Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատրյանական հրավառություն՝ գումարած վիրտուոզ Լեա Զու

Նոյեմբեր 21,2024 15:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոյեմբերի 20-ին  մեր ժամանակների  վիրտուոզ ջութակահարներից մեկը՝ Լեյա Զուն, ելույթ ունեցավ  Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնի բացման համերգին, որը նաեւ ուղիղ հեռարձակվում էր: Ունկնդիրը վայելելեց Արամ Խաչատրյանի հանրահայտ Ջութակի կոնցերտը` 18-ամյա Լեյա Զուի կատարմամբ։ Ջութակահարը Կոմիտասի  «Կռունկն» էլ կատարեց, թեեւ այն ծրագրում չկար: Կատարեց անչափ զգացմունքային եւ իրեն բնորոշ վարպետությամբ:

Համերգին հնչեց նաեւ Արամ Խաչատրյանի 2-րդ՝ «Զանգով սիմֆոնիան», որի ավարտից հետո դահլիճն ուղղակի դղրդում էր հոտնկայս ծափահարություններից։ Նվագախումբը ղեկավարում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Սերգեյ Սմբատյանը: Համերգն իսկական խաչատրյանական  երաժշտական հրավառություն էր:

Համերգը նվիրված էր ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 35-ամյակին: Սրանով էր պայմանավորված, որ համերգը բացվեց Ջոն Լենոնի հայտնի  Imagine երգի ՅՈՒՆԻՍԵՖ-յան տարբերակով, որի նպատակն էր բոլորին կոչ անել միանալու երեխաների իրավունքներին ուղղված քայլերին: Համերգին ներկա էր Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, որը կարեւորեց «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան եւ նշեց, որ Օպերայի շենքի կապույտ լուսագունավորումը օրվա խորհրդի մասին է վկայում:

Դառնալով բացառիկ ջութակահար  Լեա Զուին՝ նշենք, որ նա 4 տարեկանում հանդես է եկել դեբյուտային համերգով, իսկ 8 տարեկանում արդեն կատարում էր Մենդելսոնի ջութակի կոնցերտը: Ներկայումս էլ ելույթ է ունենում Եվրոպայի խոշորագույն համերգասրահներում, հանդես գալիս հեղինակավոր փառատոներին:

Հավելենք, որ Խաչատրյանի անվան  միջազգային փառատոնը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի եւ  Խախամյան հերիթիջի աջակցությամբ։ Այն մշտապես հյուրընկալում է համաշխարհային ճանաչում վայելող երաժիշտների:

Փառատոնը կտեւի մինչեւ դեկտեմբերի 16-ը, եւ 6 համերգի ընթացքում երաժշտասերները հնարավորություն կունենան վայելելու Խաչատրյանի, Շոստակովիչի, Չայկովսկու, Ռիմսկի-Կորսակովի, Դվորժակի, Բարբերի, Սըր Կառլ Ջենքինսի, Բրամսի, Բերգի, Լիստի և Շոպենի հայտնի ստեղծագործությունները:

Բացի Լեա Զուից, Սիմֆոնիկ կվագախմբի հետ հանդես կգան ջութակահար Կլարա-Ջումի Կանգը եւ թավջութակահար Սոֆի Քաուերը։ Մենահամերգ կունենա իտալացի դաշնակահար Անտոնիո դի Կրիստոֆանոն։

Համերգները կղեկավարեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, դիրիժորներ Մարկո Կրիսպոն (Իտալիա) և Մարկո Պարիսոտտոն (Կանադա)։

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930