Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս չնչին աջակցությունից զրկելով արցախցիներին՝ ՀՀ իշխանությունները խթանում են, որպեսզի մարդիկ ուղղակի գլխապատառ փախչեն Հայաստանից»․ Մետաքսե Հակոբյան

Նոյեմբեր 21,2024 17:54

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

-Տիկին Հակոբյան, կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց որոշում, ըստ որի՝ արցախցիների համար նախատեսված 50 հազարական դրամ աջակցության ծրագրի բնույթը փոխվում է, եւ հաջորդ տարվա ապրիլ ամսից ծրագրից օգտվելու հնարավորություն կունենան միայն հատուկ խմբերի անձինք։ Կառավարության անդամները սա բացատրում են նրանով, որ արցախցիներն արդեն ինտեգրվել են Հայաստանում, կարող են աշխատել, բացի այդ, ասում են՝ իրականացվում է կառավարության բնակապահովման ծրագիրը։ Բայց մենք գիտենք, որ բնակապահովման ծրագիրը ձախողվել է, համենայնդեպս շահառուների թիվը մի քանի տասնյակի է հասնում ընդամենը։ Ի՞նչ ազդեցություն կունենա աջակցության ծրագրի կրճատումը, արդյոք բավարար պայմաններ ստեղծվա՞ծ են արցախցիների համար՝ աշխատելու եւ իրենց սոցիալական խնդիրները լուծելու համար։

-2023 թվականի սեպտեմբերից սկսած այս մարդիկ՝ որպես ուժեղ մանիպուլյացիա անողներ, իրենց բոլոր ծրագրերով ու գործողություններով մի քանի խնդիր էին լուծում։ Առաջին կարեւոր խնդիրը՝ ստեղծել թշնամանք ու ատելություն Հայաստանի մեր հայրենակիցների ու արցախցիների միջեւ։ Իրենց համար երեւի անսպասելի էր այն դիմավորելու ձեւն ու ապրումակցումը, որը Հայաստանի մեր հայրենակիցները ցուցաբերեցին։ Այդ բոլոր ծրագրերը, որոնց մասին իրենք մեկ տարուց ավելի խոսում են, դրանք զուտ պոպուլիստական, ոչ իրատեսական եւ չիրականացված ծրագրեր են։ Բնակարանային ապահովման ծրագիրը, եթե չեմ սխալվում, հիմա կանգ է առել, չի իրականացվում, որովհետեւ իրականում դա ոչ իրատեսական ծրագիր է։ Եթե մարդը պետք է զրոյից բնակարան ձեռք բերի այդ աջակցության ծրագրով, որն առաջարկում է կառավարությունը, նույնիսկ սահմանամերձ բնակավայրերում դա անհնար է անել։ Եվ իմ իմանալով՝ ընդամենը մի քանի տասնյակ մարդ է փորձում օգտվել իրենց առաջարկված բնակապահովման ծրագրից։ Ծրագիրը ձախողված է ու կանգ է առել, որեւէ մեկը դրանով կարծես չի էլ հետաքրքրվում։

Ամենակարեւոր խնդիրը, որն իրենք լուծում են այս «հեքիաթային», ոչ իրատեսական ու պոպուլիստական ծրագրերով, դա արցախցիներին ավելի նեղ վիճակի հասցնելն է, որպեսզի արտագաղթի ծավալները շատ ավելի մեծանան, մարդիկ ուղղակի թողնեն ու գնան։ Իշխանությունները տեսնում են, որ արցախցին հնարավորինս համառում է, փորձում է հաստատվել Հայաստանում՝ հասկանալով, որ սա միակ հնարավորությունն է՝ վաղը ինչ-որ բան փոխելու Արցախի հարցով։ Օկուպացված հայրենիք ունենալը չի նշանակում, որ դու չունես այդ հայրենիքը, դու պետք է պայքարես այդ հայրենիքի համար։ Իրենք սա անում են, որպեսզի մարդիկ ուղղակի թողնեն ու գնան ՀՀ-ից, որովհետեւ եթե չկա արցախցի, կամաց-կամաց կմարի նաեւ Արցախի հարցը։ Եվ կստացվի, որ այս իշխանությունները կարողացան փակել Արցախի հարցը։

Բոլոր այդ «հեքիաթային» ծրագրերը, որոնց մասին իրենք խոսում են, չեն քննարկվել արցախցիների հավաքականությունը ներկայացնող որեւէ լեգիտիմ մարմնի հետ։ Սկզբնական փուլում մենք տարբեր մարզեր այցելություններ կատարեցինք եւ մի մեծ փաթեթ ներկայացրեցինք, թե որոնք են արցախցիների դիտարկումները՝ թե սոցիալական, թե քաղաքական հարցերի, թե Արցախ վերադառնալու մասին։ Բայց Հայաստանի կառավարությունը մեզ հետ քննարկումներ չի արել։

Ինչ վերաբերում է 40+10 հազար աջակցության ծրագրին, բոլորի համար ակնհայտ է, որ դա այնպիսի չնչին գումար է, որ եթե մարդը տուն, ապրուստի որեւէ միջոց ու աշխատանք չունի, հնարավոր չէ այդ գումարով տան վարձ վճարել ու կեցություն ապահովել։ Եթե մարդը գյուղական շրջանում տուն է վարձել, բայց չունի հողատարածք, ընտանի կենդանիներ եւ չի կարող գյուղատնտեսական աշխատանքով զբաղվել, շատ ավելի վատ վիճակում է գտնվում, քան քաղաքում բնակարան վարձողը։ Գումարած դրան՝ այն բոլոր սահմանափակումներն ու խոչընդոտները, որոնք կան։ Ես վստահ եմ, որ իրենք հատուկ են արել, որ արցախցիներն այսօր չկարողանան աշխատել ՀՀ-ում։ Իրականում շատ խոչընդոտների միջով են մարդիկ անցնում, եւ ընդամենը մի քանի հազար հոգու է այսօր հաջողվել աշխատանք գտնել Հայաստանում։ Եվ դրա պատճառը նաեւ այդ կեղծ քաղաքացիության հարցն է, որով կարծես թե այս իշխանությունը շանտաժ է անում արցախցիներին։ ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիների թիվը հենց այդ մասին է փաստում՝ ընդամենը 3-4 հազար արցախցի է ՀՀ քաղաքացիություն ստացել։ Մնացած տեղերում աշխատելու դեպքում  մարդիկ շատ ցածր, երբեմն 100 հազար դրամի չհասնող աշխատավարձ են ստանում, իսկ այդ գումարով անհնարին է գոյություն պահել։

Այս չնչին աջակցության ծրագրից զրկելով արցախցիներին՝ իրենք խթանում են, որպեսզի մարդիկ ուղղակի գլխապատառ փախչեն Հայաստանից։ Մի կողմից հայրենիքի կանչն է, մյուս կողմից՝ այդքան աղետների միջով անցած սեփական երեխային կերակրելու հարցն է։ Մարդիկ պետք է ընտրություն անեն, բայց շատերը չեն շտապում ընտրություն կատարել՝ վստահ լինելով, որ այսպիսի ազգադավ իշխանությունները չեն կարող հավերժ լինել, եւ անպայման վերջը գալու է, պայքարն ազգայինի համար դեռեւս տեղի է ունենալու։ Դա է պատճառը, որ մարդիկ այսօր դեռեւս շարունակում են գոյության պայքար տանելով՝ դիմակայել այս ամենին։

Իշխանություններն ասում են, որ հիմնականում պետական բյուջեի միջոցներով են իրականացրել արցախցիների աջակցության ծրագրերը, բայց մենք գիտենք, որ միջազգային կառույցները բավական մեծ գումարներ են ուղղում այդ նպատակով։ Ինչպե՞ս եք գնահատում գումարների ծախսի արդյունավետությունը։ 

-Այսօր ես լսեցի, որ խոսում էին ինչ-որ 70 մլրդ դրամի մասին, որը որպես աջակցություն տրամադրվել է արցախցիներին։ Մենք բոլորս էլ տեղյակ ենք, որ ցեղասպանության վտանգի ներքո բռնի տեղահանման պայմաններում միջազգային հանրությունը եւ կազմակերպությունները ֆինանսավորում են այն երկրին, որը պաշտպանություն է տրամադրում այդ անձանց։ Այնպես որ, Հայաստանի իշխանությունները կարծես թե մոռացել են ու չեն խոսում այդ գումարների մասին։ Այդպիսի թվեր հնչեցնելով՝ իրենք դարձյալ նպատակ ունեն սեպ խրել ՀՀ ու Արցախի մեր հայրենակիցների միջեւ։ Շատ ավելի վատ, որ իրենք այդքան միլիարդներ են ծախսել, եւ այսօր որեւէ մոնիտորինգ արված չէ, չափումներ արված չեն, եւ չի հայտարարվում, թե սոցիալական ինչ փոփոխություն կա արցախցիների շրջանում։ Ես մշտապես կապի մեջ եմ մարդկանց հետ, իմ դիտարկումների համաձայն՝ նրանց կյանքն օրեցօր դժվարանում է, իրենք որեւէ ելք չեն կարողանում տեսնել՝ իրենց սոցիալական վիճակը բարելավելու համար։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930