Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանները չեն կարող ցուցումներ տալ

Նոյեմբեր 21,2024 13:00

Դիմողի գնահատմամբ. «Անձի դիմումի հիման վրա մեկ այլ անձի պատասխանատվության ենթարկելու գաղափարը հակասում է Սահմանադրական դատարանի՝ 2010 թվականի փետրվարի 5-ի թիվ ՍԴՈ-864 որոշմանը»

«Թիմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2024 թվականի օգոստոսի 13-ին Սահմանադրական դատարան էր մուտքագրվել դիմում: Դիմումատուն խնդրել էր. «Մինչեւ 03.03.2021 թվականի խմբագրությամբ գործող «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասին եւ 30-րդ հոդվածի 9-րդ մասին եւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 67-րդ, 124-րդ հոդվածի 3-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները եւ (կամ) օրենսդրական բացը ճանաչել ՀՀ սահմանադրության 4-րդ, 11-րդ, 50-րդ, 59-րդ, 75-րդ, 79-րդ, 80-րդ եւ 86-րդ հոդվածներին (դրույթներին) հակասող եւ մասնակի անվավեր վերոնշյալ իրավական փաստարկների լույսի ներքո»:

Դիմող ընկերությունը վկայակոչելով Սահմանադրական դատարանի՝ 2007 թվականի հունվարի 16-ի ՍԴՈ-673 եւ 2009 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-844 որոշումները, ընդգծել էր, որ «դատարանները չեն կարող ցուցումներ տալ եւ պարտավորեցնել ինքնավար մարմիններին՝ ինքնավարությունից բխող հայեցողական լիազորության կիրառմամբ այս կամ այն որոշումը կայացնելու վերաբերյալ», այլ միայն կարող են արձանագրել շահագրգիռ անձանց իրավունքների խախտման փաստը եւ պարտավորեցնել վերացնել այդ խախտումները՝ առանց դատական իշխանության լիազորությունները սահմանազանցելու: Դիմողը նշել էր, որ դատարանը չէր կարող պարտավորեցնել Հանձնաժողովին արձանագրել «անբարեխիղճ մրցակցության իրավախախտումը», քանի որ դա Հանձնաժողովի բացառիկ լիազորությունն է, իսկ դատարանի կողմից նշվածն անտեսելը խախտում է Հանձնաժողովի՝ որպես ինքնավար մարմնի՝ Սահմանադրությամբ ամրագրված երաշխիքները:

Դիմողը գտնում էր, որ այս վարչական գործը քննած դատարաններն անուղղակիորեն «Թիմ» փակ բաժնետիրական ընկերությանը ենթարկել են վարչական պատասխանատվության, մինչդեռ Վարչական դատարանն անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորությամբ օժտված է բացառապես վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սպառիչ կերպով թվարկված զանցանքների դեպքում:

Ներկայացնելով իրենց վարչական գործի դատավարական նախապատմությունը, դիմումատուն նշել էր. «Դատարանների կողմից անհիմն եւ դիմողի հիմնարար իրավունքների խախտմամբ նախ ոչ շահագրգիռ անձ հանդիսացող (ոչ պատշաճ սուբյեկտի) կողմից ըստ էության վեճի բացակայության պայմաններում ներկայացված պարտավորեցման հայցի հիման վրա հարուցվել է վարչական դատական գործ՝ ինքնավար մարմնին իր բացառիկ լիազորությունների հիմքով այլ անձի նկատմամբ միջամտող վարչական ակտ կայացնելու վերաբերյալ, որը նախ չպետք է պատշաճ հիմք հանդիսանար վարչական դատարանում գործի հարուցման համար, այլեւ հարուցման դեպքում առավելագույնը պետք է քննվեր վիճարկման հայցատեսակի ընթացակարգով: Նշված խախտումները, ի թիվս այլնի, հանգեցրել են նաեւ նրան, որ Հանձնաժողովը ստիպված է լինելու նեղ մասնագիտական, ինչպես նաեւ իր հայեցողական ու բացառիկ լիազորությունը դատական ակտի հիմքով կիրառել դիմողի նկատմամբ՝ առանց վարչական վարույթի պատշաճ իրականացման»: Դիմողը զրկված է լինելու արդյունավետ եւ իրական բողոքարկման հնարավորությունից, քանի որ թիվ ՎԴ/0639/05/21 վարչական գործով դատարաններն արդեն կանխորոշել եւ սահմանափակել են նաեւ այդ հիմնարար իրավունքը, հետեւաբար, սույն գործով դատարանների կողմից կիրառված նորմերին տրված մեկնաբանությունները հակասել եւ խախտել են դիմողի ՀՀ սահմանադրության 2-րդ անմիջական գործող գլխում վերոնշված հոդվածներով ամրագրված հիմնարար իրավունքները:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2020 թվականի դեկտեմբերի 23-ի նիստում, քննարկելով «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության 2020 թվականի հուլիսի 10-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը կարճելու մասին հարցը, 2020 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 393-Ա որոշմամբ որոշել է կարճել «Յուքոմ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը:

ՀՀ վարչական դատարանը, քննության առնելով թիվ ՎԴ/0693/05/21 վարչական գործն ըստ հայցի «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Հանձնաժողովի, երրորդ անձինք՝ «Թիմ» փակ բաժնետիրական ընկերություն, Հայկ Եսայան եւ Ալեքսանդր Եսայան՝ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին, 2023 թվականի մայիսի 11-ին վճռել է «Յուքոմ» ընկերության հայցը բավարարել, նաեւ պարտավորեցնել ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովին «Թիմ» փակ բաժնետիրական ընկերության, Հայկ Եսայանի եւ Ալեքսանդր Եսայանի կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության բաժնետոմսերի ձեռքբերմանն ուղղված գործողությունները որակել որպես «չբացահայտված տեղեկատվության օգտագործմամբ եւ ֆիդուցիար պարտավորությունների խախտման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցություն»՝ անվավեր ճանաչելով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 23.12.2020 թվականի թիվ 393-Ա որոշումը: Վճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացվել Հանձնաժողովի, «Թիմ» ընկերության եւ Հայկ Եսայանի ու Ալեքսանդր Եսայանի ներկայացուցիչների կողմից: Այն Վերաքննիչ վարչական դատարանի կողմից ընդունվել է վարույթ: Վերաքննիչ դատարանը 2024 թվականի հունվարի 29-ին որոշել է. Պատասխանող ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, ինչպես նաեւ երրորդ անձինք «Թիմ» ՓԲ ընկերության, Հայկ եւ Ալեքսանդր Եսայանների ներկայացրած վերաքննիչ բողոքները բավարարել մասնակիորեն՝ թիվ ՎԴ/0693/05/21 վարչական գործով վարչական դատարանի 2023 թվականի մայիսի 11-ին կայացրած վճիռը՝ Եսայանների կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության բաժնետոմսերի ձեռքբերմանն ուղղված գործողությունները որպես չբացահայտված տեղեկատվության օգտագործմամբ եւ ֆիդուցիար պարտավորությունների խախտման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցություն որակելուն պատասխանողին պարտավորեցնելու մասին հայցը բավարարելու եւ դրա հետ կապված դատական ծախսերը բաշխելու մասով, բեկանել:

Վարչական դատարանի 2023 թվականի մայիսի 11-ին կայացրած վճիռը՝ «Թիմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության բաժնետոմսերի ձեռքբերմանն ուղղված գործողությունները որպես չբացահայտված տեղեկատվության օգտագործմամբ եւ ֆիդուցիար պարտավորությունների խախտման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցություն որակելուն պատասխանողին պարտավորեցնելու մասին հայցը բավարարելու եւ դրա հետ կապված դատական ծախսերը բաշխելու բողոքարկված ու չբեկանված մնացած մասով, թողնվել է անփոփոխ: Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ՝ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունվարի 29-ի որոշման դեմ «Թիմ» ընկերության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՍԴ-ում գործով պատասխանողն էր Ազգային ժողովը: Ըստ վերջինի, ինքնավար մարմնի անկախությունը ենթադրում է դրա անկախություն եւ ինքնավարություն իշխանության այլ մարմիններից, այդ թվում՝ որոշումներ կայացնելիս. նշվածը, սակայն, ոչ մի կերպ չի սահմանափակում դատական իշխանության արդարադատության իրականացման բացառիկ իրավասությունը, եւ որ Հանձնաժողովի ինքնավարությունը չի նշանակում, որ նրա որոշումները վերջնական են եւ ենթակա չեն բողոքարկման: Պատասխանողը ընդգծել է, որ քննարկվող վարչական ակտի բարենպաստ լինել կամ չլինելու հարցը նորմի կամ դրան տրված մեկնաբանության սահմանադրականության հարց չի առաջացնում: Դատարանն իր՝ ՍԴԱՈ-171 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը կարճել է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Երեկ ՍԴ-ն հետաձգեց «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի բանավոր քննությունը: Նկատենք, որ սա տարվա երկրորդ բանավոր քննությունն էր (նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի գործից հետո): Զեկուցողը ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանն է: Դիմողը՝ ՀՀ կառավարության ներկայացուցիչը գրավոր հայտնել էր, որ մասնակցում է Նագասակիում առողջապահական համակարգերի սիմպոզիումին, խնդրել էր հետաձգել: Այն նշանակվեց նոյեմբերի 26-ին: Նշեմ, որ այդ օրը նույն ժամին գրավոր ընթացակարգով նշանակված էին երկու՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ եւ «ՄԱՐԿՈՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ դիմումի հիման վրա գործերի քննությունները:

«Առավոտ» օրաթերթ
20.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930