Լրահոս
Օրվա լրահոսը

Սովորաբար, որբն ինքը չի որոշում ուր գնա, նրան տանում են

Նոյեմբեր 21,2024 12:30

Արցախը դատարկին, բերին Հայաստան, բա Հայաստանի հայերին ուր են տանելու: Այս հարցն իրոք արդիական է, քանզի հենց այսօր պետք է մտածվի սրա մասին: Խոսակցություններից պարզ է դառնում, որ «խաղաղության» պայմանագրի կնքումը սարերի ետեւում չէ, այնպես որ, հիմիկվանից (սա զուտ իմ անձնական կարծիքն է) պետք է լրջորեն նախապատրաստվել դրան: Իհարկե, չկա այնպիսի մի երկիր, ինչպես Արցախի դեպքում Հայաստանն էր, որ Հայաստանի ժողովրդին տեղափոխի ու տեղավորի իր մոտ, այնպես որ, մնում է ամեն մեկն իր գլխի ճարը տեսնի: Դե, վերջապես գալիս է այն ժամանակը, որի մասին բազմիցս բարձրաձայնվեց, որ եթե տեր չկանգնեք ձեր երկրին, ապա մի օր ստիպված եք լինելու լքելու ու հեռանալու այնտեղից, քանզի դա արդեն ձեզ չի մնալու՝ ձերը չի լինելու, քանի որ դուք գերադասեցիք՝ ընտրեցիք այս ճանապարհը: Դուք դավաճանեցիք ձեր երկրին ու միասին՝ որբ մնացիք: Սովորաբար, որբն ինքը չի որոշում ուր գնա, նրան տանում են: Սակայն այս դեպքում ձեզ տանող չի լինի, դուք պետք է ձեր գլխի ճարը տեսնեք … Բա, այդքան որ ասում էինք հայրենիքը սուրբ է, նա աշխարհի ամենալավ ծնողն է, ոչ մի պարագայում իր զավակներին չի որբացնում, մտածում էիք, որ հենց այնպես բառեր էինք ասում: Դավաճանեցիք ծնողին, դե հիմա հարմարվեք ձեր նոր՝ որբի կարգավիճակին, փորձեք շարունակել ձեր քայլերը: Որբ լինելը տառապանք է, որը ձեզ ինչ-որ առումով հասնում է:

Դեռ տաք աշուն է, եղանակը ձեզ ծնողություն կանի, բայց շուտով գալու է ձմեռը՝ ձեր կյանքի ձմեռը, ուստի պատրաստվեք դրան, որ իմանաք, թե իրականում ի՞նչ է իսկական ձմեռը: Մինչեւ հիմա հայրենիքը ձեզ միայն ամառ է պարգեւել, երբեք չեք զգացել ձմռան շունչը եւ այդ իսկ պատճառով, սովոր չեք ձմռանը, որի հետեւանքով շատ ավելի վատ եք տանելու այս ձմեռը: Պատրաստ եղեք, որ շատ-շատերդ չեք դիմանալու: Ո՞րն էր լավ. չդավաճանել ու ապրել ծնողի երանելի շվաքի տակ, թե՞ մեռնել աննպատակ: Եթե պետք է մեռնեիք, ապա ավելի լավ չէ՞ր արթնանայիք լեթարգիական քնից, ոտքի կանգնեիք ու պաշտպանեիք ձեր ծնողին, ով երբեք չի ուրանում եւ հավերժ խնամում է իր զավակին: Սակայն, չափազանց զարմանալի է, որ դուք գերադասեցիք մեռնելը, ձեզ հետ սպանելով նաեւ ձեր ծնողին:

Հիմա արդեն գիտեմ, թե ձեզ՝ Հայաստանի հայերին, ո՞ւր պետք է տանեն: Սակայն մեծ հարց է. արդյո՞ք որբերը գերեզմանի իրավունք ունեն: Համոզված եմ՝ չունեն, քանզի գերեզմանի համար եւս հայրենիք է պետք, որը դուք հանձնեցիք թշնամուն, որը հայերի նախկինում ունեցած ամեն ինչի հետ, նաեւ քո գերեզմաններն է պղծում:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
20.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930