Լրահոս
Օրվա լրահոսը

Թեհրանի խոսուն ուղերձները Թրամփին

Նոյեմբեր 21,2024 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Միեւնույն ժամանակ, Իրանում հույս ունեն, որ Եվրասիական տնտեսական միության դիտորդ-անդամ կդառնան դեկտեմբերին

Ուշագրավ ուղերձներ հնչեցին Թեհրանից նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ հանրապետականները ջախջախից հաղթանակ են տանում:

«Իրանը հետապնդելու է այն ամենը, ինչն ապահովում է իր շահերը», – հայտարարել էր կառավարության խոսնակ Ֆաթեմա Մոհաջերանին՝ պատասխանելով հարցերին, թե հնարավո՞ր են Թրամփի վարչակազմի հետ ուղիղ բանակցությունները։

Նկատենք, որ հենց Թրամփի նախագահության օրոք Միացյալ Նահանգները դուրս եկավ Իրանի միջուկային համաձայնագրից ու դարձյալ պատժամիջոցներ սահմանվեցին։ Թեհրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունները հատկապես լարվեցին այն բանից հետո, երբ նախագահ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ 2015-ին կնքած Իրանի եւ համաշխարհային տերությունների հետ միջուկային համաձայնագրից եւ վերսկսեց ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցներն Իրանի նկատմամբ:

2015-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Իրանը կնքել էին միջուկային համաձայնագիր՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որը ներառում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց: Միացյալ Նահանգները՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, 2018թ. մայիսին դուրս եկավ այդ ծրագրից եւ վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։

«Առավելագույն ճնշման Թրամփի արշավը ձախողվեց, մենք Թրամփին խորհուրդ ենք տալիս հաշվի առնել անցյալում իր քաղաքականության ձախողումը», – նկատել էր Իրանի կառավարության խոսնակը։ Ահա, օրերս, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նշել է, որ Արեւմուտքի հետ միջուկային բանակցությունների համար դեռեւս «սահմանափակ հնարավորություն» կա:

Հարկ է նկատել, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից 1 օր անց Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթիմա Մոհաջերանին նշել էր, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի ընտրվելը չի փոխի ԱՄՆ-ի եւ Իրանի քաղաքականությունը: «ԱՄՆ նախագահական ընտրությունները մեզ հետ կապ չունեն։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի ու Իրանի քաղաքականությունն արդեն ֆիքսված է։ Քիչ բան կփոխվի մի նախագահին մյուսով փոխարինելով։ Մեզ չի մտահոգում Թրամփի հաղթանակը։ Մեզ համար 2 թեկնածուի միջեւ տարբերություն չկա»,-ասել էր նա։

Նոյեմբերի 7-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելը ոչինչ չի փոխի եւ որեւէ կերպ չի անդրադառնա Թեհրանի քաղաքականության վրա. «Մեզ համար միեւնույն է, թե ով է հաղթում Միացյալ Նահանգների ընտրություններում, քանի որ մեր երկիրն ու վարչակարգը ապավինում են իրենց ներքին ուժերին»։

Ավելի ուշ, անցյալ շաբաթ արդեն, Մասուդ Փեզեշքիանը ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ բանակցությունների ժամանակ վստահեցրեց, թե Իրանը միջուկային զենք չի ստեղծել եւ չի ստեղծի։ «Մենք պատրաստ ենք համագործակցել ու մերձենալ միջազգային այս կառույցի հետ՝ լուծելու ենթադրյալ խնդիրները եւ փարատելու մեր երկրի խաղաղ միջուկային գործունեության վերաբերյալ կասկածները»,- նշել էր Փեզեշքիանը։

Ավելին, Թեհրանն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին կոչ արեց հրաժարվել Իրանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունից, որը նա վարել է պետության ղեկավարի պաշտոնում առաջին ժամկետի ժամանակ։ Իրանի կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմա Մոհաջերանին մասնավորապես նշել էր. «Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականությունը, որը վարել է Դոնալդ Թրամփը, լիովին ձախողում է կրել: Մենք Թրամփի կառավարությանն առաջարկում ենք վերանայել իր սխալ քաղաքականությունը: Կառավարությունը մշակում է տնտեսական արձագանքման տարբեր ռազմավարություններ եւ ձգտում է լիովին ապահովել ազգային շահերը՝ Իսլամական հեղափոխության բարձր իդեալներին համապատասխան»։

Օրերս Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նկատել է, որ եթե Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհուրդը բանաձեւ ընդունի Իրանի դեմ` կպատասխանեն նոր գործողություններով, որոնք նրանց հաստատ դուր չեն գա։ «Մենք շարունակում ենք հետեւել մեր քաղաքականությանն ու սկզբունքներին եւ հաշվի առնելով մեր շահերը՝ ձեւակերպում ենք մեր նպատակներն ու իդեալները», – ասել է Իրանի ԱԳ նախարարը նոյեմբերի 16-ին՝ պատասխանելով հարցին, թե որն է Իրանի արտաքին գործերի նախարարության մոտեցումը ԱՄՆ նոր վարչակազմին։ «Մեր վարքագիծը ԱՄՆ նոր վարչակազմի նկատմամբ կորոշվի նրանց քաղաքականությամբ։ Մեզ համար կարեւոր է, թե գործնականում ինչ միջոցներ են կիրառելու»,- հավելել էր նա։ «Մենք բացառապես պրոֆեսիոնալ ենք վարվում ՄԱԳԱՏԷ-ի հետ կապված։ ՄԱԳԱՏԷ-ն տեխնիկական կազմակերպություն է, եւ նա պետք է կատարի իր տեխնիկական խնդիրները։ Այն իրավունք չունի միջամտելու քաղաքական դաշտին»,- ասել էր Արաղչին՝ մատնանշելով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի՝ վերջերս Թեհրան կատարած այցը։ «Քանի դեռ գործակալությունը կատարում է իր մասնագիտական պարտականությունները, մենք կշարունակենք համագործակցությունը»,- ընդգծել էր դիվանագետը։ Ի պատասխան միջուկային բանակցությունների վերսկսման հավանականության մասին հարցին՝ նախարարը նշել էր, որ Իրանը պատրաստ է բանակցությունների, եթե մյուս կողմը իրական մտադրություն ցուցաբերի։

Հետաքրքրական էր, որ անցյալ շաբաթ The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին, հայտնեց, թե գործարար Իլոն Մասքը, որը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում համարվում է ամենաազդեցիկ անձը, եւ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին քննարկել են Վաշինգտոնի եւ Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Թերթը վկայակոչել էր իրանական աղբյուրները, որոնք հանդիպումը գնահատել են «դրական»։ Լրատվամիջոցը հայտնել էր, թե հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին, գաղտնի վայրում, եւ տեւել է ավելի քան մեկ ժամ: Սակայն Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին հերքեց այդ տեղեկությունը։ «Այս տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում», – IRNA գործակալության հետ զրույցում նշել էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։

Մեկ այլ ուշագրավ տեղեկություն էլ NBC News-ն էր հայտնել այն մասին, թե ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ հոկտեմբերի կեսին Իրանը շվեյցարացի դիվանագետների միջոցով գրավոր տեղեկություն է ուղարկել, որում ասվել է, թե չի ձգտի սպանել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։ Տեղեկությունը ստացվել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Շվեյցարիայի միջոցով նախազգուշացում էր ուղարկել այն մասին, որ Թրամփի դեմ մահափորձերը դիտարկելու է որպես պատերազմի ակտ, ասել էր պաշտոնյան։

Նկատենք, Շվեյցարիան ներկայացնում է ԱՄՆ դիվանագիտական շահերը Թեհրանում, քանի որ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չկան։ Իսկ հուլիսին Բայդենի վարչակազմը հայտնել էր, որ հետախուզական տվյալներ է ստացել իրանական դավադրության մասին՝ Թրամփի դեմ մահափորձի նպատակով, եւ այդ տեղեկությունը հիմք ընդունելով էլ Գաղտնի ծառայությունը ուժեղացրել էր անվտանգության միջոցները նրա ընտրարշավի ընթացքում։ Վերջերս ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք էր ներկայացրել մի իրանցու՝ Թրամփի դեմ մահափորձի դավադրության մեջ պատվիրված սպանության սխեմայի շրջանակում։

ԱՄՆ-ի ուղղությամբ ուղերձներ հղելուն զուգահեռ Թեհրանը նաեւ Ռուսաստան համագործակցությունը խորացնելով, ձգտում է տարածաշրջանում նշանակալի դեր ստանձնել: Իրանն ու Ռուսաստանը բանակցում են ռուսական ստանդարտ չափիչով երկաթուղու կառուցման շուրջ՝ Ադրբեջանի հետ սահմանին գտնվող իրանական Փարսաբադ քաղաքից մինչեւ Պարսից ծոցի ափին գտնվող իրանական ամենամեծ նավահանգիստ Բանդար Աբասը, հայտարարել է Մոսկվայում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։ «Բացի Ռեշտ-Աստարա երկաթուղային գծից, ռուսները ցանկանում են ներդրումներ կատարել Փարսաբադից մինչեւ Բանդար Աբաս ռուսական ստանդարտ չափիչով երկաթուղու կառուցման մեջ»,- նշել էր Ջալալին Թեհրանում Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպմանը։ Փեզեշքիանն իր հերթին նշել էր, որ «երկաթուղիների ընդլայնումը հյուսիսից հարավ օգուտ է բերում երկրի ժողովրդին ու տնտեսությանը եւ կարող է բավարարել Ռուսաստանի եւ Իրանի տնտեսական կարիքները» եւ կարգադրել է արագացնել Ռեշտ-Աստարա երթուղու կառուցումը։

Իսկ Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, իր հերթին, հույս է հայտնել, որ Իրանը Եվրասիական տնտեսական միության դիտորդ-անդամ կդառնա արդեն դեկտեմբերին:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 20.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930