Լրահոս
Օրվա լրահոսը

Պապիկյան. Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության կազմակերպումը վկայում է, որ Ռազմական սպորտի միջազգային խորհրդին անդամակցող 140 երկրների շարքում Հայաստանն ունի իր կայուն տեղը

Նոյեմբեր 21,2024 10:57

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը։

Բացման պարային ներկայացումներից և մասնակից երկրների դրոշների հանդիսավոր շքերթից հետո առաջնության մասնակիցներին, պատվիրակությունների ներկայացուցիչներին և հյուրերին նախ ողջունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնը։

Խորին շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետությանը հյուրընկալության համար՝ գնդապետ Նիլտոնը նշել է, որ այս առաջնությունը ոչ միայն մրցակցության, այլև նվիրվածության, ընկերասիրության և փոխադարձ հարգանքի տոն է: Հաջողություն մաղթելով բոլոր մասնակիցներին՝ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահը նաև հույս է հայտնել, որ առաջնությունը կլինի միմյանց լավ ճանաչելու, փորձի փոխանակման հնարավորություն՝ լի անմոռանալի տպավորություններով:

Հանդես գալով ողջույնի խոսքով և շնորհավորելով առաջնության մեկնարկի կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ սպորտը համախմբում է մարդկանց ազնիվ մրցակցության, արդար պայքարի, բարությանը ծառայող ուժի, գեղեցիկ նպատակներին միտված կամքի, համերաշխության, հանդուրժողականության և խաղաղության գաղափարի շուրջ, իսկ Հայաստանն իր պատվելի տեղն ունի համաշխարհային սպորտում։ Եվ պատահական չէ, որ մեր երկիրն ու նրա մայրաքաղաք Երևանը երբեք չեն հեռանում մարզական ավանդույթներից:

«Համոզվելու համար բավական է հիշել վերջին մի քանի տարիներին Հայաստանում կազմակերպված սպորտային մեծ իրադարձությունները՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը 2022 թվականին, ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը 2023-ին, իսկ 2027-ին ծանրամարտի աշխարհի առաջնության սպորտային մեծ տոնակատարությունը նույնպես տեղի կունենա Հայաստանում»:

Անդրադարձ կատարելով Հայաստանի սպորտային նվաճումներին՝ նախարարը նշել է, որ միայն այս տարի օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում տարբեր տարիքային խմբերի մեր մարզիկները նվաճել են 334 մեդալ։ Հայաստանի պես փոքր երկիրն ունի նաև 14 օլիմպիական չեմպիոն:

«Մենք անչափ կարևորում ենք Հայաստանի անդամակցությունը խոշորագույն ռազմամարզական կազմակերպությանը՝ Ռազմական սպորտի միջազգային խորհրդին, և հետզհետե ակտիվացնում ենք մեր գործունեությունը կազմակերպության շրջանակում: Եթե նախկինում ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները մշտապես հյուրընկալվել են այլ պետությունների կողմից, ապա 2019-ից պատկերը փոխվել է. Հայաստանում կազմակերպված ՌՍՄԽ Եվրոպական համաժողովը հյուընկալող երկիր դառնալու մեր առաջին փորձն էր: Իսկ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության կազմակերպումը վկայում է, որ Ռազմական սպորտի միջազգային խորհրդին անդամակցող 140 երկրների շարքում Հայաստանն ունի իր կայուն տեղը: Մենք նախանձախնդիր ենք, որ ընդլայնվի կազմակերպությանն անդամակցող երկրների շարքը, որ ռազմական սպորտը համախմբի նոր ուժեր: Ու ջանադրաբար աշխատում ենք այդ ուղղությամբ»:

Ըստ նախարար Պապիկյանի՝ Հայաստանի համար շատ կարևոր է, որ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գերնպատակն աշխարհում խաղաղություն սփռելն է: Հայաստանը խաղաղության ջատագով է ու խրախուսում է տարբեր երկրների զինվորներին մարզական միջոցառումների շնորհիվ իրար մոտեցնելու և համախմբելու ազնիվ ու առինքնող ջանքերը:

Միջոցառման հանդիսավոր բացմանն էլ հաջորդել են առաջնության մասնակից տարբեր քաշային կարգերի ըմբշամարտիկների եզրափակիչ գոտեմարտերը, որոնց արդյունքների հիման վրա էլ պարգևատրվել են ուժեղագույնները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930