Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի շատ խոսվում է ամանի մասին, բայց ամանի միջինն ավելի էական է». Անդրանիկ Սիմոնյանը՝ ակադեմիական քաղաքի, հայ-իրանական հարաբերությունների սերտացման մասին

Նոյեմբեր 21,2024 14:02

Վերջերս Երեւանում էր Թեհրանի Իսլամական ազատ համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչ, Իրանի իրանագետների վարչության անդամ Անդրանիկ Սիմոնյանը: Aravot.am-ի հետ զրույցում նա անդրադարձել է մի քանի թեմաների՝ այդ թվում Երեւանում ստեղծվող ակադեմիական քաղաքին:

«Ոչ միայն որպես Թեհրանի Իսլամական ազատ համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնը 20-25 տարի ղեկավարող մարդ եմ ասում, այլ որպես գիտության, մշակույթի ոլորտի ներկայացուցիչ՝ մեր աչքի առաջ ունենալով ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, եվրոպական երկրների եւ հատկապես Ֆրանսիայի փորձը: Ի դեպ, Իրանը ֆրանսիական օրինակով է ընդառաջվում: Իհարկե, հրաշալի նախաձեռնություն է ակադեմիական քաղաք հիմնադրելը, բայց այնպես չէ, որ  գիտության բոլոր բնագավառների ուսումնասիրությունները, հետազոտությունները, համալսարանական կրթությունը պետք է հավաքենք մեկտեղ ու դրանով միանգամից խնդիրը լուծենք, հայտնվենք աշխարհի առաջատար երկրների շարքում: Ցուրաքանչյուր համալսարան ու ֆակուլտետ՝ իր անհրաժեշտություներից ելնելով, կարոտ է մանրամասն ուսումնասիրությունների: Ոչ բոլոր բուհերն ու ֆակուլտետները պետք է տեղափոխել: ԵՊՀ-ում դասավանդվող առարկաներն այսօր որեւէ  անհրաժեշտություն չեն զգում մեկ մետր իսկ տեղաշարժվելու, նույնն էլ բժշկական համալսարանին ու նման այլ բուհերին է վերաբերում, որոնք տեղում արդեն իսկ ինքնաբավ են»,-նշեց Անդրանիկ Սիմոնյանը:

Նրա ձեւակերպմամբ՝ ակադեմիական քաղաքի վերաբերյալ վերին մակարդակներում էլ միանշանակ մոտեցում չկա, քանի որ կան բնագավառներ, որոնք կարիք ունեն տեղափոխվելու, բայց մյուսների պարագայում սկզբունքային հարցեր կան. «Բուհերը տեղափոխելը զուտ միջոցների, ֆիզիկական հնարավորությունների ընդամենը կուտակում կնշանակի: Այսօր ավելի շատ խոսվում է ամանի մասին, մինչդեռ ամանի միջինն ավելի՛ էական է: Անգլիայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում քաղաքներ կան, որոնք այդտեղ գտնվող լավագույն համալսարանների շնորհիվ պատիվ եւ պատկառանք են ստանում: Երեւանն էլ ԵՊՀ-ի, Բժշկական համալսարանի, Պոլիտեխնիկ ինստիտուտի շնորհիվ է  պատիվ ու պատկառանք ստանում: ԵՊՀ-ի ամբողջ շրջակայքն՝ այդ համալսարանի ուղղակի առկայության շնորհիվ, մի մակարդակ բարձրանում է, անգամ այդ թաղամասում գտնվող  սրճարանների, պատճենահանման կետերի սպասարկման մակարդակն է բարձր, այդտեղ հսկայական կյանք է եռում: Չի՛ կարելի մեկ որոշմամբ ու միանգամից ավանդույթ ու պատմություն ունեցող բուհերը տեղաշարժել:

Որոշակի ուղղություներ, այո՛, կարելի է քաղաքից հանել կամ կենտրոնացնել մի տեղ, իսկ ընդհանրապես քաղաքի կրթական օջախներին ձեռք տալուց առաջ պետք է 100 անգամ չափել, նոր կտրել: Ի դեպ բուհերի շնորհիվ շրջակայքում նաեւ կանաչ գոտի կա, եւ եթե բուհերի տարածքները հանձնվեն մասնավոր սեկտորին, թերեւս այդ կանաչը կկորցնենք, որովհետեւ տեղում գուցե թե կառուցապատում արվի»:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետին, թարգմանական գրականությանը, տարածաշրջանի երկրների լեզուներով հաղորդումներին:  Թեհրանի Իսլամական ազատ համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչը դրվատանքով խոսեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի, իրանագիտության, թրքագիտության, արաբագիտության ամբիոնների ու մասնագետների մասին: Ընդգծեց, որ Հայաստանի դիվանագետներից շատերը հենց արեւելագիտության ֆակուլտետն են ավարտել: Նշեց, որ արեւելագիտության ֆակուլտետում մասնավորապես Իրանի հետ կապված լավ ավանդույթներ կան մշակված, սակայն հարկ է, որ համագործակցությունն է՛լ ավելի սերտացվի. «Լավ կլինի, որ որեւէ խնդիր դրվի որպես սեմինարի առանցք, եւ, օրինակ, Թեհրանից 5-10 մասնագետ գա, իսկ Երեւանում էլ կարող է դրա կրկնապատիկը լինել: Բանասիրությունը Հայաստանում բավականին զարգացած ուղղություն է, իսկ Իրանում վերելքի վրա է գտնվում: Իրանցի դասախոսներ կան աշխարհի տարբեր համալսարաններում, որոնց այդ համատեսքտում հավաքագրելը նույնպես կարող է օգտակար լինել: Հրաշալի կլիներ, եթե Իրանում եւ Հայաստանում համատեղ ուսումնասիրությունների ուղղություններ մշակվեին, օրինակ, լիներ երկու էպոսների ուսումնասիրությանը նվիրված սեմինար, սեմինար՝ բարբառագիտական նվաճումների թեմայով, սեմինար՝ Սասանյան պետականության եւ իրանական  քաղաքականության մասին, սեմինար՝ Արշակունիների արտաքին քաղաքականության վերաբերյալ եւ այլն:

Մատենադարանում գտնվող բազմաթիվ ձեռագրեր կան, 30 տարի է՝ Իրանից գալիս են Երեւան եւ թեկնածունական թեզեր են պաշտպանում, մեկ- երկուսը տեսել եմ, բայց չեմ տեսել 5-6 գիրք, որ դրա արդյունքում տպագրված լինի: Ունենք հրաշալի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյան, հրաշալի մասնագետներ Ռուբեն Մելքոնյան, Վարդան Ոսկանյան, Ալեքսանդր Սաֆարյան, բոլորն անելիք ունեն: Ո՞վ է ասում, որ թրքագիտական կամ ասենք արաբագիտական ամբիոններն անելիք չունեն, համագործակցությունների եզրեր կան, միայն Մատենադարանը մի երեք համատեղ սեմինարի նյութ կարող է տալ…Կարծում եմ համագործակցության մեծ դաշտ ունենք, որը չենք լրացնում, բայց ժամանակները հիմա նպաստավոր են դրա համար»:

Անդրանիկ Սիմոնյանը մեր զրույցի ընթացքում հրաշք որակեց Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը Կապանում, ընդգծեց, որ Սյունիքը հայ-իրանական հարաբերությունների հանգույց է. «Հայաստանը չի կարող աշխարհի բոլոր երկրների հետ դաշինքներ կնքել, իսկ Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը հայ-իրանական հարաբերությունների է՛լ ավելի սերտացում է նշանակում: Եթե այդտեղ նաեւ մի քանի արտադրամաս, փոքր գործարաններ էլ հիմնադրվեն, որպեսզի մարդիկ աշխատանք ունենան, պատկերը լրիվ այլ կլինի: Տեսեք, թե ինչքան կարեւոր է Սյունիքը, որ ՌԴ-ն ու Ֆրանսիան էլ ձգտեցին այնտեղ ունենալ հյուպատոսություն: Իրանի միակ հարեւանը, որի հետ այդ երկիրն ունի բարեկամական հարաբերություններ, Հայաստանն  է…»:

Մեր զրուցակիցը նշում է, որ Հայաստանում անհրաժեշտ է  ունենալ պարսկերեն, թուրքերեն, քրդերեն հեռուստածրագրեր, Հայաստանը պետք է ինքը այդ լեզուներով աշխարհին տեղեկացնի իր իր ներսում կատարվող եւ իր հետ առնչվող իրադարձությունների մասին, ոչ թե դա անեն ուրիշները՝ միջնորդավորված կամ աղավաղված:

Խոսելով կրթական, գիտական եւ մշակութային ոլորտներում հայ-իրանական համագործակցության մասին՝ Թեհրանի Իսլամական ազատ համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչը նշեց, որ պետք է մեծացնել ակտիվությունը կրթական եւ գիտական փոխանակումների առումով. «Օրինակ, կարելի է Երեւանում կազմակերպել էպոսագիտական սեմինար, երկրորդ կեսն էլ Իրանում անցկացնել: Աշխարհում մեծ թվով էպոսագետներ կան, որոնք աշխատում են հայկական ու իրանական էպոսների ուղղությամբ: Իրանական էպոսի հերոս Ռուստամի մասին առաջինը Խորենացին է գրել, սրանք փոքրիկ բաներ չեն: Բարեկամության արմատները շոշափելի են. 1500 իրանական բառ դեռ պահպանում ենք հայոց լեզվում, շուրջ 1000՝ մայր լեզվից ստացած բառապաշար կա, որն ընդհանուր է երկու լեզուների համար: 5-րդ դարի հայ գրականությունը լավագույն աղբյուրն է իրանագիտության համար: Այս ամենով հանդերձ՝ երկկողմ հետաքրքրվածության առումով դեռ գործնական քայլերը քիչ են: Վերջերս Կապանում անցկացվեց  «Հայաստան-Իրան. համագործակցություն եւ հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովը՝ հայկական եւ իրանական վերլուծական, գիտական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ: Կարծում եմ՝ դա կարելի է դարձնել ոչ թե ամենամյա, այլ առնվազն կազմակերպել 6 ամիսը մեկ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930