Փարիզում նոյեմբերի 20-ին մեկնարկեց Un week-end à l’Est արևելյան մշակույթի փառատոնը, որի այս տարվա հյուր քաղաքը Երևանն է։ Նախորդ տարիներին փառատոնի հյուրերն են եղել Թբիլիսին, Սոֆիան, Կիևը, Բուդապեշտը, Օդեսան, Բելգրադը և այլ քաղաքներ։ Նպատակն է քաղաքի թեմայի միջոցով ներկայացնել երկրի մշակույթն՝ իր ողջ բազմազանության մեջ՝ գրականություն, կատարողական արվեստներ, գեղանկարչություն, ճարտարապետություն և ֆիլմ։ Փառատոնում մեր երկիրը ներկայացնող կենտրոնական դեմքերն են բալետմայստեր Ռիմա Պիպոյանը և կոմպոզիտոր, երաժիշտ Անդրե Մանուկյանը։ Հայաստանից և Սփյուռքից ժամանած հյուրերի թվում են լուսանկարիչներ Նազիկ Արմենակյանը, Արեգ Բալայանը, Կարեն Խաչատուրովը, երաժիշտ Արտյոմ Մանուկյանը, «Հովեր» երգչախումբը, ռեժիսորներ Սերժ Ավետիքյանը, արվեստագետ Ռուբեն Արևշատյանը, գրողներ Սուսաննա Հարությունյանը, Ժան-Շա (Հովհաննես) Թեքյոզյանը, Հովիկ Աֆյանը, Գրիգոր Պըլտեանը, Վիգեն Բերբերյանը և այլք։
Միջոցառումների շրջանակներում կլինեն ցուցահանդեսներ, համերգներ, Փելեշյանի և Փարաջանովի ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ, հեղինակների հետ հանդիպումներ, ինչպես նաև խիստ ժամանակակից և ավանգարդ մշակութային ուղղություններ, օրինակ, դիջեյներ և պերֆորմատիվ արվեստի ցուցադրություններ։ Փառատոնի բազմաթիվ գործընկեր լրատվամիջոցներ և գրական ամսագրեր առանձին համարներ են պատրաստել հայ մշակույթի մասին՝ տարբեր նյութերով, արվեստագետների հետ հարցազրույցներով և այլ ձևաչափերով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանից ոչ մի ԶԼՄ ներկայացուցիչ չի մասնակցում արտասահմանում կայացող այսքան ծավալուն հայկական մշակութային փառատոնին։
Հանդիպեցինք գրական գործակալ, ԱՐԻ գրական գործակալության և գրականության հիմնադրամի տնօրեն Արևիկ Աշխարոյանի հետ։ Խնդրեցինք ներկայացնել փառատոնին հրավիրված իր գործակալության հեղինակների մասնակցության մասին տեղեկություններ, և որոշ մանրամասներ այդ փառատոնի մասին ընդհանրապես, քանի որ դրսում հազվադեպ են նման ձևաչափի միջոցառումները։
«Դեռ տարվա սկիզբն էր, երբ փառատոնի կազմակերպիչները կապվեցին մեզ հետ և խնդրեցին հանդիպումներ մեր մի քանի հեղինակների հետ, մասնավորապես Արամ Պաչյանի և Սուսաննա Հարությունյանի։ Հանդիպումները մեր գրասենյակում տեղի ունեցան և հեղինակներին հրավիրեցին մասնակցելու փառատոնին։ Հեղինակների ընտրությունը պայմանավորված էր նաև նրանց գրքերի ֆրանսերեն հրատարակումների առկայությամբ։ Իսկ արդեն երեկ՝ նոյեմբերի 20-ին, փառատոնի բացման ժամանակ ընթերցվեցին Արամ Պաչյանի P/F վեպից Երևանի ու Գետառի մասին հատվածները ֆրանսերենով։ Իսկ նոյեմբերի 23-ին և 25-ին տեղի են ունենալու հանդիպումներ Սուսաննա Հարությունյանի և Ժան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյանի հետ։», – հայտնեց մեր զրուցակիցը։ Մանրամասնեց նաև, որ նախքան փառատոնի մեկնարկը, ամիսներ շարունակ Հայաստան էին այցելում տարբեր ֆրանսիացի լրագրողներ այնպիսի թերթերից, ինչպիսիք են «Le Figaro»-ն, «La Vie»-ն, իսկ «Kometa» ամսագիրը մի ամբողջ համար է ներկայացրել ֆրանսիացի ընթերցողին հայկական մշակույթի տարբեր ոլորտների մասին հոդվածներով, հարցազրույցներուվ և այլ նյութերով։
Կարդացեք նաև
«Որքան տեղյակ եմ՝ առնվազն վերջին 15 տարիների ընթացքում հայ մշակույթի նման ծավալի ներկայացում արտերկրում չի եղել։ Սա շատ լավ հնարավորություն է տեսանելի դարձնել մեր արվեստագետներին ու մտածողներին, որի արդյունքում նոր հնարավորություններ են բացվելու բոլորիս առջև։ Ընդհանուր առամբ, իմ աշխատանքում՝ որպես գրական գործակալ, մեծ խոչընդոտ է այն փաստը, որ Հայաստանի մասին խիստ սահմանափակ տեղեկություններ ունեն արտերկրի հրատարակիչները, իսկ այս փառատոնը մեզ ներկայացնում է ոչ միայն որպես հին մշակութային ժառանգություն ունեցող երկիր, այլ նաև ժամանակակից արվեստում հետաքրքիր և ինքնատիպ միտք ունեցող ազգ, առաջադեմ և եվրոպական», – հայտնեց մեր զրուցակիցը։
«Երանի Հայաստանից այս փառատոնին ներկա լիներ գոնե մեկ նկարահանող խումբ, որը կլուսաբաներ միջոցառումները՝ հայաստանցի հեռուստահանդիսատեսին ավելի պատկերավոր ներկայացնելու համար։ Գուցե Հայաստանում էլ ավելի հետաքրքրվեին մեր արվեստով ու գրականությամբ։ Տարօրինակ ազգ ենք, գնահատում ենք մեր կողքը ստեղծագործողներին կա՛մ նրանց մահից, կա՛մ էլ դրսում հաջողությունների և գովասանքների արժանանալուց հետո․․․», – խոսքը եզրափակեց Արևիկ Աշխարոյանը։
Փառատոնը կշարունակվի մինչև նոյեմբերի 30-ը, իսկ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարները՝ https://weekendalest.com/ ֆրանսիական կայքէջից։