարածաշրջանը Միջերկրական ծովին՝ անցնելով Վրաստանի տարածքով։

Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան՝ Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:

Թուրքիայի և Ադրբեջանի միջև գնագոյացման հետ կապված տարաձայությունները տեսանելի են դարձել հատկապես Արցախյան 44-օրյա պատերազմից և ուկրաինական ճգնաժամից հետո։ Եվրոպայում ադրբեջանական գազի նկատմամբ հետաքրքրությունն սկսեց մեծանալ, երբ 2020 թվականի վերջին շահագործման հանձնվեց Տրանսադրիատիկ գազատարը (TAP)։

Արդյունքում՝ սկսվեցին գազի ուղիղ մատակարարումները դեպի Եվրոպա՝ մեծացնելով Ադրբեջանի քաղաքական կշիռը։ Եթե մինչև 44-օրյա պատերազմն Ադրբեջանն էներգետիկ ռեսուրսները ծառայեցնում էր իր օգտին՝ Արցախի խնդրի լուծման համար, ապա այժմ հարցը լուծված է համարում և փորձում է այդ ռեսուրսներն օգտագործել՝ իր դիրքերն ամրապնդելու և էներգետիկ այլ նախագծեր ֆինանսավորելու համար: Նա ձգտում է մեծացնել նաև Թուրքիա արտահանվող գազից ստացվող եկամուտները, հատկապես՝ Հարավային գազային միջանցքով՝ անմիջապես Եվրոպա գազ մատակարարելու շնորհիվ: 2021 թվականին երկու երկրների միջև որոշակի լարվածություն առաջացավ TANAP խողովակաշարի և գազային այլ համաձայնագրերի գնագոյացման շուրջ: Այդ թվականին պետք է երկարացվեր TANAP-ի՝ քսան տարի տևած պայմանագիրը, սակայն կողմերը շուրջ մեկ տարի համաձայնության չէին գալիս գնագոյացման հարցում: Այն թարմացվել է միայն երկարատև բանակցություններից հետո՝ առանց հատուկ արարողակարգի՝ փոստային նամակագրության միջոցով՝ ընդամենը կնքելով ժամանակավոր պայմանագիր: Միայն 2024 թվականի հունիսին BOTAŞ-ի (Թուրքիայի պետական նավթագազային ընկերություն) և Ադրբեջանի գազամատակարարման ընկերության միջև կնքված պայմանագրով ադրբեջանական գազի արտահանումը Թուրքիա երկարաձգվեց մինչև 2030 թվականը:

Այսպիսով՝ թուրք-ադրբեջանական տնտեսական հարաբերությունները զերծ չեն խնդիրներից: Թուրքիան, շահարկելով «եղբայրական երկրներ լինելու» հանգամանքը և Ադրբեջանին ցուցաբերած օգնությունը (հատկապես՝ ռազմական ոլորտում), մշտապես ձգտում է ադրբեջանական նավթն ու գազը ձեռք բերել ավելի էժան գներով, ինչը ձեռնտու չէ Ադրբեջանին, սակայն վերջինս ստիպված է հաշվի առնել իր «մեծ եղբոր» շահերը՝ ի վնաս սեփական եկամուտների:

 

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930