Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից բռնի տեղահանվածների մեծ մասը ապրիլ ամսից կզրկվի աջակցության գումարից․ կառավարության նոր որոշումը

Նոյեմբեր 21,2024 12:19

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության նոր ծրագիրը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ 40+10  հազար դրամ աջակցության ծրագիրը կիրականացվի մինչեւ այս տարվա դեկտեմբերը ներառյալ։ Իսկ հունվարից աջակցության ծրագիրը կփոփոխվի։

«Սակայն, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից տեղանահվածների տնտեսական ինտեգրման դրական միտումները, մյուս կողմից, բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի մեկնարկը, առաջարկում ենք 2025 թվականի հունվարից դեկտեմբեր ամիսների համար հաստատել նորացված աջակցության ծրագիր, որով տարվա ընթացքում աստիճանական կնվազեցնենք ընդհանրական բնույթի աջակցությունը, բայց կբարձրացնենք աջակցության հասցեկանությունը՝ շեշտելով հատուկ առանձին թիրախ խմբերին։ Այսպիսով, 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50 հազար դրամ։ Այս ամիսների ընթացքում մինչեւ մարտ աջակցության շահառուների շրջանակը կլինի գրեթե նույնը, ինչ եղել է 2024 թվականին։ Սակայն 2025 թվականի ապրիլ-հունիս ամիսը ներառյալ մենք առաջարկում ենք սոցիալական աջակցության չափը սահմանել 40 հազար դրամ, միաժամանակ հասցեագրել բռնի տեղահանված առանձին խմբերի հետեւյալ անձանց՝ մինչեւ 18 տարեկան երեխաներին կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձանց, 63 եւ ավելի տարիք ունեցող անձանց կամ կերակրողին կորցրածներին, ինչպես նաեւ առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց։ Իսկ 2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսը ներառյալ  աջակցությունը կշարունակենք նույն խմբերի համար, սակայն 30 հազար դրամի չափով»,- ասաց նախարարը։

Նիկոլ Փաշինյանը հարցրեց․ «Այս որոշմամբ մենք ի՞նչ ենք ասում՝ մինչեւ գարուն շարունակվելու է 40+10 ծրագի՞րը»։

Նարեկ Մկրտչյանը պարզաբանեց․ «Մինչեւ գարուն 50 հազար դրամ ենք տալիս, եւ շահառուների թիվը հիմնականում կհամապատասխանի 2024 թվականի ընթացքում ստացածների թվին։ Իսկ ովքեր ունեն անշարժ գույք Հայաստանում, 10 հազար դրամները չեն ստանա, նրանց թիվը 4899 է։ Մարտից հետո մենք ասում ենք, որ 50 հազարի փոխարեն կդարձնենք 40 հազար, բայց կոնկրետ թիրախային խմբերի համար»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930