«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի կայացող դատական նիստերը առանց տեսանկարահանման կընթանան։ Այսօր կայացած նիստում պատասխանող կողմի փաստաբանը դեմ եղավ տեսանկարահանումներին եւ ուղիղ հեռարձակումներին։ Գործով դատավորն է Ալվինա Հարությունյանը։
Բագրատ սրբազանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը (լուսանկարում) լրագրողների հետ զրույցում ասաց՝ հույս ունի, սակայն, որ հաշվի առնելով պատասխանողի անձը, նրա հանրային դիրքը եւ պաշտոն զբաղեցնելը, Նիկոլ Փաշինյանը չի խուսափելու իր խոսքերի համար պատասխան տալուց․ «Թեեւ այդ անձին բնորոշ է իր խոսքերը խեղաթյուրելը, փոխելը։ Խուսափողական վարքագիծ է բարձրաստիճան պաշտոնյայի կողմից՝ իր խոսքերի համար պատասխանատվությունից խուսափելու համար»։
Հիշեցնենք, հուլիսի 15-ին, սուրբ Աննա եկեղեցու բակում սրբազանը հայտարարել էր, որ դատի է տալու Նիկոլ Փաշինյանին․ «Պարզվում է՝ խորհրդարանում փողկապով էդ նեռը զրպարտել ու ասել է ՝ «եպիսկոպոսը մոտեցել է հունիսի 12-ին ոստիկաններին, ասել է՝ տղաներ, սաղավարտները իզուր էլ դրել եք, մի դրեք սաղավարտները, հետո գնացել է եւ քարերով հարվածելու գործընթաց է կազմակերպել նույն մարդը», այսինքն՝ ես: Իբրեւ թե սկզբում գնացել եմ, ասել եմ՝ սաղավարտները հանեք, հետո գնացել եմ, ասել եմ՝ հիմա ջարդեք: Այս հայտարարությունն է արել խորհրդարանի ամբիոնից, նոր եմ իմացել՝ այսօր առավոտյան: Այդ ստախոս վախկոտ նեռը, որը Բեռլինից չգիտեմ մինչեւ ուր է ուզում հեծանիվ քշել, այդպիսի հայտարարություն է արել ու մենք հիմա կստուգենք՝ Հայաստանում դատական համակարգը գործո՞ւմ է, թե՞ չէ, էդ ո՞ր դատավորն է, որ հանձն է առնելու տանել այս գործը մինչեւ վերջ»:
Դատարանում պատասխանողը հայտարարեց, որ հայցադիմում ներկայացնելու ժամկետներ են խախտվել, ուստի հայցը չի կարող հիմնավոր ճանաչվել։
Կարդացեք նաև
Հովհաննես Խուդոյանը հավաստիացնում է՝ լրացուցիչ ապացույցներով հիմնավորում են, թե Բագրատ սրբազանը երբ է իմացել այդ հայտարարության մասին․«Ժամկետը մեր կողմից պահպանվել է, ինչի վերաբերյալ ապացույցներ կներկայացնենք»։
Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը նաեւ դատարանում հայտարարեց, որ իր պաշտպանյալը Բագրատ սրբազանին նկատի չի ունեցել ու հղում արեց խոսքի այն հատվածին, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասում է՝ «․․․եպիսկոպոսը մոտեցել է․․․»։ Հովհաննես Խուդոյանը հակադարձում է․ «Ամբողջ ելույթից եւ ոչ միայն այս, այլ նաեւ այլ ելույթներից, հասկանալի է, թե ում մասին է խոսքը, եթե անգամ իրենք հնարքներ օգտագործեն։ Կոնկրետ հղում է կատարում ելույթի այն հատվածին, ինչպիսի ելույթ ունեցել է Բագրատ սրբազանը՝ «ոստիկաններին ասում էր՝ բան մի արեք․․․»: Եվ երկրորդ՝ եպիսկոպոսի աստիճանով այդտեղ ոչ ոք չի եղել, շփոթության բան էլ չկա։ Այնպես չի, որ մի քանի հոգի են եղել, որ շփոթության հարց առաջանա։ Ցանկացած լսողի մոտ ողջամիտ պատկեր է ձեւավորվում, թե ում մասին է խոսքը։ Իսկ ինչ վերաբերում է հանդուրժողականությանը, հանդուրժողականությունը չի կարող վերաբերվել ակնհայտ սուտ փաստերի, որոնք անձին մեղադրում են հանցավոր արարք կատարելու մեջ։ Առավել եւս, Նիկոլ Փաշինյանին շատ հստակ պետք է լինի, որ ոստիկանների դեմ քարերով ելնելը հակաիրավական գործողություն է, որովհետեւ ինքը դրա համար մի անգամ քրեական պատասխանատվության ենթարկվել է։ Հենց իր պաշտոնին եղող անձը ավելի պատասխանատու եւ հանդուրժողական պետք է լինի քաղաքական օպոնենտների նկատմամբ, իր խոսքը պետք է կառուցի՝ խստագույնս պահպանելով՝ եւ օրենքի, եւ բարոյականության սահմանները։ Բայց սա իր պարագայում մի քիչ տեսական դատողություն է․ եւ օրենքի, եւ բարոյականության մասով խնդիրներ կան»։
Պաշտպանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ պատասխանողը սրբազանի խոսքից կտրած, ընդհանուր համատեքստից հանած արտահայտություններ է դատարանին ներկայացնում։ Խոսքը վերաբերում է սրբազանին վերագրվող կոչին՝ ոստիկանների ուղղությամբ քարեր նետելու, ինչի առիթով իբրեւ սրբազանն ասել է, թե լավ է արել, որ նման կոչ է հղել ցուցարարներին։ Հովհաննես Խուդոյանը պարզաբանում է․ «Սրբազանն ասում է՝ ես նման բան չեմ ասել, բայց եթե անգամ ասել եմ՝ լավ եմ արել»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ